Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամսվա վերջին կայանալիք հանդիպմանն ընդառաջ պաշտոնական Անկարան հայտարարում է, որ չի ճանաչում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները։
«Ղրիմում Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, Թուրքիայի համար որեւէ իրավական ուժ չունեն», – ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։ Անկարան նաեւ հերթական անգամ շեշտել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական է համարում Ղրիմի բռնակցումը։ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ առկա քաղաքական տարաձայնությունները, սակայն, որոշ առումով փոխհատուցվում են խորացող տնտեսական համագործակցությամբ։
Երկու երկրների միջեւ համագործակցությունը առաջիկա օրերին Ռուսաստանում քննարկելու են նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը։ Երեկ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան՝ հավելելով, թե սպասվող բանակցությունների օրակարգում կլինեն երկկողմ շատ հարցեր, ինչպես նաեւ Սիրիան եւ տարածաշրջանային այլ հակամարտություններ։ Օգոստոսի վերջին Էրդողանը հայտարարել էր նաեւ, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել S-400 (C-400) զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը գնելու հարցը։
Մյուս կողմից՝ Թուրքիայի նախագահն օրեր առաջ հետաքրքիր հայտարարություն էր արել Հայաստանի մասով: Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի վեհաժողովին մեկնելուց առաջ տարակուսանք էր հայտնել, որ, մի կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում Նախիջեւանի միջանցքի հարցը, մյուս կողմից՝ հանդիպելու ցանկություն հայտնում, ապա կրկին խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին՝ պնդելով, որ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի։
Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը նշում է՝ Հայաստանը կարեւորում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունների իրագործումը, այդ թվում՝ կոմունիկացիաների բացումը՝ ավելացնելով սակայն, որ «որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է եւ ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է եւ հակասում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը»։
«Միջանցքների մասին խոսակցությունը ոչ միայն նպատակ ունի մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները եւ ժողովուրդներին, այլեւ այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է, եւ հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ», – հայտնել է Գեւորգյանը:
Առանց կոնկրետ օրինակներ նշելու, վարչապետի խոսնակը ասում է, որ գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը:
Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանին հանդիպման առաջարկ անելուն, Գեւորգյանը հայտնել է, որ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ, եւ Փաշինյանը միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում, սակայն դեռեւս որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։
Ն.Հ.
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երեւանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ շնորհավորել նրան ՀՀ անկախության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումներին, միջազգային կարգավիճակի հստակեցմանը, ինչպես նաեւ դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր:
Ո՞Ր ԱՐԺԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի 3-րդ Հանրապետության 30-ամյակի առթիվ մեդալ է շնորհվել նաեւ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրսյանին: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ նա պարգեւատրվել է «Երախտագիտության» մեդալով: Արմեն Մարտիրոսյանը, հիշեցնենք, 2020-ի դեկտեմբերի 21-ի Facebook-ի իր էջում աղմկահարույց գրառում էր կատարել՝ հայտարարելով, թե 26 տարի շարունակ հայկական կողմը «օկուպացրել» է Արցախի որոշ շրջաններ: «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է՝ գնացե՛ք։ Ասում են՝ հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ։ Էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ, Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ, ու եթե ասեք՝ գնա, պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա Ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»,- մասնավորապես գրել էր նա: Նշենք նաեւ, որ Մարտիրսյանը կարճ ժամանակ անց վերոնշյալ գրառումը ջնջել էր իր էջից:
ԱԱԾ ԴԱՇՏ
«Գորիս-Կապան ճանապարհը մե՞զ է պատկանում»,- ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պատասխանը ուղղեց ԱԱԾ դաշտ: «ԱԱԾ-ն հանդես է եկել այդ առնչությամբ հայտարարությամբ՝ ճանապարհի առումով: Գլխավոր շտաբը մեկնաբանություն չունի»,- ասաց Արտակ Դավթյանը: Լրագրողի մյուս հարցին, թե հասարակ քաղաքացիներն են այդ ճանապարհով երթեւեկում, պաշտոնյաներն այդ ճանապարհով չեն երթեւեկում, ինչպես պիտի իրականացվի անվտանգությունը, Դավթյանը պատասխանեց. «Ես երթեւեկում եմ այդ ճանապարհով»: Ապա լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք անվտանգ էր այն, ասաց. «Նորմալ, նորմալ անցել է: Եթե գնացել-եկել եմ, ուրեմն…»: Անվտանգային հարցերն այլ հասցեատերերին ուղղորդելու քայլերը Արտակ Դավթյանը մեկնաբանեց երկրի անվտանգային հարցերի՝ տարբեր գերատեսչությունների լիազորությունների շրջանակում լինելով: Հարցին, թե ինչ է անում ԳՇ-ն, ասաց. «Անվտանգությունն ենք ապահովում»:
ԱՓՍՈՍՈՒՄ Է
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները չճանաչելու հանգամանքին. այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նշել է, որ Կրեմլը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները, եւ հույս ունի, որ թերակղզու նկատմամբ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումը կփոխվի։ «Մենք չենք ընդունում նման հայտարարությունները եւ այդ մասին բացահայտ խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ։ Ղրիմի թեման այն թեման է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են։ Մենք ափսոսում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար, սակայն մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում Թուրքիան քաղաքական կամք կցուցաբերի եւ տուրք տալով ճշմարտությանն ու իրերի իրական իրավիճակին՝ կփոխի այս դիրքորոշումը»,- նշել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը հավելել է նաեւ, որ չնայած էական հարցերի առկայությանը, որոնց շուրջ տարաձայնություններ կան, չպետք է դրանք խոչընդոտ հանդիսանան մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ երկկողմ հարաբերությունների եւ փոխգործակցության ողջ շրջանակի զարգացման համար:
ԶՐՈՒՑԵԼ ԵՆ
ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Թերեփ Թայիփ Էրդողանը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում եւ տեւել է 40 րոպե։ Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։ Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են նաեւ արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, կուլտուրայի ու տուրիզմի նախարար Նուրի Էրսոյը, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առեւտրի նախարար Մեհմետ Մուշը եւ ԱԶԿ փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։ Էրդողանը սեպտեմբերի 19-ին մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սմբատ Վոլոդյայի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդյայի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»: