Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի հավաքման աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ սահմանազատման գծի մոտակայքում, տեղակայված 5 պլանտացիայում՝ ընդհանուր 27 հա մակերեսով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ինչպես նշվում է, ռուս խաղաղապահների մասնակցությամբ բերքահավաքն ավելի քան մեկ ամիս է, ինչ անցկացվում է Մարտունու շրջանի Ճարտար, Մաճկալաշեն, Ամարաս բնակավայրերում և Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում:
«Լեռնային Ղարաբաղի գինեգործներն ավելի վաղ իրենց առաջին բերքի մի մասը փոխանցել են Ստեփանակերտ քաղաքի դպրոց-ինտերնատին, որտեղ նույնպես խաղաղապահներն ապահովել են աշխատակիցների անվտանգությունը բերքահավաքի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2298 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 032 պայթյունավտանգ առարկա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։