ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել գործարար, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԴԿ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին: Մասնավորապես, նրանից հետաքրքրվել ենք, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո Արցախ չի այցելել, եւ հակամարտության լուծման մասով ինչ առաջարկ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես է տեսնում հարցի լուծումը:

 

-Պարո՛ն Արզաքանցյան, 44-օրյա պատերազմից հետո ինչո՞ւ Արցախ չեք այցելում:

-Ես չգիտեմ՝ ինչ ձեւի պետք է ցավ ապրեմ հիմա այնտեղ այցելելուց: Հիմա աշխատանքներ այնտեղ կատարվում են մեր հողատարածքների վրա՝ գյուղատնտեսական տարածքների: Ես այնտեղ գրեթե 47 հեկտար տարածք եմ կորցրել, որը ես ձեռք էի բերել, այլ ոչ թե տվել էին:

-Ե՞րբ էիք ձեռք բերել:

-12 տարի առաջ: Միլիոն դոլար գրեթե տվեցի էտ շրջանակներն էր, ես գնեցի այդ ընկերությունը՝ իր հողատարածքներով, խաղողի այգիներով: Նատալյան այնտեղ 5 հազար ծառ է տնկել, ես իրեն տարածքն եմ հատկացրել 17 հեկտարի վրա:

-Իսկ հետաքրքիր է՝ Դուք վարչապետի հետ Արցախի լուծման մասով խոսե՞լ եք:  Արցախի ապագան ի՞նչ է լինելու:

-Հենց իմ առաջին երկու հարցը, որ դրել ենք քննարկման, Արցախին էին վերաբերում: Վարչապետն ասել է, որ մենք հիմա այդ բոլոր խնդիրներով զբաղվում ու քննարկում ենք, տանում ենք ուղղությունը Մինսկի խումբ, որ կարողանանք ամերիկացիների, ֆրանսիացիների ու ռուսների հետ լուծում գտնենք:

-Այսինքն՝ հարցի լուծումը տեսնում եք միայն Մինսկի խմբի ձեւաչափո՞վ:

-Այո, միայն այդ շրջանակում կարող ես նայել դրա բարելավումը: Միայն ՌԴ-ն քիչ է, որովհետեւ իրենք իրենց տնտեսական շահերն ունեն, մենք նայում ենք, հո կույր չե՞նք: Թուրքիայի հետ աշխատում է, ադրբեջանցիների հետ չեն ուզում հարաբերություններ փչացնել մեր պատճառով, բայց եթե ՌԴ-ն պետք է սահմանները պաշտպանի, ապա դա պետք է ձեւական չլինի:

-Արցախի ապագա կարգավիճակի ո՞ր տարբերակն է  Ձեզ համար անընդունելի:

-Անընդունելի է, որ լինի Ադրբեջանի կազմի մեջ: Եթե միացվի Հայաստանին, ապա ավելի լավ կլինի:

-Հիմա ադրբեջանական կողմը սկսել է իրանական համարներով ավտոմեքենաները կանգնեցնել եւ հարկեր վերցնել: Ի՞նչ պետք է անենք մենք:

-Դե դա արդեն անօրինական է, քանի որ սուվերեն պետության մեջ իրավունք չունես մտնես ու հարկ հավաքես: Եվ պետք է ոչ թե խոսես միայն, թե ինչ անես, այլ դիվանագիտական լուրջ աշխատանքներ պետք է տարվեն հենց ՌԴ-ի հետ, թե ոնց եղավ, քանի որ այդ տարածքը տվեցինք, որ սահմանապահներով կանգնեն, բայց ոչ թե գան, հարկ հավաքեն: Ես չգիտեմ՝ այս ժողովուրդն ինչի մասին է մտածում: Մենք խոսում ենք Հայաստանի, հայ լինելու, հայրենիքը սիրելու մասին, բայց ո՞ւր  է այդ սերը. հարսանիքներում լավ քեֆ անել ու երաժշտություն լսելով չէ: Մենք էլ կարող ենք մասնակցել, բայց կարող ենք լինել հայրենասեր ու մտածել, թե որ ուժերի հետ ենք, որ ուժերին ենք պաշտպանում, որ ուժերի հետ ենք հույս կապում, որ վաղը թուրքը մեր տունը չհայտնվի, չնայած արդեն հայտնվել է մի քանի համայնքներում ու նստել այնտեղ: Ունենք տարածքներ, որ 2 կմ հեռու է, ու մենք ունենք գլխավոր խնդիր՝ մեր անվտանգտությունը, որ ինչպես պաշտպանենք մեր ժողովրդին, լինենք պաշտպանված, եւ մեր Սփյուռքի հայությունն էլ պետք է մտածի,  այլ ոչ թե միայն գա ու ասի, որ այսքան գումար են հավաքել: Ես էլ կարող էի մնալ ՌԴ, լավ ստեղծել էի ամեն ինչ երիտասարդ հասակում, բայց եթե ես մտածում եմ  իմ երկրի մասին, պետք է լինեմ իմ երկրում, թող բոլորը լսեն, ունեն իրենք մեծ փորձ տարբեր ոլորտներում: Վերադարձե՛ք, եկե՛ք իրար հետ մեր Հայաստանը կարողանանք պաշտպանել ու զարգացնել: Այսօր մեր Հայաստանը մեր բոլորի կարիքն է զգում, քաղաքական կողմը դրեք այն կողմ, եթե հայրենասեր եք, եկե՛ք Հայաստանում ձեր գործունեությունը ծավալեք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՀԱՅՀՈՅԱՆՔԻ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿՈՂՄՆԱԿԱԼ Է ԼԻՆԵԼՈՒ

