Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ 441 համայնքները միավորել եւ դարձնել 37 խոշորացված համայնքներ: Երեկ ԱԺ-ում անցկացվում էր ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Նիստը նախագահող Վահե Ղալումյանը նախ հիշեցրեց, որ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորներ ստեղծելու հայեցակարգն ընդունվել է 2011-ին, ինչից հետո՝ 2016-ին, կառավարության նախաձեռնությամբ սկսվել է օրենքի կիրառումը, եւ առաջին փուլում ՀՀ 486 համայնքներ միավորվել են՝ դառնալով 54 խոշորացված համայնքներ: «Օրենքի նախագիծը, որով կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել, նախատեսում է ՀՀ եւս 441 համայնքներ միավորել եւ դարձնել 37 խոշորացված համայնքներ»,- ասաց Ղալումյանը: Նա հիշեցրեց, որ իրենց քաղաքական թիմը 7-րդ գումարման ԱԺ-ում նախաձեռնել է խոշորացված համայնքներում եւ 4000-ից ավել բնակիչ ունեցող համայնքներում քաղաքական համամասնական ընտրությունների հարցը: Նախագծով առաջարկվում է համապատասխան համայնքների փնջեր ձեւավորել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում:
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ազգության քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովի կարծիքով՝ այն գյուղերը, որոնց բնակչության ճնշող մեծամասնությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, խոշորացման գործընթացի մեջ չպետք է ներառվեն: Նրա խոսքով՝ խոշորացումը կարող է եւ ունենալ բացասական կողմեր, սակայն ընդհանրապես արդարացված է: Նա օրինակ բերեց. «Արագածոտնի մարզի ազգային փոքրամասնություններով բնակեցված 11 գյուղերը խոշորացվել են, եւ այս 3 տարվա մեջ մենք տեսնում ենք մեծ արդյունքներ: 30 տարվա ընթացքում ոչ մի ճանապարհ չէր վերանորոգվել, այսoր արդեն 3 գյուղերի ճանապարհները վերանորոգվել են»:
Իսկ ինչ վերաբերում է ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերի խոշորացմանը, Հասանովն ասաց. «Գտնում եմ, որ ճիշտ է, որ գյուղը մնա իր մշակույթով, իր լեզվի պահպանման հարցերով, բայց այն գյուղերը, որտեղ մեծամասնությունը տվյալ ազգի ճնշող մեծամասնությունն է, ինձ թվում է՝ ճիշտ կլինի, որ չխոշորացվեն: Իսկ այն գյուղերում, որտեղ հավասար բնակչություն է, պետք է դա հաշվի առնել»:
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ նշեց՝ բոլորովին կարեւոր չէ, թե որ գյուղում քանի տոկոս ինչ մշակույթ, ինչ ազգային պատկանելիություն կրող հայրենակիցներ են ապրում. եթե անգամ նրանք քիչ են, ապա պետք է լինեն պետության ամենամեծ հոգածության առարկան: «Եթե անհրաժեշտ է, ապա պետք է ՏԻՄ օրենքում փոփոխություն անենք եւ բյուջետային, ծրագրային բոլոր հնարավոր լուծումները տանք, որ մարդկանց այդ հանրույթն իրեն ավելի վստահ զգա իր մշակութային ժառանգության, ինքնության պահպանման, կրթության տեսլականի մեջ»,- ասաց փոխնախարարը:
Նախագծով նախատեսվող փոփոխություններով՝ այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից: Կլինեն 6 չմիավորված համայնքներ, որոնցից մեկը կլինի Գյումրին, եւս 5-ը՝ ազգային փոքրամասնություններով կամ նրանց հետ խառը բնակեցված համայնքները: Տերտերյանը նշել էր, որ այդ համայնքներն ընդհանուր կառավարման տրամաբանությունից ուղղակի մեխանիկորեն դուրս պահելը ամենալավ լուծումը չէ:
Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ Արա Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք խոշորացվող համայնքներում ավագանիները վարձատրվելու են: «Այս պահին մեր ներկայացրած տարբերակում ավագանիների վարձատրության գաղափարը դեռ չենք ներառել: Դա քննարկվող թեմա է: Ես կտրուկ չեմ բացառում, որ դա չպետք է լինի: Մասնագիտական քննարկման հարթությունում ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ շատ փաստարկներ կան: Չեմ բացառում, որ ինչ-որ պահի դրան կանդրադառնանք»,- ասաց Տերտերյանը:
Ն. ՊՈՂՈՍՅԱՆ
ՄՏԱԴԻՐ Է ԻՐԱՑՆԵԼ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ
