Հողամաս Ծաղկաձորում, նոր ավտոմեքենա. իշխանության գալուց հետո Թորոսյանի ունեցվածքն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 եւ 2021 թվականները ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքում ձեռքբերումների տարիներ են եղել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Թորոսյանն այս տարի գնել է 2017 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա: Իսկ նախորդ տարվա սեպտեմբերին Թորոսյանն ու իր կինը 13 մլն 692 հազար դրամով Ծաղկաձորում հողամաս են գնել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Թորոսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է անհատական բնակելի մեկ տուն, որը գտնվում է Նոր Նորքում: Բացի այս, պատգամավորն ունի 20 հազար 804 եվրոյի չափով արժեթուղթ:

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 46 հազար դրամ, 12 հազար 177 եվրո եւ 10 հազար 360 եվրո գումար:

Թորոսյանի 2020 թվականի ստացած ամբողջ եկամուտը կազմել է 12 մլն 843 հազար դրամ, որի 3 մլն 580 հազար դրամը նա ստացել է ՀՀ առողջապահության նախարարությունից, իսկ 9 մլն 262 հազար դրամը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից: Այսինքն ամսական 1 մլն 70 հազար դրամ:

Կնոջ՝ Վարդանուշ Թեւանյանի շարժական գույքը երկուսն են՝ 2011 թվականի արտադրության BMW, 2015 թվականի արտադրված Mercedes Benz մակնիշի ավտոմեքենաներ: Պատգամավորի կինը ավտոմեքենաներից մեկը ձեռք է բերել 2018-ին, մյուսը՝ 2019-ին:

Փաստորեն ամուսինները 2018 թվականից սկսած ավտոմեքենաներ են ձեռք բերում, ընդմիւջում եղել է 2020 թվականին, սակայն այդ տարում նրանք հողամաս են գնել: ՙԱսիաՄեգաստրոյ՚ ընկերությունից Վարդանուշ Թեւանյանը 19 մլն 380 հազար դրամի չափով փոխառություն է ստացել: Իսկ տարեվերջին ունեցած ավանդը կազմել է 31 հազար 601 եվրո:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ 2020-ի վերջին պատգամավորի կնոջ բանկային հաշիվներին մնացորդները կազմել են 2 մլն 19 հազար դրամ, 2655 դոլար, 16 հազար դրամ: Իսկ ահա եմակուտը 2020-ին կազմել է 28 մլն 561 հազար դրամ, որից 4 մլն 320 հազար դրամը նա ստացել է ՙՄիբս՚ ընկերությունից՝ վարձակալության դիմաց, իսկ 24 մլն 241 հազար դրամը որպես աշխատավարձ: Այսինքն ամսական 2 մլն 20 հազար դրամ: Ստացվում է, որ Թորոսյանի կնոջ աշխատավարձն ավելի բարձր է, քան իր: Բացի այս, Թորոսյանը նա որպես Ազգային Ժողովի պատգամավոր ավելի քիչ է վաստակելու, քան վարչապետի աշխատակազմում:

Բացի այս, որպես եկամուտ Թորոսյանի տիկինը տրված փոխառությունների դիմաց ստացել է 1216 դոլար, որն էլ հայտարարագրել է որպես եկամուտ:

Ս.Հ.




Լրահոս