Երեկ ԱԺ-ում անցկացվում էին ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս թեմայով խորհրդարանական լսումներին մասնակցում էր նաեւ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը: ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել նրան՝ նաեւ անդրադառնալով այն հանգամանքին, որ հեղափոխությունից հետո Անդրեասյանը հրաժարական տվեց եւ ընտրվեց:
-Պարո՛ն Անդրեասյան, Դուք այն քչերից եք, որ իշխանափոխությունից հետո կարճ ժամանակով հրաժեշտ տվեցիք պաշտոնին, ապա նորից հետ եկաք: Հիմա ՏԻՄ-երում ընտրություններ են, եւ իշխանությունը պարտարստվում է ամեն համայնքում ունենալ սեփական թեկնածուին: Դուք այդ թոհուբոհով մի անգամ արդեն անցել եք: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է ուզում անել իշխանությունը:
-Նախ, կարծում եմ, որ այսօրվա խորհրդարանի քննարկումն արտաքին փայլը ապահովելու համար է, այսինքն՝ եւս մեկ անգամ ժողովրդի աչքերին թոզ փչելու համար է: Այսօրվա իշխանությունը նախկին ընդդիմությունն է, որոնք նախկինում դեմ են արտահայտվել համայնքների խոշորացմանը թիվ մեկ ամբիոնից: Այսօր կողմ են արտահայտվում, նաեւ ելույթներից պարզ երեւում է: Զեկուցողի կողմից հնչվեց, որ այս համայնքները քաղաքական են: Այս համայնքները նախ պետք է դիտել որպես տնտեսական կոմպոնենտ, ոչ թե քաղաքական: Համայնքը չպետք է քաղաքականացվի: Սա գալիս է շատ վաղուց. երբ 1996 թվականի ձեւավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները, արդեն 25 տարի սրանով վատ թե լավ գործել է: Այսօր ՏԻՄ ասելով՝ ի՞նչ ենք հասկանում, երբ տապանաքարը դրվում է ՏԻՄ կառույցի վրա: Խոշորացում եղել է, նույն Ուրցաձորը խոշորացել է, հիմա նորից խոշորացնում են: Այո, խոշորացումը որոշ դեպքերում խիստ անհրաժեշտություն կարող է լինել: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, 930 չկային, կային գյուղերը, որոնք միավորված էին իրենց գյուղխորհրդում: Այդ մոդելին մոտենալը ճիշտ տարբերակ է, իսկ եթե շրջանային պահ է գնում, եւ պարտադիր հիմքով տրվում է, որ յուրաքանչյուրը պետք է ունենա կուսակցական պատկանելիություն, այսինքն՝ լինում է այն, ինչ ամբողջ հանրապետությունով մեկ: Լինելու է կուսակցական մուրճը, որ ով էլ լինի համայնքի ղեկավար, պետք է շարժվի այդ մուրճի ազդեցության տակ: Համայնքը՝ որպես ինքնուրույն տեղական մարմին, ժողովուրդը դրա մասին տեղյակ չէ: Բնակչի ցանկացած ձայն լսելի չի լինելու յուրաքանչյուր ժամականաշրջանում:
-Ուրցաձոր համայնքը ո՞ր համայնքին են ուզում միացնել:
-Ուրցաձոր համայնքը միացնելու են Վեդի համայնքին: Այսինքն՝ նախկին Արարատի շրջանը լինում է երկու փունջ, բայց զարմանալին այն է, որ Տիգրանաշենը, որը վաղը, մյուս օրը կհնչվի որպես Քյարքի, այդ նույն Տիգրանաշենը ու վերեւի գյուղերը՝ Զանգակատուն, Ուրցալանջ, Վարդաշատ գյուղերը, միանալու են Արարատին: Եթե Տիգրանաշենի հատվածը կտրվելու է, այս համայնքի կորիզը, բնակիչները, դե, բնականաբար, Որոտանի նման չեն կարողանալու անցուդարձ կատարեն: Ազատ անցուդարձը սահմանափակվելու է: Եթե այդտեղ Արդբեջանի տարածք է, տարածքային վերաբաժանում չի երեւում, եւ ժողովուրդը տեղեկացված չէ, թե ինչպես է կատարվելու դա: Ու այդ համայնքների բնակիչները պետք է գան, Վեդի խոշորացված համայքով գնան Արարատ: Աբսուրդը նաեւ այստեղ է: Դրա համար մեկ տարի առաջ քարտեզագրման ինստիտուտը վերացվեց:
Այս քննարկումն արտաքին փայլ հաղորդելու համար է: Ես համոզված եմ, որ երկու օր հետո մեծամասնությունը կքվեարկի, եւ խոշորացումը տեղի կունենա:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՉԸՆՏՐՎԵՑ
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ. Ղազինյանը լքել էր հանձնաժողովի նիստը, որի օրակարգում նախագահի տեղակալի ընտրության հարցն էր, «Երեք անգամ արդեն ներկայացվել է թեկնածու: հետեւաբար ես որեւէ նոր ասելու բան չունեմ:
Ձեզ է պատկանում պատասխանատվությունը, հետեւաբար դուք ձեր որոշումը կայացրեք եւ հրապարակեք: Ես դուրս եմ գալիս»,- ասաց Ղազինյանն ու լքեց հանձնաժողովի նիստերի սրահը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ ուր է գնում պատգամավորը: «Կարող է Ձեզ հարցեր ունեն: Հանձնաժողովների անդամներին պետք է պատասխանեք»,-ասաց նա:
