ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԹՎԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը որոշել է հետզհետե սահմանափակել եկամտահարկի վերադարձի մեխանիզմով Երեւանում բնակարան ձեռք բերելու հնարավորությունը։ Կառավարությունն այս որոշումը հիմնավորել է բյուջեից հետզհետե ավելի մեծ ծավալով եկամտահարկ քաղաքացիներին վերադարձնելու եւ Երեւանի Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններում բազմաբնակարան նորակառույց շենքերի ծանրաբեռնվածության հանգամանքներով։

 

Կառուցապատողից ձեռք բերված բնակարանի դեպքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարն աշխատող քաղաքացու վճարած եկամտահարկի չափով հետ վերադարձնելու օրենքն ուժի մեջ մտավ 2015-ի հունվարին, իսկ կարգը վերջնականացվեց փետրվարին։

Ըստ ընթացակարգի՝ նորակառույց շենքից հիփոթեքով բնակարան ձեռք բերած քաղաքացին եռամսյակը մեկ իր կողմից վճարած վարկային տոկոսների ու ունեցած եկամտահարկի մասին տեղեկությունը դիմումի տեսքով ներկայացնում է հարկային մարմին, որից հետո եռամսյակի ընթացքում կուտակված եկամտահարկը հետ է վերադարձվում գնորդին։

Այս նախաձեռնությունը կառավարությանն էր, որի ղեկավարն այն ժամանակ Հովիկ Աբրահամյանն էր։ Այս օրենքի կիրառմամբ կառավարությունն ակնկալում էր վերակենդանացնել 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո անկման մեջ գտնվող կապիտալ շինարարությունը։ 2021թ.  օգոստոսի 12-ին կառավարությունը հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով Երեւանում եկամտահարկի վերադարձով բնակարանի գնման մեխանիզմը մաս-մաս սահմանափակվում է ու 2025 թվականին առհասարակ վերանում։ Ըստ նախագծի՝ Երեւանի Փոքր կենտրոնից գնված բնակարանի համար եկամտահարկի վերադարձի կարգավորումն այլեւս չի աշխատի 2022 թ. հուլիսից, Կենտրոնի ու Արաբկիրի մնացած հատվածների համար՝ 2023 թ. հունվարի 1-ից, նույն տարվա հուլիսից՝ Քանաքեռ-Զեյթունի ու Էրեբունու համար, իսկ 2025 թ. հունվարի 1-ից ծրագիրը «կփակվի» ամբողջ Երեւանում։ Օրենքի նախագծի հիմնավորումներում նշվում է. «Եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են եւ յուրաքանչյուր տարի աճում են, արդյունքում մեծ բեռ են պետական բյուջեի վրա»։ Կառավարությունը ծրագիրը հետզհետե փակելու իր որոշումը հիմնավորել է նաեւ այն հանգամանքով, որ շինարարությունն արտահանելի ճյուղ չէ, հետեւաբար քաղաքացիներին վերադարձվող գումարներն ավելի ճիշտ կլինի օգտագործել ավելի հեռանկարային տնտեսական ճյուղերի վրա, նաեւ այդ գումարներն օգտագործել հանրային ծառայությունների մատուցման կատարելագործման վրա։ Երրորդ նպատակը ծրագրի դադարեցմամբ շինարարությունը Երեւանից մարզեր տեղափոխելն ու համաչափ տարածքային զարգացում ապահովելն է։

ՊԵԿ-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ 2015-2020 թվականներին ծրագրից շահառուների թիվը 560-ից հասել է ավելի քան 12,000-ի։ Ըստ տարիների՝ շահառուների թիվն այսպիսի կառուցվածք ունի.

2015-2020 թվականներին եկամտահարկի վերադարձի ծավալներն ընդհանուր վերցրած կազմել են մոտ 30 միլիարդ դրամ, մինչդեռ կառուցապատողների կողմից վճարված մուտքերը՝ հարկային ու մաքսային, հասնում են մոտ 82 միլիարդ դրամի։ Իսկ միայն այս տարվա առաջին կիսամյակում կառուցապատողների կողմից արդեն եղել են մոտ 11 միլիարդ դրամի մուտքեր։ Այս տվյալներում ներառված չեն հետշինարարական փուլում անհրաժեշտ վերանորոգող ընկերությունների, կահույքագործական ընկերությունների, շինանյութի վաճառքով զբաղվող ընկերությունների վճարած հարկերը։

2020 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում կառուցապատող ընկերությունները մեծ ներկայություն ունեն։ Այս ցանկում իր վճարած հարկերով ամենախոշոր կառուցապատող ընկերությունն «Էկոշին գրուպ» ընկերությունն է՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ, «ԿաԷռ քնսթրաքշն» ընկերությունը՝  1 միլիարդ դրամ, «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն՝ 938 միլիոն դրամ, եւ «Ռենշինը»՝ 922  միլիոն դրամ։

Ն.Հ.

