ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ  զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը զարմանք հայտնեց, թե ինչ հիմքով են իշխանություններն ասում, թե Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ է: «Մենք տեսել ենք, թե այդ ճանապարհին ինչպիսի դեպքեր են եւ ինչ իրավիճակներ են ստեղծվում: Նույնիսկ առեւանգվել են այդ ճանապարհին, եւ պարզապես ասել, որ անվտանգ է, ես չեմ հավատում»,-նշեց նա:

 

-ՀՀ պաշտպանության նախարարարությունը, գերատեսչությունները հասարակությանը հանգստացնում են, թե Գորիս-Կապան ճանապարհը անվտանգ է, որեւէ վտանգավոր բան չկա երթեւեկության համար, եւ քաղաքացիները կարող են  հանգիստ լինել: Դուք՝ որպես տարածաշրջանը ներկայացնող պատգամավոր, ի՞նչ կասեք այս դիտարկումների մասին:

-Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ հիմքով են ասում, որ անվտանգ է. ինչիպիսի՞ պայմանավորվածություններ ունեք, որ հիմա նման պնդումներ եք անում: Ի վերջո, մենք տեսել ենք, թե այդ ճանապարհին ինչպիսի դեպքեր են ստեղծվում: Կանգնեցնում Արցախից եկող ավտոբուսն ու մեր պատանիներին ահաբեկում են ադրբեջանցիները: Մեր մեքենաների վրայից դրոշներն են մաքրվում: Նույնիսկ ճանապարհին առեւանգում են մեր քաղաքացիներին: Պարզապես ասել, որ անվտանգ է, ներողություն, բայց չեմ հավատում: Ի վերջո, ՀՀ պաշտպանության նախարարը սա ասում է՝ որպես համապատասխան գերատեսչության նախարա՞ր, թե՞ որպես ՀՀ քաղաքացի: Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս. որովհետեւ, երբ դեռեւս օգոստոսի 28-ին փակվել էր, ես հարցում եմ ուղարկել Պաշտպանություն եւ խնդրել եմ, որպեսզի ինձ տրամադրեն նոյեմբերի 10-ից հետո՝ եռակողմ հայտարարությունից հետո ստորագրված Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհի շահագործման կազմակերպման վերաբերյալ  որեւէ փաստաթղթի պատճեն կամ գոնե տեղեկացնեն, թե ինչպես է կազմակերպվում ճանապարհային երթեւեկությունը նշված տարածքում: Ինձ Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ իմ բարձրացրած հարցերը դուրս են Պաշտպանության նախարարության գործառույթների շրջանակներից: Հիմա պաշտպանության նախարարն այդ ի՞նչ լիազորություններից ելնելով է ասում, որ ճանապարհ՝ն անվտանգ է: Պարոն Կարապետյանը լավ կանի անվտանգության մասին նման հայտարարություններ հայտնի՝ Սեւ լճի հետ կապված: Նա ասում էր, որ եթե ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիք լինի, ապա մենք համապատասխան գործողություններ կիրականացնենք: Սեւ լճում այս պահին ադրբեջանցիները նստած են:

-Վարչապետ Փաշինյանն էլ ասում է՝ 10 տոկոսը կամ 20 տոկոսը մերը չէ: Գուցե ա՞յդ տրամաբանությամբ է առաջնորդվում:

-Ես չգիտեմ՝ նրանց տրամաբանությունն ու գործողությունները հայկական պետական շահից են բխում, թե ադրբեջանական:

-Վերջին անգամ ե՞րբ եք երթեւեկել Գորիս-Կապան ավտոճանապարհով, եւ հոգեբանական զգացողություններն ինչպիսի՞ն էին: Վերջին շրջանում՝ ոստիկանական կետի հայտնվելուց հետո,  մարդկանց մոտ վախի զգացողությունը ավելի է մեծացել:

-Կոնկրետ օրը չեմ հիշի, բայց եղել է ոստիկանական կետը, բայց,  ըստ էության, դա մաքսային կետ է, ոչ թե ոստիկանական: Իրավիճակն այնպիսին է, որ բազմաթիվ իրանական մեքենաներ էին կանգնած: Կային արգելապատնեշներ: Սա է իրավիճակը: Այս իրավիճակում որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ անվտանգ է:

-Բնակիչներն ավելի շատ են օգտվում այլընտրանքայի՞ն ճանապարհներից:

-Կդժվարանամ պատասխանել, որովհետեւ այնպիսի մեծ հարցումներ չեն կատարել, որպեսզի հասկանանք, բայց կարող եմ ասել, որ իմ ծանոթները, բարեկամները, ընկերները սկսում են օգտվել Տաթեւով անցնող ճանապարհից:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԿԳԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Սեպտեմբերի 28-ին Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով կներկայանա ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Armlur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովը պատրաստվում է քննարկել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

 

Հայրենի ոստիկանության առաջարկվող փոփոխության նպատակը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում դեռեւս բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որեւէ երկրի քաղաքացիություն եւ դիմում են Հայաստանի Հանրապետությոան ոստիկանություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու եւ անձը հաստատող փաստաթղթով փաստաթղթավորվելու համար, ուստի նշված կատեգորիայի անձանց համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը սույն նախագծով երկարաձգվում է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ինչպես նաեւ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ լրիվ գործունակ է ճանաչվում ավելի վաղ: Ոստիկանության սույն օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված, ազգությամբ հայերի՝ պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքի լիարժեք իրացումը, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն կսահմանվի 90 աշխատանքային օր:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք իրավունք կունենան առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին, այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ դիմելու դեպքում:

 

 

ԼԻՍԿԱՅԻ ՈՐԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԷ

Երեկ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն է ինքնակամ ներկայացել Գորիս քաղաքի բնակիչ, 33-ամյա Կարեն Պողոսյանը։ Վերջինս Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, ով քննչական գլխավոր վարչությունից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես հայտնի է, հուլիսի 13-ին Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ վիճաբանություն էր եղել, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել նախկին մարզպետի հարազատներից մեկը: Դեպքից հետո իրավապահները հետախուզում հայտարարեցին Սյունիքի ներկայիս մարզպետի՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ, ու խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ստեղծված իրավիճակից: Մասնավորապես, այս գործով առգրավվել են Սյունիքի մարզպետի մյուս որդու կնոջ ավտոմեքենան: Մարզպետի մյուս որդին դատախազ է: Հետաքրքիր է նաեւ, որ Սյունիքի մարզպետի որդին, ում հետ էլ եղել է վիճաբանությունը, լքել է Հայաստանը:

 

 

ԿՆՈՋ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՉԿԱ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է 2020  թվականի ունեցվածքի եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը, սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարի կնոջ հայտարարագիրը բացակայում է։ Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ նախարարն ունի երկու բնակարան, որից մեկը որպես ժառանգություն ստացել է դեռեւս 1977  թվականին, մյուսը գնել է։ Մի բնակարանը գտնվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, մյուսը՝ Նոր Նորքում։ Նախարարի շարժական գույքը 2009 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենան է, որը նա գնել է 2012 թվականին։ Ըստ Քերոբյանի ներկայացրած հայտարարագրի՝ մեկ ընկերությունում ունի 17.39  տոկոսի չափով բաժնեմաս. խոսքը «Մենյու գրուպ»-ի մասին է։ Իսկ որպես եկամուտ նախարարը պաշտոնեական պարտականությունները ստանձնելու ժամանակ հայտարարագրել է 35 մլն դրամ ստացած աշխատավարձը, որը ստացել է «Ինտերնետ Պրոջեքտս» ընկերությունից:

 




Լրահոս