ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-23-ը՝ հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երեւան քաղաքում սեպտեմբերի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

 

 

273 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 709-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5181 է: Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1193 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6374-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 237263, փաստացի բուժվողներինը՝ 11072։ Մեկ օրում արվել է 4138 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 664 154 թեստ:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ֆրանսիական L’Ouvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներին։ «Ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության դեմ իրագործված վանդալիզմի դրսեւորումները եւ պատերազմից հետո արձանագրված դեպքերը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար խնդիրներին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին»,- այս մասին հայտնել են ԱՀ ՄԻՊ-ից: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային իրազեկվածության բարձրացման վերաբերյալ։ Այնուհետեւ պաշտպանի եւ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանի ուղեկցությամբ L’Ouvre d’Orient կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում գործող «Լոտոս» հյուրանոց եւ հանդիպել Արցախի օկուպացված համայնքներից տեղահանված ընտանիքներին։

Կազմակերպության ներկայացուցիչները լսել են տեղահանված անձանց պատմությունները, ծանոթացել նրանց կեցության պայմաններին եւ խնդիրներին՝ հանձնառություն ստանձնելով իրենց իրավասությունների շրջանակներում ձեռնարկելու գործողություններ արցախցիներին աջակցելու ուղղությամբ։

 

 

ՉՎԵՐԹՆԵՐ ԿՍԿՍՎԵՆ

Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաեւ Դոնի Ռոստով-Երեւան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար եւ Սամարա-Երեւան- Սամարա երթուղիներով: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար եւ Սամարա՝ ավիաընկերության ուղեւորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երեւան եւ հակառակ ուղղությամբ: Դոնի Ռոստով-Երեւան-Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից եւ կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի: Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից եւ կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի: Սամարա-Երեւան-Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբրի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:

 




Լրահոս