Ո՞ՒՄ ՇԱՀՆ Է ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է վճիռ, որով դեռեւս 2008 թվականին «Դարեսկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացված գանգատը՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրի, բավարարվել է: ՄԻԵԴ-ը այս գործով գտել է, որ հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը, դիմողի նկատմամբ խախտվել է նաեւ 6-րդ հոդվածը. ներպետական դատարանները եղել են անհասանելի: Ասել է թե՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը հաղթել է ՀՀ կառավարությանը: Եւ այս իրավիճակում հետաքրքիր է այն, որ, փաստորեն, երեք տարի կառավարության ղեկավար է Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, որը «Հայկական Ժամանակ» օրաթերթի սեփականատերն է: Եվ հարց է առաջանում՝ արդյոք երեք տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը «Հայկական Ժամանակ»-ի շահերն է սպասարկել, թե Եվրադատարան ներկայացրել է կառավարության առարկությունները կամ, որ նույն է, ՀՀ դիրքորոշումն ու շահերը: Չէ՞ որ ի վերջո հենց կառավարության դեմ էր հայց ուղղված, եւ տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության շահերը սպասարկի, այլ ոչ թե օրաթերթի: Արդյոք կառավարությունը ՀԺ-ի հայցի առիթով հակափաստարկներ ներկայացրել է Եվրադատարանին, որպեսզի դատարանում հայցը մերժվեր: Հարց է, որի պատասխանը «Ժողովուրդ»  օրաթերթին դեռ չի հաջողվել պարզաբանել:

Հավելենք, որ դիմումատուն՝ «Հայկական ժամանակ» -ի սեփականատեր Նիկոլ Փաշինյանը, եվրավճռով ՀՀ կառավարությունից կստանա 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի հատուցում, որ պատճառվել է Քոչարյանի օրոք:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակ է դրել առաջիկա երեք ամիսներին ՀՀ մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ: Դա է պատճառը, որ սեպտեմբերի 24-ին հայրենի կառավարությունը խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է` ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերը: Բանն այն է, որ դեկտեմբերի 5-ին տարբեր համայնքներում ընտրություններ են սպասվում, իսկ իշխանությունը նպատակ ունի համայնքները խոշորացնել ու բոլոր տեղերում հաղթանակ ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների համար: Նշենք, որ այդ օրը ընտրություններ են սպասվում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արեւուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում: Իշխանությունը նպատակ է դրել խոշորացնել այդ համայնքները ու նոր մասնակցել ընտրությունների: Իսկ քանի որ հնարավոր է իշխանական թեւին չհաջողվեր հասցնել խոշորացման պրոցեսը արագ իրականացնել, որոշել են մեկ օր անգամ չկորցնել ու արտահերթ նիստով նախագիծն ընդունել, գործի անցնել:

 

 

 

ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պես հրավիրված են եղել ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին կառավարությունից: Սակայն, ինչպես հայտնի է, բոլոր երեք նախագահներն էլ չեն մասնակցել այդ միջոցառմանը՝ մերժելով Նիկոլ Փաշինյանի հրավերը: Երեկ՝ ամբողջ օրը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից ամեն դեպքում պարզել՝ հրավեր ստացել են, թե ոչ, եւ ինչու չեն մասնակցել միջոցառմանը, սակայն ամբողջ օրվա ընթացքում նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ կառավարությունից վստահեցրին, թե բոլոր երեք ղեկավարներին էլ հրավեր եղել է: Հիշեցնենք, որ Հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին։ Ե՛վ «Պատիվ ունեմ»-ը, եւ՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» խմբակցությունը չեն մասնակցել միջոցառմանը։

 

 

 

Հայաստանի այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում մտադիր են անձնագիրը փոխել կամ նորը ստանալ, խնդրի առաջ են կանգնում։ «Ժողովուրդ»  օրաթերթը արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ մարզերի բնակիչներից այս խնդրի շուրջ հեռախոսազանգեր է ստանում։ Նրանց պատմելով՝ իրենք մոտենում են Անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային բաժանմունքներ անձնագիրը փոխելու կամ նորն ունենալու ակնկալիքով, սակայն ստանում են բացասական պատասխան։ Երեկ մեզ զանգահարած քաղաքացին պատմեց, որ ինքն այս հարցով մոտեցել է Անձնագրային եւ վիզաների վարչության Էջմիածնի տարածքային բաժանմունք, որտեղից պատասխանել են, որ առայժմ անձնագրի տպագրության համար նախատեսված թուղթը դեռ չկա, եւ պետք է սպասել, ապա նշել են, որ վերջին մի քանի օրը ոչ աշխատանքային են եղել, եւ նորություն չունեն, թե երբ կարող են անձնագիր տրամադրել։ Անձնագրային բաժանմունքից հորդորել են դիմել Անձնագրային եւ վիզաների վարչություն՝ «Օվիր»։ Նման խնդիր է առաջացել նաեւ Մալաթիայի անձնագրայինում, եւ քաղաքացիները կրկին փաստի առջեւ են կանգնել: «Ժողովուրդ»  օրաթերթն իր հերթին այս հարցով դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից փոխանցեցին, որ հիմա նման խնդիր չկա, դա օրեր առաջ էր, եւ այժմ քաղաքացիները կարող են դիմել եւ ստանալ։ Մարզերի բնակիչներն հակառակն են պնդում, եւ այս խնդիրը ոչ միայն Արմավիրի, այլեւ մյուս մարզերում է։




Լրահոս