ՀԱՅԱՆՊԱՍՏ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենքների հանձնաժողովը թույլատրեց լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկությանը հանել հայանպաստ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենքների հանձնաժողովը կողմ հանդես եկավ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծի քննարկման շրջանակում Հայկական հանձնախմբի կոնգրեսականների ներկայացրած հայանպաստ մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծերին՝ այսպիսով թույլ տալով դրանց ընդգրկումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը: Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի եւ Բրեդ Շերմանի նախագիծը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ կալանավորվածներին, ինչպես նաեւ հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ:

Օրենքների հանձնաժողովը նաեւ թույլատրեց Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկությանը դնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Դեյվիդ Վալադաոյի, Դինա Տիտուսի եւ Ջիմ ՄակԳովերնի փոփոխությունների նախագծերը:

Հիշեցնենք, որ Կարդենաս-Շիֆ-Շերման փոփոխության նախագծում ասված է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեւարված քաղաքացիական անձանց: Այն նաեւ պահանջում է պաշտպանության նախարարից զեկույց ներկայացնել 2020 թ.-ի պատերազմի ժամանակ թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Երկկուսակցական օրենսդրական այս նախաձեռնությունն աջակցել են ավելի քան տասը կոնգրեսականներ:

«Շատ կարեւոր է, որ լիարժեք հաշվետվություն ունենանք փաստերի վերաբերյալ, երբ փորձում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար: Ուրախ եմ, որ սերտորեն աշխատել եմ կոնգրեսականներ Շիֆի եւ Շերմանի հետ՝ այսպիսի օրինագիծ պատրաստելու ուղղությամբ»,- ասել է կոնգրեսական Քարդենասը:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի օրենսդրական նախաձեռնությունը պահանջում է պաշտպանության նախարարից պետքարտուղարի հետ համագործակցությամբ պատրաստել զեկույց՝ անդրադառնալով այն պնդմանը, որ օտարերկրյա պետությունների որոշ զինված ստորաբաժանումներ, որոնք մասնակցել են անվտանգության համագործակցության ծրագրերի 333-րդ հոդվածի համաձայն, կատարել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ ԱՄՆ-ի կողմից անվտանգության աջակցության տրամադրման ժամանակ կամ դրանից առաջ:

Դեյվիդ Վալադաոյի առաջարկած օրեսդրական փոփոխությունն էլ պահանջում է 180 օրվա ընթացքում հաշվետվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ-ի մարդասիրական բոլոր ծրագրերի մասին, իսկ կոնգրեսական Դինա Տիտուսի հեղինակությամբ նախագիծը պետքարտուղարից պահանջում է հաշվետվություն Թուրքիայի «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեության մասին, որոնք ձեռնարկվել են ԱՄՆ դաշնակիցների եւ միջազգային գործընկերների շահերի դեմ: Նախագիծն առաջարկում է ուսումնասիրել այս կազմակերպությունը ահաբեկչական խմբավորում ճանաչելու հարցը։ Կոնգրեսական Ջիմ ՄաքԳովերնի օրենսդրական նախագիծն էլ միտված է փոփոխություններ առաջարկել Մարդու իրավունքների հաշվետվողականության գլոբալ օրենքում՝ հայտնի որպես «Մագնիցկի ակտ», որով կթույլատրվի պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների լուրջ խախտումներ իրականացրած կամ կոռումպացված անձանց հանդեպ:

Այս փոփոխությունները կքվեարկվեն Ներկայացուցիչների պալատում Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի քննարկման ժամանակ, որը կարող է սկսվել արդեն մոտ օրերս:

Ն. Պ.

 

 

ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ

«Արմեն Չարչյանի գործը վարողը դատավորը վերադարձել է արձակուրդից, եւ մենք հույս ունենք, որ դատարանն արտահերթ նիստ կհրավիրի Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ»,- նշել է Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ «Արմեն Չարչյանի գործը վարողը դատավորը սեպտեմբերի 22-ին վերադարձել է արձակուրդից, եւ մենք հույս ունենք, որ մինչեւ հերթական նիստի օրը՝ հոկտեմբերի 1-ը, դատարանն արտահերթ նիստ կհրավիրի եւ կքննի հրատապ միջնորդությունը՝ Արմեն Չարչյանին ազատ արձակելու վերաբերյալ»,-ասել է Ալեքսանյանը։ Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ Արմեն Չարչյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։

 

 

 

ՏՈՒԳԱՆՔ՝ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻՆ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում յուրաքանչյուր շաբաթ տեղի ունեցող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են տուգանք նշանակելու մասին որոշումներ, որոնց արդյունքում ավտոմոբիլային վառելիքի, սեղմված բնական գազի եւ հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ առեւտուր իրականացնող թվով չորս տնտեսվարողներ ենթարկվել են շուրջ 5 միլոն 500 հազար, եւ եւս երկու տնտեսվարող՝ 200 հազար ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության:

 

 

ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ  ՊԱՏՃԱՌՈՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրաստբուրգում, քանի որ ԵՄ-ն չի ընդունում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը: Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, ականավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին: «Երկուշաբթի մեկնարկում է ԵԽԽՎ նիստը Ստրասբուրգում, մեր պատվիրակությանը ծանուցում է եկել, որի համաձայն՝ քանի որ պատվաստված չենք եւ «կարմիր գոտում» ենք ընդգրկված, կարող ենք տեղաշարժվել միայն հյուրանոցից Խորհրդարանական վեհաժողովի շենք»,- ասել է սենատորը: Միեւնույն ժամանակ թուրքական պատվիրակությունը, որը նույնպես «կարմիր գոտուց» է եւ պատվաստված է ամերիկյան Pfizer դեղամիջոցով, որեւէ սահմանափակման չի ենթարկվել: Նույնը նաեւ ուկրաինական պատվիրակության դեպքում է:

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է  ստորագրել. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաշես Արտավազդի Խալաթյանին 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ազատել վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետի պաշտոնից»: Նշվում է, որ ազատման հիմք է ծառայել անձնական դիմումը։ Խալաթյանը այս պաշտոնում նշանակվել էր հունիսի 7-ին։

 

 

 

ԾԵԾԿՌՏՈՒՔ՝ ՔԿՀ-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրերս ծեծկռտուք է եղել Արմավիր քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 13 հոգի ծեծել են դատապարտյալ Կարենին. նա այլ դատապարտյալների հետ «զոն նայել-չնայելու» հարցի հետեւանքով ստացել է քթի, ձեռքի մատների կոտրվածք եւ այլ բազմաթիվ կոտրվածքներ: Մեզ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից հասած տեղեկությունների համաձայն՝ այս միջադեպը եղել է հենց քրեակատորաղական հիմնարկի աշխատակիցների առջեւ, որոնք որեւէ միջամտություն չեն ցուցաբերել կռիվը դադարեցնելու համար:

 

 

ՄԻԱՅՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսուհետ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձեւից, ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ։ Բացի այս, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պահանջում է նաեւ՝ ծառերի հատման դեպքերում այդ հողերի սեփականատերերը պարտավորվեն ծառապատել տվյալ հողամասը նույն չափով եւ հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով։ Իսկ եթե տվյալ հողամասում դա անհնարին լինի, ապա կծառապատեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք։ ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ այս պահանջը եթե սեփականատիրոջ կողմից չիրականացվի, ապա, որպես այլընտրանք, Կառավարության սահմանած չափով եւ կարգով՝ սեփականատերը գումար է մուտքագրելու տվյալ համայնքի բյուջե համայնքի կողմից ծառապատելում իրականացնելու համար։ Ի դեպ, այս պահին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դեռ չի կողմնորոշվել գումարի չափի հարցում։

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի հուլիսից մինչեւ 2020թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ իր համար ակնհայտ 16 տարին չլրացած, 24.05.2005թ. ծնված անձի նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ: Այդ նույն ժամանակահատվածում վեց անգամ տվյալ անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով վերջինիցս պահանջել է 10000, 10000, 115000, 165000, 87000 եւ 270000 ՀՀ դրամ գումար:

 

 




Լրահոս