 

 

 

ՍՆԱՆԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ

ՀՀ սնանկության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին սնանկ ճանաչելու մասին որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Առաքել Մովսիսյանին։ Դատարան ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Մովսիսյանը բանկին պարտք է ավելի քան 26 միլիոն դրամ, որը վճարել չի կարողացել։ Ընդ որում՝ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանը ծանուցումներ է ուղարկել Առաքել Մովսիսյանի՝ դիմումում նշված պարտապանի բնակության եւ հաշվառման վայրի հասցեով, ծանուցմանը դատարանը կցել է դիմումը եւ պարտապանին տրամադրել 15-օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով՝ «Չպահանջված»։ Նկատի ունենալով, որ պարտապանի գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, Դատարանը սեփական նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարել Առաքել Մովսիսյանի եւ նրա գույքի նկատմամբ։

Դատաքննության ընթացքում Մովսիսյանի կողմից պարտքը վճարելու վերաբերյալ որեւէ ապացույց չի ներկայացվել։ Բացի այդ, դատարանն ապացուցված է համարել, որ պարտապան Առաքել Մովսիսյանին սնանկ ճանաչելու մասին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի սույն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, եւ պարտապանը չի ապացուցել, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի՝ ներառյալ պահանջի հաշվանցը, եւ քանի որ պարտապան Առաքել Մովսիսյանը թույլ է տվել oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների՝ 90-oրից ավելի ժամկետով կետանց, որը վճռի կայացման պահին շարունակվում է, ուստի դատարանը գտնում է, որ վերջինս փաստացի անվճարունակ է եւ պետք է ճանաչվի սնանկ: Միեւնույն ժամանակ, դատարանը Մովսիսյանի գույքի վրա արգելանք է դրել։

Ըստ դատավճռի՝ Առաքել  Մովսիսյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կբռնագանձվի 100 000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի փոխհատուցման գումար: Դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ։

Ք.Մ.

 

 

ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

ՀՀ մշտական բնակչության թիվը 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 964.6 հազ. մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մշտական բնակչության թիվն ավելացել է 1600-ով։ Այս մասին տեղեկանում ենք պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ Այս տարվա առաջին 7 ամիսներին ավելացել է նաեւ ծնունդների թիվը։ Այսպես, եթե 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է 19 435 ծնունդ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 20 126. աճը կազմել է 3.6 տոկոս։ Ծնունդներին զուգահեռ այս տարի աճել են նաեւ մահվան դեպքերը։ Եթե նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին գրանցվել էր 17 136 մահվան դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 18 874։ Աճը կազմել է 10.1 տոկոս։ Մահերի թվի աճը մեծապես պայմանավորված է COVID-19 վիրուսի հետեւանքով մահվան դեպքերով, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելացել են շուրջ 2,9 անգամ։ 3.8%-ով ավելացել է նաեւ արյան շրջանառության հետ կապված հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքերի թիվը։

 

 

ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ

Հայաստանի քաղաքացիների 41%-ը կարծում է, որ Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ 34%-ի պատկերացմամբ՝ սխալ ուղղությամբ։ Հարցումն իրականացրել է ՄՀԻ հարցումների հետազոտության կենտրոնը եւ իրականացվել «ԲՐԵՎԻՍ» ընկերության կողմից այս տարվա հուլիսին։ Հարցվածների 25%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել այս հարցին։ Ստացված պատկերը տարբեր է Երեւանում, այլ քաղաքային եւ գյուղական համայքներում։  Այսպես, Երեւանում հարցվածների միայն 36%-ն է կարծում, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ, այլ քաղաքային համայքներում՝ 44%-ը, գյուղական համայնքներում՝ 45%-ը։ Քաղաքացիներին հարցեր են ուղղվել նաեւ հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ Covid-19-ի դեմ պայքարի վերաբերյալ։ Այսպես, հարցվածների 63%-ը բավարարված է ընտրությունների արդյունքներով, 29%-ը՝ ոչ, իսկ 8%-ը դժվարացել է պատասխանել։ Ինչ վերաբերում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կառավարության կողմից տրամադրված տեղեկատվության բովանդակությանը, հարցվածների 21%-ը լիովին բավարարված է, 38%-ը՝ որոշ չափով, 9%-ը՝ որոշ չափով բավարարված չէ, 21%-ն էլ ընդհանրապես բավարարված չէ տրամադրված տեղեկատվությամբ։ Հարցվածների 14%-ը համաձայն է այն մտքին, որ պատվաստումն արդյունավետ է եղել կամ կլինի իր համար։ 38%-ը մասամբ է համաձայն, իսկ 27%-ը ընդհանրապես համաձայն չէ։ Հարցվածների 30%-ն ասել է, որ վստահամաբար չի պատվաստվելու, իսկ 19%-ը հայտնել է, որ հավանաբար չի պատվաստվի։

 

 




Լրահոս