ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԿՈՅԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք, արդեն երկու օր է՝ հանրությունն աղոթում է սիրված եւ ճանաչված երգիչ Հայկ Հակոբյանի (Հայկոյի)  առողջության, շուտ ապաքինման համար: Չնայած որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ  երգչի վիճակը ծանրացել է, քանի որ նրա թոքերի 80 տոկոսն ախտահարված է եղել, ինչն է՛լ ավելի է բարդացրել բժիշկների գործը, սակայն  բժիշկներն  հնարավորինս ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար:

 

Նշենք, որ  երգիչը վարակվել է COVID-19-ով, որը ծանր է անդրադարձել նրա վրա։

Լուրը իմանալուց հետո համացանցը ողողված էր սիրված երգչի առողջության եւ շուտ ապաքինման համար աղոթքներով:

Ստորեւ ArmLur.am-ը ներկայացնում է նրանց.

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, «Ինստագրամ»-ի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրել. «Ախպե՛ր ջան, աղոթում ենք քո համար, չհանձնվես»։

Երգչուհի Անահիտ Շահբազյանը հորդորել է բոլորին աղոթել Հայկոյի համար եւ հրապարակել երգչի լուսանկարը:

«Սիրելինե՛րս, վստահ եմ՝ շատերդ հույսներդ կորցրել եք, բայց խնդրում եմ հենց այդ 1 տոկոսի համար  աղոթե՛ք, մո՛մ վառեք, թեկուզ հենց ձեր տներում: Աստված օգնական լինի մեր բժիշկներին, որ շուտ արթնանա մեր Հայկոն…»,-գրել է նա:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նույնպես հուզիչ գրառում է կատարել եւ հրապարակել միասին լուսանկար. «Հայկո՛ ջան, քե՛զ տեսնեմ, իմ թա՛նկ ընկեր, շուտ լավացի՛ր, որ երգենք մեր երգը…»:

Դուդուկահար Կամո Սեյրանյանը նույնպես շուտափույթ ապաքինում է ցանկացել ընկերոջը եւ հրապարակել միասին լուսանկար:

«Հայկո՛ս, ախպե՛րս, բաժակները լցրել եմ: Շուտ ապաքինվի՛ր, ցավդ տանեմ»,- գրել է նա:

Հավելենք, որ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով նաեւ Հայկոյի նախկին կինն է, հրապարակում է արել է instagrami «Սթորի» բաժնում եւ հորդորել մարդկանց ապատեղեկատվություն չտարածել, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ որդին՝ Արմանը, դեռեւս տեղյակ չէ Հայկոյի առողջական վիճակի մասին.

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված Քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Ինչպես նաեւ Արմանը տեղյակ չէ այդ մասին եւ բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ եւ երեխային չգրել նամակներ եւ չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ:

Կարող եք աղոթել , եթե լավ բան եք ուզում անել:

Շնորհակալ եմ»:

ArmLur.am-ը եւ «Ժողովուրդ» օրաթերթը նույնպես միանում են բոլոր աղոթքներին  եւ շուտափոյթ ապաքինում մաղթում սիրված երգչին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը կհյուրընկալի նկարչուհի Քրիստինա Օգանեզի «Սուրբ Հոգու թռչունը» մշակութային նախագիծը:

 

Նախագիծը նպատակ ունի խթանել, որ յուրաքանչյուր քրիստոնյա ճանաչի Աստծուն Աստվածաշնչի միջոցով եւ Նոր Կտակարանը դարձնի իր սեղանի գիրքը՝ ընթերցելով, սերտելով ու հավատով լցվելով առ Աստված։

«Մի օր Աստծուն հարցրեցի. «Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ Քեզ համար: Ինչպե՞ս կարող եմ ծառայել Քեզ ինձ շնորհված տաղանդով»: Ծնվեց նոր գաղափար նկարների նոր հավաքածուի վերաբերյալ, եւ հավատում եմ, որ հենց Սուրբ Հոգին հուշեց ինձ այս նախագիծը իրականություն դարձնել։ Գաղափարն այն է, որ սեւ կտավի վրա ոսկե թռչնատառերով նկարել եմ միայն Աստվածաշնչի գլուխների եւ տողերի անվանումները: Տառերն ու նշանները օգտագործվել են հին հայկական այբուբենից եւ զարդանախշերից՝ թռչնատառերից»,- պատմում է սփյուռքահայ նկարչուհին:

Հայկական թռչնատառերը եւ նրանց մշակութային արտահայտությունները ներառված են 2019-ին UNESCO-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում:

Առաջին անգամ հանրությունը ականատես կլինի ոչ միայն թռչնատառերի, այլեւ թռչնաթվերի:

Քրիստինա Օգանեզը թռչնաթվերի ստեղծման գաղափարի հեղինակն է։ Թռչնաթվերն առաջին անգամ կներկայացվեն հենց այս նախագծի շրջանակում՝ դառնալով հայկական մշակույթի ինքնատիպ զարդերը։

Հայաստանում ծնված նկարչուհի Քրիստինա Օգանեզն արվեստի աշխարհ մուտք գործեց ընդամենը 3 տարեկանում՝ հաճախելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն։ Որպես տաղանդավոր երեխա՝ մանուկ հասակում մասնակցել է բազում ցուցահանդեսների։

Դեռահասության շրջանում շարունակել է նկարել, այնուհետեւ նաեւ սովորել գրաֆիկ դիզայն եւ լուսանկարչություն։ Արվեստի մասնավոր դասեր է վերցրել հայ հայտնի արվեստագետներից՝ է՛լ ավելի կատարելագործելու սեփական նկարչական հմտությունները։ Հայ նկարիչը նաեւ լեզվաբանի եւ տնտեսագետի կրթություն  ունի։

Քրիստինա Օգանեզն Արվեստագետների միջազգային միության (Էստոնիա) անդամ է, նաեւ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ:

Հայ արվեստագետը հանդես է եկել անհատական եւ խմբակային ցուցահանդեսներով Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս:

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ

Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում երկու հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել եւ դուրս եկել 1/4 եզրափակիչ. տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որը նախորդ փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, այս անգամ առավելության է հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հաղթել է Ղազախստանը ներկայացնող Դամիռ Տոիբային։ Սեպտեմբերի 22-ին կայանալիք 1/4 եզրափակչում սպասվում է հայ-բրազիլական դիմակայություն։ Մաշակարյանը կմրցի Լուիս Սիլվա Ռոդրիգեսի, իսկ Չալոյանը՝ Ջոել Սիլվա Ռամոսի հետ։

 

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ Է

Դորտմունդի «Բորուսիան» դիտարկել է Մոսկվայի «Դինոմայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին ձեռք բերելու տարբերակը: «ՀըԽ հտՏՐՑ»-ի համաձայն՝ գերմանական ակումբի սկաուտական բաժնի ղեկավար Մարկուս Պիլավան Ռուսաստանի ազգային հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստի խաղին հետեւել է Հունգարիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Զախարյանի խաղը դուր է եկել սկաուտական խմբին, որն ակումբին առաջարկել է դիտարկել հայ խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 8 հանդիպման, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս:

 

 

ԱՎԱՐՏՈՒՄ Է ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեն ավարտում է ելույթները Երեւանի «Արարատի» կազմում։ Հունգարական «Ույպեշտի» հետ համաձայնություն է ձեռք բերվել 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ. hաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:  Մորի Կոնեն «Արարատին» միացել էր 2020/21թթ. մրցաշրջանից առաջ:  Նա երեւանյան ակումբի կազմում մասնակցել  Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ: Կոնեն նաեւ առանցքային դեր է ունեցել 2020/21 մրցաշրջանում «Արարատի»՝ Հայաստանի գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային վեց խաղի եւ դարձել է վեց գոլի հեղինակ, այդ թվում՝ երկու գոլ խփելով եզրափակիչ խաղում։ Եվրագավաթներում կոտդիվուարցի ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկարցել է չորս հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

 

 

 

 




Լրահոս