Արդեն ուժի մեջ է մտել հայհոյանքի քրեականացման` իշխանական խմբակցության ընդունած օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ փոփոխությունների՝ անձին հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում կիրառվելու է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):

 

Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ):

Նույն արարքը, որը կատարվել է միeuնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ), կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Այս փոփոխությունները մեկ օրում երկու արտահերթ նիստով «Իմ քայլը» խմբակցությունը կատարել է 7-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտման վերջին օրը:

Նշվում է նաեւ, որ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

Նախագծի առնչությամբ մտահոգություններ ունի «Հայաստան» խմբակցությունը: Պատգամավոր Արամ Վարդեւանյանը նշում է. «Առնվազն վերջին շրջանում այս իշխանությունների վարքագիծը տրամաբանության, ողջամտության եւ առավել եւս իրավունքի գերակայության տեսանկյունից դիտարկել հնարավոր չէ, հետեւաբար սա եւս բացառություն չէ: Այն նաեւ սահմանադրականության խնդիր է առաջացնում՝ մի քանի ռակուրսներով դիտարկելով: Ստացվում է՝ քաղաքացիաիրավական ներգործության մեխանիզմը դեռ կա, եւ կարելի է ասել՝ կոնկրետ թվային սահմանափակում ունի՝ տարբեր վիրավորանքների, այդ թվում՝ հայհոյանքի պարագայում, բայց քրեաիրավական ներգործության տուգանքի չափն ավելի նվազ է. սա աբսուրդ է: Չի կարող մի արարքի համար քաղաքացիաիրավական ներգործությունն ավելի խիստ լինել, քան քրեաիրավականը:

Սա հենց ցույց է տալիս, որ այս նախաձեռնությունն անհասկանալի նպատակ է հետապնդում, ինձ թվում է՝ քաղաքական հակառակորդներին կամ ընդդիմախոսներին, ակտիվիստներին, որոնք կփորձեն իրենց խոսքում շատ կոշտ լինել, լռեցնելու, վախեցնելու, ահաբեկելու միջոց է լինելու: Կարծում եմ՝ այս հարցը վաղ թե ուշ ՍԴ-ում հայտնվելու է:

Կարող եմ տեղեկացնել, որ «Հայաստան» խմբակցության օրակարգում այս հարցը կա՝ մանրամասն ուսումնասիրելու տեսանկյունից: Ես այն կարծիքին եմ, որ իրավակիրառական պրակտիկայում այս հոդվածի մեկնաբանությունը, հենց նույնիսկ առաջին ենթադրյալ դեպքը երբ լինի, արդեն իսկ թույլ է տալու պնդել, որ սա հակասահմանադրական տարրեր է պարունակում»:

Ն.Պ.

 

 

ՓՈՔՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԽՈՍՈՒՄ ՎԱԶԳԵՆԻ ՄԱՍԻՆ

«Խաչատուր Սուքիասյանը շատ փոքր մարդ է, որ Վազգեն Սարգսյանին քննադատի»,- Եռաբլուրում լրարգողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին՝ կապված Վազգեն Սարգսյանի վերաբերյալ Խաչատուր Սուքիասյանի գնահատականներին։ «Մարդ պետք է իր անցած ուղին, ճանապարհը՝ արցախյան առաջին ազատամարտից մինչ այսօր, մի հատ հետհայացք գցի, նոր Վազգեն Սարգսյանին… Վազգեն Սարգսյանը այն մարդն էր, ով կարողացավ ազատագրել 8000 քմ տարածք, մենք ազգովի, բայց այն ժամանակ ինքը մեզ տարավ»,- ասաց նա եւ ներկայացրեց Վազգեն Սարգսյանի դերը արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ «Նման կարգի մարդիկ շատ փոքր են, որ Վազգեն Սարգսյանին քննադատեն։ Մենք երբեք մեր հույսը չենք կտրել,  նորից եմ ասում, մենք նորից հետ կդառնանք այն տեղերը, որտեղ մեր տղերքը նահատակվեցին, քանի որ դա մեզ համար սրբավայր է»,-ասաց նա։

 

ՄԽՐՃՎՈՒՄ Է

«Այսօր դժվար է խոսել լիակատար անկախության մասին, որովհետեւ ինքնիշխանությունը առաջին  հերթին արտահայտվում է նրանով, որ ունես տարածք, բնակչություն, տնտեսություն եւ դու այդ սահմանի տերն ես»,- երեկ Եռաբլուրում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին՝ որքանով ենք այսօր անկախ։ «Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, շատ տեղեր սադրանքներ են կազմակերպում, իրենց լկտի են պահում, մեր տարածքներից դուրս չեն գալիս, խոսել լիակատար ինքնիշխանության մասին շատ դժվար է»,- ասաց նա եւ նշեց, որ, ի վերջո, պետք է հասկանանք՝ հայ ազգի համար դյուրին իրավիճակներ չեն եղել, միշտ էլ դժվար է եղել։ «Այս իշխանությունը մեր երկիրը օր օրի տանում է անկման, պատերազմից հետո մեր հակառակորդը օրըստօրե մխրճվում է մեր սահմանները»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված առաջարկին, Օհանյանն ասաց. «Ես գտնում եմ, որ մենք հիմա չունենք այն պայմանները, որ կարող ենք Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահի հետ գնալ հանդիպումների, քանի որ նրանց հետ հանդիպումների գնալու միակ նախապայմանը խաղաղությունն է, որ հակամարտող պետությունները դառնան հարեւան պետություններ. մենք դեռեւս հարեւան պետություններ չենք»,- ասաց նա։

 




Լրահոս