ՀՀ ֆինանսների նախարարությունը մտադիր է իրացնել պետական պահուստները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարար Տիգրան Խաչատրյանը նախատեսում է վաճառքի հանել պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերը։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ հրապարակային աճուրդների միջոցով կիրականացվի գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում, սկզբում օտարման կներկայացվի առավել ոչ լիկվիդային իրերը: Բանն այն է, որ գանձարանում տարիների ընթացքում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը՝ ապրանքային տեսքը եւ արժեքը: Ընդ որում, նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետեւ «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ:
Եւ պետական պահուստների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել է պահուստներում կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ եւ թանկարժեք մետաղներից եւ քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր: Այս նպատակով Ֆինանսների նախարարությունը կառավարությանն է ներկայացրել «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության՝ 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիրը եւ խնդրել հավանություն տալ դրան։
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄ
«Հայաստանն ուզի, թե չուզի, այո, իր բոլոր հարեւանների հետ պետք է հանդիպի ու բանակցի եւ կյունություն ապահովի, որի միջոցով կարող ենք հասնել մեր երազած հզորությանը»,- ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել: «Այս պահին Թուրքիայի նախագահը ավելի շուտ, քան հանդիպման հրավերը, հայտարարել է, որ ինքը պատրաստ է Հայաստանի ղեկավարության հետ քննարկելու ռազմաքաղաքական իրավիճակը, որից հետո հայկական կողմն արձագանքել է, որ մենք նույնպես պատրաստ ենք քննարկելու տարածաշրջանային խնդիրները: Մենք դա դիտարկում ենք որպես ապաշրջափակում, դուք ասում եք, որ դա միջանցքի պահանջ է: Չի բացառվում, որ Էրդողանը, այո, միջանցք է պահանջում, բայց բացառում եմ, որ մենք իրենց միջանցք տանք: Մենք առաջարկում ենք ճանապարհների ապաշրջափակում»,- ասել է նա:
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ու լիազոր ներկայացուցիչ։ Հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվական հարթակում:
ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երկու ամսից ավելի է, ինչ կալանավորված է, հայտարարություն է տարածել եւ տեղեկացրել՝ ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. «Ես առաջադրում եմ իմ թեկնածությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Թեեւ այս պահին անազատության մեջ եմ, սակայն վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականգնվելու է, վերականգնվելու է նաեւ թասիբով ու սկզբունքային իմ հայրենակիցների աջակցությամբ, քանի որ մենք մեր շիտակ ճանապարհն անցել ենք բոլորի աչքի առաջ: Ընտրություններին առաջադրվում եմ իմ եւ թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով»։
ՈՐՔԱ՞Ն ԿՏՈՒԳԱՆՎԵՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԸ
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը հայտնել է, թե ինչ իրավական նորմեր են գործելու, եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվել կամ թեստավորվել: «Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իր գործառույթներն իրականացնում է ստուգումների, ստուգայցերի վարչական վարույթների միջոցով, այս պարագայում՝ ստուգայցերի միջոցով: Պետք է ասեմ, որ ստուգայցերը սկսվել են շատ վաղուց՝ Covid-ի առաջին դեպքերին զուգընթաց: Ստուգայցերը պլանավորվում են մեկ օր առաջ, եւ առաջին հերթին ընտրվում են ռիսկային կազմակերպությունները, որտեղ գրանցվել էր կորոնավիրուսի 3 եւ ավելի դեպք, բացի դրանից, ընտրվում են մարդաշատ վայրերը, օրինակ՝ առեւտրի կենտրոնները»,-նշեց նա: Ըստ նրա՝ դա չի նշանակում, որ այլ կազմակերպություններ չեն վերահսկվելու, եւ այնտեղ ստուգայցեր չեն կատարվելու: Նա նշեց, որ ստուգայցերը պատահական են լինելու: «Որեւէ մի պահանջի խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի: Ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ խախտում հայտնաբերելու դեպքում՝ 10-ից 20 հազար դրամ, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 40-ից 120 հազար դրամ»,-ասել է Ա. Հարությունյանը: Նա նշեց, որ նույն օրվա մեջ տվյալ հիմնարկ կարող են այցելել մի քանի անգամ. դա կախված է նրանից, թե գործատուի մոտ քանի խախտում է հայտնաբերվել: