Լուսանկարն արվել է Երեւանում
Մայրաքաղաքի կենտրոնի բակերից մեկում կատուն ահա այսպիսի հանգրվան է գտել: Տեղավորվել է ծառի վրա ու վայելում է աշնան արեւի շողերը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպիսի իրավական հետեւանքներ է առաջացնում ամուսնալուծության պետական գրանցումը: Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:
Լիլիթ Պողոսյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը։ Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ։ Ամուսնալուծության պետական գրանցումը ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը իրականացնելիս գանձվում է լրացուցիչ վճար՝ 100.000 ՀՀ դրամ:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ ուսանողներին է կրթաթոշակ տրվում:
Մարգարիտա Մնացականյան (57 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մնացականյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին: Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում),
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը: