«ՍԿԶԲՈՒՄ ԿԱՐ ՎԱԽ». ԱԴՐԻԱՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, ֆոտոմոդել Ադրիանա Գալստյանը մասնակցում է «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին, որը հաղթելու դեպքում Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթին: ArmLur.am-ի հետ զրույցում Ադրիանան խոսել է երազանքը իրականություն դարձնելու եւ մտավախությունների մասին։

 

«Այստեղ ես եկել եմ իմ երազանքի հետեւից, իհարկե, մասնակցությունս ունի նաեւ այլ նպատակներ. ես միայն ինձ չեմ ներկայացնելու այդ մրցույթում, ես ներկայացնելու եմ հայի հավաքական կերպարը, ես ներկայացնելու եմ իմ երկիրը: Ե՛վ մեծ պատասխանատվություն է, ե՛ւ մեծ ուրախություն այն, որ քո խոսքը կարող է կշիռ ունենալ աշխարհի մակարդակով»,- ասաց նա: Գեղեցկության մրցույթին մասնակցելը Ադրիանայի ամենավաղ երազանքներից էր, սակայն նախկինում համարձակություն չի ունեցել` կարծելով, թե հասակը չի համապատասխանում:

«Կարծում էի, որ եթե բարձրահասակ չես, չես կարող մասնակցել նման մրցույթի: Ես ինձ շատ ցածրահասակ էլ չեմ համարում, բայց մտածում էի` ավելի բարձր չափանիշների պետք է համապատասխան լինել, բայց հանդիպելով գեղեցկուհի Գոհար Հարությունյանի ինստագրամյան հոլովակին՝ որոշեցի այս հնարավորությունն անպայման օգտագործել, եւ սա այն կուլմինացիոն պահն է, որը պետք է վերցնես եւ անցնես առաջ»,-ասում է դերասանուհին, որը թեեւ ֆոտոմոդելինգով զբաղվում է վաղուց, բայց պոդիումով քայլելու փորձն իր համար նոր է։ Անդրադառնալով դերասանուհու իր կարիերային՝ մեր զրուցակիցը նշում է, որ իրեն նման որոշում կայացնելու մեջ հատկապես շատ են սատարել նրա երկրպագուներն ու հետեւորդները։

«Սկզբում կար վախ, երբ մտածում էի, թե կասեն՝ դերասանուհին ինչ կապ ունի «Միսս Տիեզերք»-ի հետ, բայց ես ինքս դերասանի մասնագիտությունը միշտ պատկերացրել եմ շատ ասպեկտների համադրությամբ՝ գեղեցիկ խոսք, քայլվածք, նիստուկաց, ինտելեկտ։ Դերասանի մասնագիտությունն ինձ համար եղել է ավելի շատ աշխատանք, իսկ սա իմ ողջ կյանքի երազանքն է եղել։ Հիմա ես եւս մեկ անգամ ուզում եմ խրախուսել մարդկանց, որ երբեք թույլ չտան ուրիշների կարծիքը սահմանափակել իրենց, այլ, հակառակը, պետք է գնանք մեր երազանքնների եւ նպատակների հետեւից։ Արդեն սպասումներիս կես ճանապարհին եմ, որովհետեւ մարդիկ շատ դրական արձագանքեցին իմ մասնակցությանը: Եթե այդպես չոգշնչեին, միգուցե ես այսքան համարձակ չլինեի»,-հավելում է Ադրիանան։

Հաղթելու դեպքում Ադրիանան հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնել «Միսս Տիեզերք» մրցույթում, որտեղ պետք է ունենա հստակ ասելիք. «Իրականում շատ բաների մասին կարող եմ խոսել, բայց հասկանալով նաեւ իմ մասնակցության դրդապատճառը` իմ կարգախոսն է` չթողնես, որ ծաղրը, բացասականը կանգնեցնեն քեզ գնալ քո երազանքների հետեւից, եւ թող քո այս օրը քո վաղվան պատմի քո հաղթանակների մասին: Այնպես չէ, որ միշտ սատարողներ են եղել իմ կողքին, ու եթե ես հարմարվեի այն կարծիքին, որն ունի հասարակությունը, միգուցե այսօր այստեղ չլինեի, բայց ես միշտ տեղ եմ տալիս առաջ գնալու գաղափարին: Կյանքը յուրաքանչյուրի համար ունի կարեւոր պահ, որից պետք է կառչել ու գնալ առաջ»,-ընդգծում է նա։

 

 

«ՇԻՏԱԿ ՈՒ ՀԱՄԱՌ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ». ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահ է՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը պայքարով ու նվիրումով նվաճված հասցե է, որով հայ ազգի տունն անշփոթելի է դառնում աշխարհի մեծության մեջ: Շնորհավորելով Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը՝ դիրիժորը նշել է. «Այստեղ հայ ազգը գրում, նկարում, նվագում, կառուցում է այն մշակույթը, որը մեր ինքնության նյութն է։ Մեր մշակույթը հարյուրամյակներ ի վեր ստիպված է եղել իր տեղը գտնել այլ մշակույթների ստվերում եւ միայն Հայաստանի անկախության լույսի ներքո կարողացավ աշխարհին երեւալ իր ամենաինքնուրույն կերպարով»:

 

Նրա խոսքով՝ մեր անկախությունն իմաստավորվում է յուրաքանչյուրիս շիտակ ու համառ գործով, եւ յուրաքանչյուրիս գործն իր հերթին իմաստավորվում է անկախության գիտակցմամբ։ «Մեր գործը մենք պատվախնդրորեն կատարում ենք երաժշտության լեզվով եւ աշխարհի համար այդպես թարգմանում մեր ինքնությունը։ Սա մեր անվերջ պարտքն ու երախտիքն է հայրենիքի անկախության համար վճարած թանկ գնի դիմաց։ Այդ պարտքը յուրաքանչյուրը կրում է իր ձեւով։ Աստված օրհնի Հայաստանը: Շնորհավո՛ր Հայաստանի Հանրապետության 30-ամյա անկախությունը»,- եզրափակել է Սմբատյանը: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե: Հանրաքվեն անցկացվել է խորհրդային ընտրական օրենսգրքով եւ անցել ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը:

Նյութերը՝  ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

2 ԹԻՄԵՐ

Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) մնացել են 2 ակումբներ, որոնք մրցաշրջանի սկզբնամասում գրանցել են 100-տոկոսանոց ցուցանիշ. հաղորդում է Opta-ն: Ֆրանսիայի առաջնությունում 6 հաղթանակով է մեկնարկել Փարիզի ՊՍԺ-ն, իսկ Իտալիայի A Սերիայում 4 տուրերում նույնքան հաղթանակ է տարել «Նապոլին»: 3 տարվա ընդմիջումից հետո «Նապոլին» առաջին անգամ գլխավորել է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

 

ՀԱՄԵՄԱՏԵԼ Է ՄԵՂՐԱՄՍԻ ՀԵՏ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչպես է իրեն զգում Արքայական ակումբում: «Ես մեղրամիս եմ անցկացնում «Ռեալում»: Հուսով եմ, որ երկար տարիներ կմնամ այստեղ: Մյուսների նման ես էլ ունեցա դժվարություններ, սակայն թիմային մեծ ոգու շնորհիվ հաջողվեց կատարել փոփոխություններ: Լա Լիգան կորցրեց մեծագույն խաղացողների, բայց կան ուրիշները, որոնք լավ են դրսեւորում իրենց: Նրանցից մեկը Վինիսիուս Ժունիորն է: «Ռեալը» լավ է սկսել մրցաշրջանը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ վերջերս 62-ամյա Անչելոտին ուժեղագույնների լիգաներում 800-րդ հանդիպումն էր անցկացրել գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ խաղերում նա տարել է 474 հաղթանակ, գրանցել 183 ոչ-ոքի ու կրել 143 պարտություն:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

Իսպանիայի Լա Լիգան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ Լա Լիգայի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական: «Շնորհավո՛ր անկախության օրդ, Հայաստան»,- նշված է տեսանյութին կից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության անկախության օրը: Այս տարի անկախության 30-ամյակն է:

 

ԳԼԽԱՎՈՐ ԹԵԿՆԱԾՈՒ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն առաջիկա օրերին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Gazzetta dello Sport-ի համաձայն՝  կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն փոխարինող է փնտրում հոլանդացի մասնագետին: Հիմնական հավակնորդը Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն է, որի թեկնածությանը կողմ է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան: Կումանին փոխարինողի թեկնածուների թվում են նաեւ իտալացի Անտոնիո Կոնտեն, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսը ու Բելգիայի հավաքականը գլխավորող Ռոբերտո Մարտինեսը: Ռոնալդ Կումանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։

 

 

 




Լրահոս