Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին վերջին պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող ամուսնու փոխարեն երկրորդ երեխայի միանվագ նպաստը ստանալուն աջակցելու հարցում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նա տեղեկացրել է, որ մինչև պատերազմն ամուսինը երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելու հարցով դիմել է Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին և նպաստի գումարը (300.000 ՀՀ դրամ) փոխանցվել է ամուսնու անունով բացված բանկային հաշվին, այդ իսկ պատճառով նպաստի գումարը բանկը հրաժարվում է իրեն վճարել:
Անհայտ կորած համարվող տղամարդու կինն ընկել է քաշքշուկների մեջ․ տարբեր պետական մարմիններ պահանջում են տարբեր փաստաթղթեր։
Բարձրացված խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հարցը բանավոր ու գրավոր տարբերակներով քննարկել է իրավասու պետական մարմինների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Սոցիալական ապահովության ծառայության հետ համագործակցության արդյունքում կինը կարողացել է ստանալ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը։