ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը բախվել են «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:
2021 թվականին ՀՔԾ-ն կալանավորեց Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին: Նախաքննությամբ պարզվել էր, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված թեկնածուների ցուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ` արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գ. Պետրոսյանի կողմից այդ գումարը ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խլղաթյանը և Գ. Պետրոսյանը հանցագործությունը ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ:
Վերը նշված արարքների համար Ռուբեն Խլղաթյանին և Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Եվ ահա 2021 թվակլանի սեպտենբերի 15-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ քրեական գործով Նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Այստեղից էլ սկսվում է Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ հակամարտությունը: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ դատախազը չի հաստատում այս քրեական գործը եւ հետ է ուղարկում քննիչին, սակայն քննիչը կռիվ է տալիս, թե լրացուցիչ քննություն չի անի: Արդյունքում, դատախազությունում այս օրերին քննարկում են Խլղաթյանի քրեական գործի ճակատագիրը՝ այն ուղարկել դատարան, թե ոչ:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատախազի եւ քննիչի կռիվը կապված է ապացույցների պակասի հետ: Գործը հսկող դատախազը ասել է, որ քրեական գործով ապացույց չկա, ու այս վիճակով գործը դատարան ուղարկել չեն կարող, իսկ քննիչն առարկել է, թե ուղարկենք ու վերջ: Ստացվում է, որ ՀՔԾ-ն չի կարողանում ապացուցել Խլղաթյանի մեղքը, իսկ Գլխավոր դատախազությունն էլ չի ուզում հիմնազուրկ գործ ուղարկել դատարան:
Ինչեւէ ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե գործը ուղարկվել է դատարան, թե ոչ եւ ինչ խնդիր է առաջացել քրեական գործով դատախազության եւ ՀՔԾ քնիչի միջեւ, ի պատասխան հայտնեցին. «Հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու ցուցումով քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ սեպտեմբերի 17-ին: Այդ որոշման կապակցությամբ քննիչի կողմից ստացվել է առարկություն, որը ներկայումս քննարկվում է: Սահմանված ժամկետներում դրա վերաբերյալ վերադաս դատախազի կողմից կկայացվի որոշում: Որևէ խնդիր երկու մարմինների միջև չկա, աշխատանքային բնական գործընթաց է»:
Դիմեցինք նաեւ Ռուբեն Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանին, որն անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հայտնեց. «Պաշտոնապես նման տեղեկատվություն պաշտպանական կողմը չունի, բայց առ այսօր չի ուղարկվել մեղադրական եզրակացությունը։ Նախ նշեմ, որ օբյեկտիվ իրականության մեջ չկա պարոն Խլղաթյանի կողմից իրեն մեղսագրված արարքի կատարման փաստը, բացի այդ, նախաքննության ավարտ հայտարարվելուց հետո ծանոթանալով քրեական գործի նյութերին, հիմնավորվում է այն, որ պարոն Խլղաթյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրված արարքի կատարմանը։ Քրեական գործի նյութերում առկա չէ գեթ մեկ փաստական տվյալ, որը կարող է դրվել մեղադրանքի հիմքում և խոսել Խլղաթյանի՝ դեպքին առընչության մասին։ Հետևաբար, այդ պայմաններում քրեական գործի վարույթը ենթակա էր կարճման»։
Քնար Մանուկյան