ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ ստացել են բազմաթիվ շնորհակալական ուղերձներ:
Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ: «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով Ձեզ եմ հղում ուրախ եւ ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաեւ բարօրության ու խաղաղության իմ մաղթանքները՝ ուղղված հայ ժողովրդին: Աղոթում եմ ամենակարող Աստծուն, որպեսզի օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության եւ բարգավաճման: Թող որ աստվածային օրհնությունը լինի Հայաստանի ազգաբնակչության եւ Ձեզ հետ»,-ասված է ուղերձում:
Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը: «Մեծարգո՛ վարչապետ, ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ եւ հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ այլ տարածաշրջանային ձեւաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում եւ կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում: «Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային եւ հոգեւոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:
«Չինաստանի կառավարության, ժողովրդի եւ անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ եւ Հայաստանի բարեկամ ժողովուրդին՝ Անկախության 30-ամյակի առթիվ:
Ներկայումս պահպանվում է Չինաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Չինաստանն ու Հայաստանը միմյանց աջակցում են երկու երկրների առանցքային շահեր ներկայացնող հարցերում, կայուն կերպով զարգանում է նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունը, նշանակալի ձեռքբերումներ են գրանցվում կորոնավիրուսի համաճարակի դեմ համատեղ պայքարում», – ասված է ուղերձում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին։ «Պարո՛ն նախագահ, ՀՀ անկախության տոնի առթիվ հղում եմ Ձեզ, ինչպես նաեւ հայ ժողովրդին, երջանկության, բարգավաճման եւ հաջողության բարեմաղթանքներս: Ֆրանսիան եւ Հայաստանը կապված են պատմության մեջ խորապես արմատացած առանձնաշնորհյալ հարաբերություններով: Այդ սերտ եւ վստահելի բարեկամական հարաբերություններն այսօր էլ շարունակվում են բոլոր ոլորտներում: Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել, եւ այդ ոգով է, որ Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից մեկ տարի անց իր առջեւ ծառացած մարտահրավերները: Այս առումով Ֆրանսիան մասնավորապես ձեռնամուխ կլինի տարածաշրջանի մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանմանը, որն արտացոլում է Հարավային Կովկասի առանձնահատկությունն ու հարստությունը»,- նշել է Մակրոնը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Լուկաշենկոն ընդգծել է, որ Անկախության 30 տարիների ընթացքում Բելառուսն ու Հայաստանը պահպանել ու ամրապնդել են երկկողմ կապերը: «Համոզված եմ, որ բարեկամության պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ ներանձնային շփումներն ու արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն տարբեր ձեւաչափերում շարունակելու են ամուր հիմք հանդիսանալ կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական եւ հումանիտար նախագծերի իրականացման համար՝ ի շահ երկու երկրների»,- ասվում է նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:
Ն.Պ.
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է իր վարչակազմի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ոլորտներում՝ նշելով, որ սերտ փոխգործակցությունը բխում է երկու հարեւան երկրի շահերից եւ կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, Ռայիսին երեկ առանձին ուղերձներ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:
Փաշինյանին ուղղված խոսքում Իրանի ղեկավարը կարեւորել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ փոխադարձ կառուցողական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին քանակական եւ որակական աճ են գրանցել: Նա նկատել է նաեւ, որ երկու հարեւան երկրի լայն հնարավորությունները եւ նոր տարածաշրջանային ու միջազգային պայմաններն անհրաժեշտ են դարձնում փոխադարձ կապերի ամրապնդումը, երկկողմ համաձայնագրերի իրագործմանն ուղղված ջանքերը, փոխգործակցության ուղիների որոնումը եւ տարբեր ասպարեզներում կապերի խորացումը:
Ռայիսին ընդգծել է, որ Իրանի եւ Հայաստանի նոր կառավարությունները կարող են նշանակալի ձեռքբերումներ ունենալ նոր դարաշրջանում, նպաստել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը եւ գործել՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդի: Կարեւորելով Իրանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակն ընդլայնելու անհրաժեշտությունը՝ Ռայիսին նշել է. «Տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում տրանսպորտի եւ ֆինանսական համագործակցության հարցերով մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծումը կարող է խթան եւ բեկումնային կետ դառնալ երկու երկրի հարաբերությունների զարգացման գործում»:
ԾԱՂԻԿՆԵՐ Է ԽՈՆԱՐՀԵԼ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան Անկախության 30-ամյակի առթիվ ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության եւ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին եւ հարգանքի տուրք մատուցվել: Սերժ Սարգսյանը երեկ այցելել է իր մարտական ընկերոջ՝ «Արցախի հերոս», Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրմին, ծաղիկներ խոնարհել եւ հարգել մարտական փառահեղ ուղի անցած հերոսի հիշատակը:
ՄԻԵԴ ՎՃԻՌՆԵՐ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրել է 2008-ի մարտյան դեպքերին վերաբերող հերթական 2 վճիռները, որոնցից մեկն առնչվում է վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթին, մյուսն էլ՝ իրավապաշտպան Լեւոն Բարսեղյանի իրավունքներին։
Ընդդեմ Հայաստանի երկու վճիռների մեջ էլ առանցքային հարցը 2008-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Երեւանում արտակարգ դրություն սահմանելու հրամանագիրն է։ Հայաստանի կառավարությունը պարտավոր է «Հայկական ժամանակ»-ի՝ արդար դատաքննության եւ արտահայտվելու ազատության իրավունքների խախտման համար վճարել 9 հազար, իսկ Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի ղեկավար Բարսեղյանին՝ հավաքների ազատության խախտման համար 1500 եվրո։ Հայաստանի կառավարությունը Եվրադատարան ներկայացրած իր փաստարկներում գրել է, որ Բարսեղյանը փորձել է չարտոնված հավաք կազմակերպել, ինչի համար էլ տուգանվել է։ Իրավապաշտպանի հերքումը, սակայն, հայաստանյան դատարանները հաշվի չեն առել։ Դեռ 2008-ին Բարսեղյանին ենթարկելով 50 հազար դրամ վարչական տուգանքի՝ վարչական դատարանը վկայակոչել է Արտակարգ դրության մասին նախագահի հրամանագիրը, ինչպես նաեւ Գյումրիում հավաք անցկացնելու թույլտվություն չունենալն ու եզրահանգել՝ Գյումրիում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը կարող էր վտանգել հաuարակական կարգի պահպանմանը եւ հանրության առողջությունը։
Հայաստանի կառավարությունը Ստրասբուրգ ուղարկած իր պատասխաններում պնդել է, որ թեեւ արտակարգ դրության մասին հրամանագիրը վերաբերում էր հատուկ Երեւանին, բայց արտակարգ դրություն կար նաեւ երկրի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, եւ, հետեւաբար, սահմանափակումներ կային նաեւ այնտեղ, քանի որ կար սերտ կապ Երեւանի իրադարձությունների եւ Գյումրիում այդ իրադարձությունների կրկնության հավանական ռիսկի միջեւ:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԶԱՏ Է
Իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն երեկ հրապարակել է «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցը: Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը եւ Վրաստանն ընդգրկված են ազատ երկրների, իսկ Ադրբեջանը՝ ոչ ազատ երկրների շարքում։ Ոչ ազատ են համարվել նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Թուրքիան, Կենտրոնական Ասիայի երկրները՝ բացառությամբ Ղրղըզստանի, որը ինտերնետի մասամբ ազատ երկրների թվում է, ինչպես եւ Ուկրաինան։ Ինտերնետի ազատությունն ուսումնասիրվել է աշխարհի 70 երկրներում։