Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի նախարարական հանդիպմանը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Բաքվի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպումը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ելույթում բարձր գնահատելով «Դաշինք հանուն բազմակողմանիության» հարթակի նախարարական հանդիպման անցկացումը և մասնակցության հնարավորությունը՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը բազմակողմանիությանը, որն առավել էական է այսօր՝ ամբողջ աշխարհում աճող աղետների պայմաններում:

«COVID-19 համավարակը շարունակում է խոչընդոտել գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու և մինչև 2030թ․ կայուն զարգացման նպատակներին հասնելու մեր համատեղ ջանքերը:

Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունն ունի համավարակի դեմ պայքարի և վերջինիս տարածումն ամբողջ աշխարհում զսպելու գործիքակազմը` ապահովելով պատվաստանյութերի գլոբալ հասանելիությունը և իրականացնելով պատվաստումների արշավներ: Հայաստանը խորապես համոզված է, որ պատվաստանյութերի հասանելիությունը պետք է լինի անաչառ և արդար, քանի որ դրանք իսկապես գլոբալ հանրային բարիք են, և միայն պատվաստումների միջոցով մենք կկարողանանք հաղթահարել դեռևս մոլեգնող այս համավարակը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ COVID-19 համավարակը ծանր ազդեցություն է ունեցել յուրաքանչյուր պետության վրա՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը և խաթարելով անվտանգության միջավայրը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում:

«Գլոբալ համավարակի պայմաններում Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հանգեցրեց հումանիտար աղետի: Նույնիսկ այսօր Ադրբեջանը շարունակում է արգելափակել մարդասիրական առաքելությունների մուտքն Արցախ՝ խաղաղ բնակիչներին զրկելով մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից»,- շեշտել է Միրզոյանը՝ հավելելով. «Քանի որ Դաշինքի հիմնական նպատակներից մեկն է «պաշտպանել, պահպանել և զարգացնել միջազգային իրավունքը, ներառյալ՝ միջազգային հումանիտար և մարդու իրավունքները», մենք կոչ ենք անում բոլոր անդամներին ոչ միայն ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար, այլև աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը տևական քաղաքական լուծում գտնելու գործում»:




Լրահոս