Սեպտեմբերի 18-ին, երեկոյան ժամը տասին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Իսահակյան փողոցի ռեստորանից գողացել են բջջային հեռախոս: Ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր որոշ հանգամանքներ։ Ռեստորանի բացօթյա հատվածում տեղադրված սեղանի վրայից անհայտ մեկը վերցրել էր թանկարժեք բջջայինն ու փախել։ Սեղանակիցները հետապնդել էին, բայց՝ անարդյունք։ Փախչողի արտաքին նկարագիրն էլ շատ բան չէր հուշում։
Կենտրոնականի քրեական հետախույզներին մնում էր կողոպուտը բացահայտել օպերատիվ միջոցներով։ Դեպքից երկու օր անց նրանց հաջողվեց պարզել, որ հեռախոսը բացահայտ հափշտակել էր Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ: Սեպտեմբերի 20-ին նա հայտնաբերվեց մայրաքաղաքի Ամիրյան ու Նալբանդյան փողոցների խաչմերուկում և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են: