Հանրապետության նախագահի աշխատակազմը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 72-րդ տարում կյանքից հեռացել է Հանրապետության նախագահի խորհրդական, թարգմանիչ, դիվանագետ Համլետ Արամայիսի Գասպարյանը:
Համլետ Գասպարյանը իր երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր: Նա այդպիսին էր թե՛ կյանքում, թե աշխատանքային գործունեության ողջ ընթացքում, թե մարդկային հարաբերություններում:
Համլետ Գասպարյանը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ:
Համլետ Գասպարյանը մի առանձին սեր ու համակրանք ուներ Շառլ Ազնավուրի հանդեպ: Ազնավուրի հեղինակած ու Ազնավուրի մասին գրեթե բոլոր գրքերը, որոնք հայերեն հասանելի են ընթերցողին, իրենց վրա ունեն Համլետ Գասպարյանի անխոնջ աշխատանքի կնիքը:
Համլետ Գասպարյանի լրագրողական դպրոցն ինքնատիպ վարպետության դասընթաց էր, որի միջով անցան բազում լրագրողներ, որոնք այսօր էլ հայտնի դեմքեր են հայկական լրատվական դաշտում: Նա իր գործի իսկական մասնագետն էր, պետական արժանապատիվ պաշտոնյա, ազնիվ ընկեր ու ընտանիքի նվիրյալ հայր:
Հանրապետության նախագահի աշխատակազմը ցավակցում է Համլետ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց ծանր վիշտը:
***
Համլետ Գասպարյանը ծնվել է 1950թ. մայիսին 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում:
1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը:
Խորհրդային տարիներին աշխատել է տպարաններում և հրատարակչական տներում որպես սրբագրիչ և հրատարակչական խմբագիր:
Մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, անդամակցել «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը»:
1988թ. աշխատակցել է անկախ հրատարակություններին և թերթերին («Հայ Դատ», «Հայ Աշխարհ»):
1989-1990թթ. Եղել է «Հայ աշխարհ» թերթի խմբագրի տեղակալը:
1989-1990թթ. մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը` մինչև 1995թ. ապրիլը լինելով օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը:
Այդ ընթացքում որպես լրագրող բազմիցս լուսաբանել է Հայաստանի ղեկավարության և հայկական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունները:
1995թ. աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
1995-1996թթ. գործուղման է մեկնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն:
1996-1997թթ.՝ առաջին քարտուղար ԱԳՆ Եվրոպայի վարչությունում:
1997-1998թթ. Եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրենը:
1999-2002թթ. գործուղվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն՝ որպես խորհրդական:
2002-2003թթ. աշխատել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչությունում որպես խորհրդական, այնուհետև նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ, մամուլի և տեղեկատվության վարչության պետ:
2005թ. Համլետ Գասպարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
2006-2010թթ. Աշխատել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում որպես դեսպանորդ,
2008-2009թթ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, գործերի ժամանակավոր հավատարմատար,
2010-2017թթ․ Ռումինիայում ՀՀ դեսպան,
2014-2017թթ․ Չեռնոգորիայում ՀՀ դեսպան:
2018թ. փետրվարի 12-ին նշանակվել է ԱԳՆ քաղծրագրավորման վարչության պետ-նախարարի խորհրդական:
2018թ. ապրիլի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:
2020թ. մայիսին Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: