Լուսանկարն արվել է Արագածոտնի մարզում
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Արմավիրի մարզի բնակիչն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռան «Քարե լիճ» տանող ճանապարհահատվածում անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Գեւորգ Մարգարյանը եւ 25-ամյա Տիգրան Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Վաչիկ Բաղդադյանը:
ԿԱՐԳ
Հարց. Ի՞նչպես ձեռք բերել ամուսնության մասին տեղեկանք:
Սեդա Մխիթարյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող (ունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող (չունեցած) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանք, որը կարող է դիմողի ցանկությամբ տրամադրվել երկլեզու տարբերակով՝ հայերեն-ռուսերեն կամ հայերեն-անգլերեն:
ՀայաստանիՀանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք ստանալու համար նախարարություն կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը, կամ նրա կողմից լիազորված անձը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
Հարց. Ուզում եմ իմանալ, թե ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը:
Լարիսա Հունանյան (56 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին՝
1) 18 տարին չլրացած երեխային,
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում,
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում,
5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող, երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում եւ չի աշխատում: Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված զինծառայողի ընտանիքի` վերը նշված անդամներին՝ անկախ զինծառայողի զոհվելու պատճառից, անցած ժամանակաշրջանից եւ ծառայության տեւողությունից: Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է նաեւ՝
1) զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ անկախ ժամանակաշրջանից մահացած այն զինծառայողի ընտանիքի անդամների վրա, որի մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը,
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերոնշյալ կեսանթոշակը նշանակվում է նաեւ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների վրա: