Ազգային Ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանի սկանդալային հայտարարությանը հետեւեց Վճռաբեկ դատարանի անհաջող հայտարարությունը, որը կարելի է նաեւ ինքնախոստովանական ցուցմունք համարել: Ինչո՞ւ, բացատրենք. պատգամավորը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի եւ քրեական պալատի նախագահ Դ.Ավետիսյանի կողմից ճնշում է գործադրվում դատարանների վրա: Սակայն Մկրտումյանը պատասխանել է, թե դատարանը մեղմ պատիժ էր սահմանել ավտովթարի արդյունքում պատգամավորի հորը մահ պատճառած անձին եւ մասնակի էր բավարարել վնասների հատուցման վերաբերյալ պահանջը, դրա համար պատգամավորը ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ: Այսինքն` պատգամավորը հստակ նշել է դատարանի վրա ճնշում գործադրող կոնկրետ անձանց անուններ եւ չի ասել, որ վերաքննիչ բողոքը քննող քրեական վերաքննիչ դատարանի դատավորները կողմնակալ են կամ անաչառ չեն: Նման մեղադրանք կարծես թե չկար նաեւ դատավճիռ կայացրած դատավորի նկատմամբ: Սակայն, չգիտես ինչու, անձամբ պատգամավորին պատասխանելու կամ իրենց սիրած պատվի, արժանապատվության պաշտպանության, կամ վիրավորանքի, զրպարտության հիմքով քաղաքացիական հայց հարուցելու փոխարեն հաղորդագրություն է տարածվում Վճռաբեկ դատարանի կողմից այն դեպքում, երբ այդ նույն դատարանում գործ չի քննվում:Ուղղակի, սովորության համաձայն, այս մարդիկ դատական համակարգը նույնացնում են իրենց անձի հետ, որը շատ ավելի վտանգավոր է, քան կարելի է պատկերացնել: Հաղորդագրությունից հասկացվում է, որ փիառի հիմնական ուղղությունն այն է, որ «անկուշտ» պատգամավորը 600 միլիոն ՀՀ դրամի բարոյական վնաս է ուզում «խեղճ» անչափահասից, իսկ իրենք դա թույլ չեն տվել: Չմոռանանք նշել, որ Հայաստանում որեւէ մեկը բարոյական վնասի գումար դատական կարգով դեռեւս չի ստացել: Իրավաբաններն ասում են, որ Հայաստանում բարոյական վնասի ինստիտուտ չկա: Դե իհարկե, բարոյականության բացակայության պայմաններում ի՞նչ վնասի մասին է խոսքը:Ինչեւէ, այս իրավիճակը եւս մեկ անգամ վկայում է այն իրողությունը, որ բոլոր հարցազրույց տված դատավորները ճիշտ էին, երբ հայտարարեցին, որ դատավճիռները կայացնում են «շեֆ ջանի» թելադրանքով, եւ այս գործը չէր կարող բացառություն լինել: Դրա համար էլ արդարադատությանը միջամտելու մեղադրանքն իրենցից հեռու տանելու համար Մկրտումյանն անհաջող փորձեր է կատարում: Ի դեպ, նման փորձ արվեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտնի հայտարարությանը տված անհասկանալի պատասխաններով: ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