44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի մեկ տարվան ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերթը  հարցազրույցների շարք է սկսում։ Զրուցելու ենք ռազմական, քաղաքական գործիչների, զինծառայողների, բժիշկների ու պատերազմի հետ առնչություն ունեցած այլ անձանց հետ։

 

Մեր առաջին զրուցակիցը ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն է։ ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ պատերազմից հետո դասեր չենք քաղել, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին պետք է ուշադիր լինել։

-Պարո՛ն Հակոբյան, արցախյան 44-օրյա պատերազմից անցել է գրեթե մեկ տարի: Սեպտեմբերի 27-ի առավոտը Ձեզ համար ինչպե՞ս բացվեց, եւ Դուք ինչպե՞ս տեղեկացաք, որ հակառակորդը հարձակում է սկսել:

-Տեղեկությունը ստացել եմ համացանցից, ներկայացել եմ միանգամից շտաբ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Մի քանի ժամ մնացել եմ այնտեղ, ապա մեկնել Արցախ, եղել եմ այնտեղ, ժամանակին ընդհատվել է այնտեղ իմ գտնվելը՝ ռազմաքաղաքական որոշման հետեւանքով:

-Դուք ասացիք, որ ընդհատվել է, այդ հանգամանքը շատ քննարկվեց եւ քննադատվեց: Հետհայացք գցելով՝ ի՞նչ էր դա:

-Ինձ համար դա առաջին հերթին վիրավորական էր, քանի որ փորձում էի իմ գիտելիքները, իմ փորձը օգտագործել՝ օգնելու ղեկավար կազմին ու հրամանատարությանը: Մինչեւ հիմա որեւէ մեկը բացատրություն չի տվել, թե ինչ պատճառով ինձ այնտեղից հանեցին. հուսով եմ՝ դրա ժամանակն էլ կգա:

-Պարո՛ն Հակոբյան, ո՞րն էր ամենաառաջին անհանգստացնող հանգամանքը, որ տեսաք առաջին պահերին:

-Ես դրան բոլորին անդրադարձել եմ իմ ասուլիսի ժամանակ՝ նոյեմբերին, կրկնել չեմ ուզում, բայց հիմնականում այն էր, որ պետության խաղաղ պայմաններից պատերազմական վիճակի բերելը կատարվել է որոշակի թերություններով, եւ որն էլ բերել է այդպիսի ոչ նպաստավոր իրավիճակի:

-Դուք դա ասում եք՝ նաեւ հաշվի առնելով, թե ինչ սխալներ են եղել պատերազմը վարելու ընթացքում:

-Ինքը նաեւ նախապատրաստման, երկրի, պետության, բանակի նախապատրաստմանը, նաեւ պատերազմի ընթացքում երկրի ու բանակի ղեկավարման մասով:

-Շատ էր խոսվում, որ մեր խնդիրն Արցախի օդը փակելն էր: Հիմա Հայաստանի օդը փա՞կ է: Ի՞նչ գնահատական կտաք:

-Ես ամբողջովին չեմ տիրապետում հիմա իրավիճակին եւ չեմ կարող գնահատական տալ: Կարծում եմ՝ որոշակի աշխատանք կատարված կլինի, քանի որ մենք ունենք հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, եւ որոշակի պաշռպանվածություն այս առումով երեւի կատարված կլինի:

-Կրկին  հետհայացք գցելով՝ կասե՞ք մի քանի քայլեր, որոնք եթե արվեին, պատերազմի ընթացքը այլ կլիներ:

-Այսօր հեշտ է հետին թվով խոսելը, քանի որ կան արդյունքներ ու բացթողումներ, եւ այսօր դրա մասին խոսելը հեշտ է: Բայց դրանք սուբյեկտիվ կարծիքներ են, բայց դրա մասին խոսելը նաեւ անիմաստ է, այդ մասին պետք է հետեւություններ արվեին, եւ կատարվեին հենց պատերազմի ժամանակ: Այսօր որեւէ մեկին մեղավոր ճանաչելը չպետք է ինքնանպատակ լինի: Մեր ողնաշարը ջարդվել է, մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, որը կոչվում է  Արցախի Հանրապետություն, եւ այստեղից մենք պետք է իրավիճակը ճիշտ գնահատենք եւ ճիշտ հետեւություններ անենք, որ այդպիսի իրավիճակ չունենանք:

-Այդ դասերը քաղվե՞լ են:

-Ըստ ինձ՝ դեռեւս ոչ: Ես մեկ օրինակ եմ ուզում բերել, որ ռազմաքաղաքական ղեկավարությունն ուշադիր լինի Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին: Պատերազմի ժամանակ Ալիեւի հայտարարությունները չլսեցին, հետեւություններ չարեցին, եւ կարծում եմ՝ հիմա էլ ճիշտ գնահատական չենք տալիս եւ ջայլամի նման մեր գլուխը կախել ենք: Այսօր այդ վտանգը դեռ կա, եւ Ադրբեջանը քայլ առ քայլ նոր հաջողություններ է գրանցում:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԹՈՂԱԾ ԴԱՏԱՎՈՐԸ

Երեկ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ պարգեւներ ստացան դատական համակարգի ներկայացուցիչները: Մասնավորապես, պարգեւ ստացավ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վճռաբեկ դատարանը գործի է անցել եւ իր որոշումներով ցույց է տալիս, որ հավատարիմ է իշխանություններին եւ պատրաստ է նրանց քիմքին հաճո որոշումներ կայացնել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատի հավաքները սկսվում են իշխանությունների, հատկապես՝ վարչապետի մասին գովեստի խոսքերով: Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը կայացրել է բազմաթիվ որոշումներ, որով դատարկ տաշտակի առաջ չի թողել ՀՀ գլխավոր դատախազությանը եւ բավարարել է ՀՀ իշխանությունների ցանկությունները: Եվ դա ամենեւին էլ պատահական չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրը՝ Լիլիթ Թադեւոսյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ջանքերով եւ իր առանձնասենյակում հաճախ շփվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի հետ։

Եվ քաղաքական պաշտոնյայի ցուցումներով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնի գործերով մեկը մյուսի հետեւից կալանավորումների որոշումներ են կայացվում։ Դրանցից մեկը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին կառավարության, Ազգային ժողովի շենքեր ներխուժելու դեպքերին, որից հետո, 2021թ. ապրիլի 2-ի որոշմամբ, Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվեց, իսկ արդեն ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը բավարարեց արդեն Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը եւ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, կալանավորեց: Սա իշխանությունները համարում են իրենց հաղթանակը։

ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ պարգեւներ ստացան նաեւ  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, որի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման դեմ պաշտպանների բողոքը մերժվեց, եւ Մանվել Գրիգորյանը մնաց կալանքի տակ:

Ք.Մ.

 

 

ՈՒՂԵՐՁ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Անկախ պետությունը մեր անձնական արժանապատվության ու ինքնության գլխավոր երաշխավորն է, ուր էլ լինենք: Չպետք է թույլ տանք, որ դժվար օրերը մեր մեջ սերմանեն հուսահատության ու անճարության, պայքարի անկարողության կործանարար զգացումը: Պետությունն է մարդու իրավունքների իրական պաշտպանողն ու աջակցողը, իսկ այն զարգացնել կարող են միայն մարդիկ, որոնք ունեն գիտելիք ու հստակ պատկերացում իրենց քաղաքացիական առաքելության մասին, հասկանում են պետականության արժեքը: Անհրաժեշտ է դասեր քաղել անցյալի բացթողումներից, եւ առաջ շարժվենք մեր ուժերի նկատմամբ հավատով, մեր երեխաների նկատմամբ պատասխանատվությամբ: Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայերենիքի, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանք զոհած հերոսների հիշատակին: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ»:

 

 

ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել, որում ասվում է. «Այսօր լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք այս նշանակալի օրը։ Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց եւ հազարավոր ճակատագրերի խեղվելուց հետո։ Հայաստանի՝ իբրեւ անկախ պետության կայացումը անքակտելիորեն կապված էր արցախյան մեր հաղթանակի հետ, սնուցվում էր այդ հերոսական հաղթանակով, որը հայկական ինքնության մաս էր դարձել։ Ընդամենը մեկ տարի առաջ մենք հպարտանում էինք մեր զինված ուժերով եւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության էական գործոն էինք: Սակայն այսօր մենք ոչ միայն դադարել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, այլ նաեւ ի վիճակի չենք պաշտպանել սեփական ինքնիշխանությունը եւ մեր քաղաքացիներին։ Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին, եւ ինչը երկրին ուժ եւ աշխարհաքաղաքական արժեք էր տալիս։ Պետությունները կառուցվում են ազգային վերելքի շնորհիվ եւ հենվում ազգային միասնության վրա։ Պարտությունը եւ դա խորհրդանշող իշխանությունները չեն կարող ներշնչանքի եւ արարման աղբյուր լինել։ Այսօր շնորհավորելով Անկախության տոնը՝ ուզում եմ հույս եւ վստահություն հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ։ Ուժեղ եւ ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա»։




Լրահոս