Ա. Քոչարյանը, դիմելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանին, ասաց. «Անընդհատ նույն թեկնածուին բերել, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում: Կա՛մ բերեք նոր թեկնածու, կա՛մ մենք հավերժ այս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել 5 տարի: Եթե ընդդիմությունն իր մեջ չի կարողանում գտնել եւս մեկ թեկնածուի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերին եք. ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք»,-ասաց Քոչարյանը:
Տիգրան Աբրահամյանն էլ արձագանքեց. «Ինձ թվում է՝ երեք արտահերթ նիստերը արդեն հնարավորություն էին՝ գոհ կամ ոչ գոհ լինելու: Օրակարգի այս մասով ինքս ասելիք չունեմ: Իմ դիրքորոշումն արդեն ձեւակերպել եմ, այս պարագայում, բնականաբար, իմաստ չեմ տեսնում մասնակցելու այս քննարկումներին»:
Ինչ վերաբերում է ընդդիմության առաջադրած թեկնածուին, նա ասաց, որ ընդդիմադիր ուժերն այս մասով արդեն քաղաքական որոշում կայացրել են: «Դրա հիման վրա էր Արթուր Ղազինյանը առաջադրվել արդեն չորրորդ անգամ: Այս պարագայում, բնականաբար, քայլը, որոշումը ձերն է: Եվ եթե դուք այս անգամ եւս անհրաժեշտ չեք համարում քվեարկել նրա օգտին, դա ձեր իրավունքն է»,-ասաց Աբրահամյանն ու եւս լքեց նիստը:
Հանձնաժողովի նիստում մնացին միայն իշխանական պատգամավորները: Քոչարյանն առաջարկեց ընդդիմությանը բերել այլ թեկնածու:
«Այսօր ստացվեց, որ ամենազբաղվածն ինքն էր, մենք էլ պարապ էինք: Ես էլ քաղաքական բոյկոտ եմ հայտարարում, ինձ որեւէ մեկը չի կարող որեւէ բան ստիպել: Քանի կբերվի Ղազինյանի թեկնածությունը, ես չեմ մասնակցի քվեարկություններին եւ առհասարակ նիստերին»,-ասաց Քրիստինե Պողոսյանը:
ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանն էլ ասաց, որ չի պարտադրում «Հայաստան»-ին բերել այլ թեկնածու, բայց իրեն ոչ ոք չի կարող պարտադրել ընտրելու կոնկրետ թեկնածուի. ինքը ընտրում է իր խղճով եւ համոզմունքով: Վահագն Ալեքսանյանն էլ նշեց, որ հետաքրքիր հարցեր ուներ Ղազինյանին, սակայն զրկված է այդ հնարավորությունից:
Ն. Պ.
ՆԵՂԱՑՆՈՒՄ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Ժաննա Անդրեասյանը 2020 թվականի մարտի 5-ից կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ է, բայց արդեն հասցրել է առանձնանալ իր կոպիտ պահվածքով։ Կհիշեք՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նախորդ տարվա օգոստոսին վիճել էր «Ջազ քոլեջ»-ի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ, ինչից հետո «Ջազ քոլեջ»-ի տնօրենը նախաինֆարկտային վիճակում հայտնվել էր հիվանդանոցում։ Հիմա էլ փոխնախարարը սկսել է նեղացնել ուսուցիչներին։ ArmLur.am-ին են դիմել բազմաթիվ ուսուցիչներ, որոնց խիստ զայրացրել է փոխնախարարի ֆեյսբուքյան գրառումը։ Իսկ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ եւ այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր։ Երեկ բնագիտական առարկաներն էին, այսօր՝ հայոց լեզուն։
…Նաեւ ուզում եմ նշել, որ այս ընթացքում հրաշալի ուսուցիչների եմ հանդիպել, որոնց տեսնելով՝ մտածում եմ, որ մեր երեխաների համար բարեբախտություն է նման մարդկանց հետ շփվելը, նրանցից սովորելը։ Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաեւ ուսուցչական այլ որակ։ Այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում՝ նաեւ որպես ծնող եւ քաղաքացի։ Խոսքը, ընդ որում, այս պահին առարկայական գիտելիքի մասին չէ, այլ վարվելակերպի եւ վարքականոնի։ Շատ կարեւոր է, որ ամենքս մեր տեղում անհանդուրժող լինենք այդ որակի վարվելակերպի հանդեպ»։ Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Ժաննա Անդրեասյանը չի մանրամասնել, բայց փոխնախարարի այս անկեղծությունը դժգոհության մեծ ալիք է առաջացրել ուսուցչական լայն շրջանակի մոտ։ Ասել է թե՝ ուսուցիչները խորը վիրավորված են ԿԳՄՍ փոխնախարարից։ Շատերը հեռակա կարգով փոխնախարարին հորդորում են էթիկայի եւ վարքուկանոնի դասեր տալուց առաջ նախ ինքն իր վարքուկանոնին հետեւի։
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Նյու Յորքում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ «Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության խնդիրների, ինչպես նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքի մասին»,-տեղեկացնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։ «Ադրբեջանը կառուցողական քայլերի է դիմում այդ ուղղությամբ, սակայն հայկական կողմից պատասխան քայլեր չկան»,-դիմելով Վիկտորիա Նուլանդին` հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։