ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականին ՀՔԾ-ն հայտնել էր, որ հուլիսի 14-ին ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել 2017թ. ԱԺ ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու համար:

 

Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել էր, որ Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանին կաշառք տվող պատգամավորը «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանն է եղել: Այս գործով Հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել եւ գործը ուղարկել դատարան, եւ դատարանում տեղի է ունեցել անսպասելին:

ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախկին պատգամավորի եւ Մալիշկա համայնքի ղեկավարի դեմ ցուցմունք տված անձին մեղադրանք է առաջադրել սուտ մատնության համար: Ի՞նչ է պարզվել. դատարանում Խաչատուր Դովլաթյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, եւ նախազգուշացված լինելով տեղի չունեցած հանցագործության մասին հայտնելու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանի վերաբերյալ ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն։

Խաչատուր Սերյոժայի Դովլաթյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 58157118 քրեական գործով 2018թ. հուլիսի 6-ին հարցաքննվելով որպես վկա, ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի մարտ ամսին պատգամավորի թեկանծու առաջադրված Աշոտ Արսենյանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանից վերցրել է ընդհանուր 30.000 ՀՀ դրամ գումար եւ 02.04.2017 թվականին մասնակցելով ընտրություններին, ստացված ընտրակաշառքի դիմաց, Մհեր Մովսիսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, ինքը, մայրը եւ կինը քվեարկել են Աշոտ Արսենյանի եւ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին։

2020 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:18-ին՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արտաշատի նստավայրում քննվող թիվ ԱՎԴ4/0007/01/19 քրեական գործով դատական նիստի ժամանակ, Խաչատուր Դովլաթյանը հարցաքննվել է որպես վկա եւ դատական նիստը նախագահող դատավորի կողմից նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն, այն է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Հայկ Մանանդյանին անհիմն մեղադրել է տեղի չունեցած, պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ ապացույցներ կեղծելու միջին ծանրության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 1-ին մասով, 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ մասնավորապես նշելով, որ Մհեր Մովսիսյանից երբեւէ ընտրակաշառք չի վերցրել, թիվ 58157118 քրեական գործի նախաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ հայտնել է, որ Մհեր Մովսիսյանից վերցրել է իր երեխայի բուժման համար գումար, սակայն քննիչը արձանագրել է այլ կերպ՝ ցուցմունքում նշելով, թե, իբր, Մհեր Մովսիսյանից ընտրակաշառք է վերցրել, իսկ ցուցմունքում իր ձեռքով արված գրառումը կատարել է նրա թելադրանքով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող հարցականով վերք» եւ «ձախ այտի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Մոլդովական փողոցի 21 եւ 24 տարեկան երկու բնակիչ։  Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.30-ի սահմաններում Մոլդովական փողոցում վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխված երիտասարդների եւ փողոցի այլ բնակիչների միջեւ։ Վիճաբանության ժամանակ 57-ամյա տղամարդու 32-ամյա որդին գլխով խփել է տուժածներից մեկին, ինչից հետո երիտասարդները երկաթյա առարկայով հարվածներ են հասցրել 57-ամյա տղամարդուն եւ նրա 32-ամյա որդուն, 57-ամյա տղամարդն էլ դանակահարել է նրանց: Ժամը 01.00-ին 57-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն։ Կատարվում է քննություն։

 

 

ԶԱՐՄԻԿԸ ՍՊԱՆԵԼ Է ՄՈՐԵՂԲՈՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն: Քրեական գործով իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես, քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 1966թ. ծնված տղամարդու եւ նույն տանը բնակվող վերջինիս քրոջ որդու միջեւ, որի ընթացքում տղամարդը հայհոյել եւ փորձել է փայտի կտորով հարվածել զարմիկին, ինչից հետո վերջինս բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, իսկ դանակով` կրծքավանդակին: Միջադեպից հետո տղամարդը բարձրացել է տուն, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, վերջինիս քույրը եղբորը հայտնաբերել է մահացած վիճակում: Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ փորձագետի եզրակացության՝ տղամարդու մահվան պատճառը հանդիսացել է արյան սուր կորուստը, որը հետեւանք է եղել կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքի։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տուժածի քրոջ որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

 

ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է։ Երեք ամիս առաջ` ԱԺ ընտրությունների հաջորդ օրը, Տիտանյանը ոստիկանություն էր դիմել՝ բողոքով, թե Լոռու մարզպետի աշխատասենյակից դուրս գալուց անմիջապես հետո մի խումբ անձինք հարվածներ են հասցրել իրեն։ Պնդել էր, թե մարզպետը հարկադրել է իրեն հրաժարականի դիմում գրել։

Նախաքննության անցած 3 ամիսներին դատաբժիշկը եզրակացություն է տվել համայնքապետի ստացած վնասվածքների մասին, մանրամասն հարցաքննել են տուժող ճանաչված համայնքապետին, բայց նրա մատնանշած մարզպետարանի բոլոր աշխատակիցները հերքել են Տիտանյանի պնդումները, թե մարզպետարանում իր նկատմամբ բռնություն է եղել, որի հետեւանքով վնասվածքներ է ստացել։ Պարզվել էր, որ մարզպետարանի միջանցքում տեղադրված տեսախցիկները չեն գործում, միջադեպի մասին որեւէ բան չեն արձանագրել։ Այս պարագայում իրավապահները համարել են, որ գործը բացահայտելու համար այլեւս նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորություն չկա, եւ այն կասեցնելու որոշում է կայացվել:

Նախաքննության ընթացքում Արսեն Տիտանյանի մատնանշած մարդիկ Լոռու մարզպետի անմիջական ենթականերն են։ Տիտանյանի փաստաբան Միքայել Շխիմյանի խոսքով՝ կողմերի միջեւ որեւէ առերեսում չի եղել։ Թե ինչու այսքան սակավ ապացույցների պարագայում անգամ առերեսում տեղի չի ունեցել, փաստաբանի ենթադրությամբ՝ վկայի կարգավիճակ ստացած աշխատակիցներն օգտվել են ցուցմունք չտալու իրենց իրավունքից ու հրաժարվել առերեսումից։

Համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծելու փաստով քրեական գործ հարուցելուց հետո Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մշտապես հերքել է տուժող ճանաչված Տիտանյանի պնդումները։ Մարզի ղեկավարը հերքում է նաեւ, թե Օձունի 13 տարվա համայնքապետից պահանջել է հրաժարականի դիմում գրել։

Խորհրդարանական ընտրություններից հետո Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն հայտարարել էր, թե ընտրութուններում պարտված քաղաքական ուժերի աջակից համայնքապետերը պետք է հրաժարական տան։

Դրանից հետո Լոռու մարզի 5 համայնքապետեր, այդ թվում` խոշորացված Գյուլագարակ համայնքի ղեկավարը, հրաժարական տվեցին, թեեւ հայտարարում էին, որ իրենց նկատմամբ պարտադրանք չի եղել, դա իրենց անձնական որոշումն է։

Ն. Հ.

 




Լրահոս