Կիրակի օրն Աբովյան քաղաքում ուսուցիչների տոնի կապակցությամբ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության նախագահ, «Գարդմանա երկիր» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Սպարտակ Մելիքյանը միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էր շուրջ 250 ուսուցիչ: Նրանց նաեւ շնորհակալագրեր հանձնվեցին:Քանի որ այսուհետ հոկտեմբերի 5-ը Հայաստանում նշվում է որպես ուսուցչի օր, ԱԺ պատգամավորը մանկավարժներին հրավիրել էր Աբովյան քաղաքի «Վան» ռեստորանային համալիր` իրենց տոնը նշելու: Հիշեցնենք, որ բացի այս տոնից, վերջերս ԺԱԿ նախագահը գիտելիքների տոնի առթիվ այցելել էր սահմանամերձ գյուղեր` աշակերտներին նվեր բաժանելու համար: Նույն օրը Երեւանի երկու կրթահամալիր կատարած այցելությունից հետո Սպարտակ Մելիքյանը հանդիպեց 250 ուսուցիչների, որոնք Աբովյան էին հասել մայրաքաղաքից եւ տարբեր մարզերից` Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Արարատի: Նրանք հիմնականում այն համայնքներից էին, որտեղ գարդմանահայեր են բնակվում, այսինքն` 1988 թվականի իրադարձություններից հետո, երբ Հայաստան ներգաղթեցին պատմական Գարդմանի բնակիչները: Մոտ 80 համայնքից հրավիրված մանկավարժներից 10-ին ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը շնորհակալագրեր հանձնեց: Եւ այսպես, ԺԱԿ նախագահը շնորհավորեց ուսուցիչներին ու նշեց, որ իրենց կատարած աշխատանքը շատ կարեւոր է սերնդի կրթության համար: Միջոցառումը սկսվեց Գարդմանի օրհներգով: «Ուսուցիչները յուրաքանչյուր ծանր պահի պատվով են կատարել իրենց աշխատանքը, սերունդ են կրթել ու դաստիարակել, եւ մենք պետք խոնարհվենք մեր ուսուցիչների առջեւ, քանի որ իրենք են հայրենիքի համար սերունդներ կրթում, որը շատ կարեւոր գործ է անկախ երկրում ապրելու համար»,-ասաց պատգամավորը:Մելիքյանի խոսքերով` նման նախաձեռնություններն իրենք 2001 թվականից ի վեր կատարում են. «Արդեն 10-րդ անգամն է, որ հավաքվում ենք ուսուցչի տոնը նշելու համար, ինչի՞ եմ հենց գարդմանցիների ու սահմանամերձ գյուղերի ուսուցիչների վրա ուշադրություն դարձնում, քանի որ գտնում եմ, որ սահմաններն ամուր պահելու համար ամենակարեւոր հանգամանքն է, որպեսզի սահմանամերձ գյուղում լինի լավ աշխատանքային կոլեկտիվ, որը կդաստիարակի մեր ապագա սերունդը»:Պարոն Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս միջոցառումները շարունակաբար լինելու են. «Մենք ցանկանում ենք տարեկան մեկ-երկու անգամ հնարավորություն ստեղծել ժողովրդին բարձր տրամադրություն պարգեւելու համար, իսկ պետության գլխավոր նպատակը պետք է լինի նոր սերնդին դաստիարակելը, մենք պետք է ուսուցիչների համար լավ պայմաններ ստեղծենք, արդեն այս արտագաղթի պայմաններում բազմաթիվ մասնագետներ ստիպված են լինում գնալ երկրից, իրենց համար ապրելակերպ ստեղծելու համար, այլ ոչ թե դոնոր կազմակերպությունների նման մենք դաստիարակենք եւ ուղարկենք արտերկիր իրենց համար ապագա ստեղծելու»,-եզրափակեց ԱԺ պատգամավորը:ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը չէր մոռացել միջոցառմանը հրավիրել նաեւ իր առաջին ուսուցչուհուն` Նոնա Ավետիքյանին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԺ պատգամավորը միշտ իրեն հիշում է եւ տոներին շնորհավորում. «Ես շատ ցնցված եմ, Սպարտակը միշտ հիշում է, եւ ես հպարտանում եմ իրենով, այդքան ուշադիր ու բարեհոգի մարդ… Ես բառեր չեմ գտնում, շատ համեստ է եւ հարգալից ընկեր»:Միջոցառմանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր նաեւ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով եւս ուսուցիչներին շնորհավորեց տոնի կապակցությամբ եւ բարի երթ մաղթեց նրանց: Ուսուցիչներին բարձր տրամադրություն էր հաղորդում «Գարդմանա կանչ» երգի-պարի համույթը, որը եւս ստեղծվել է Սպարտակ Մելիքյանի կողմից:Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆR.
ՊԱՐԳԵՎՆԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