41 ԳՈՐԾ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ տարի Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող ավելի քան 2 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։

 

«Քրեական գործերը հարուցվում են, այսինքն՝ քանակը ավելանում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ քննությունների ընթացքում ձեռք բերվող տվյալների հիման վրա, երբ բավարարվում է քրեական գործի հարուցման նվազագույն շեմի համար անհրաժեշտ փաստական տվյալների բազան, անմիջապես հարուցվում է քրեական գործ, եւ սկսվում է քննություն», – ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նրա փոխանցմամբ՝ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։ Չնայած մեղադրանքին՝ իրավապահները չեն կասեցրել բարձրաստիճան զինվորականի պաշտոնավարումը։ Իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդում։ Աբրահամյանը հավաստիացնում է՝ ընթանում են ինտենսիվ քննություններ՝ բացահայտելու պատերազմի ժամանակ դասալքության, անփութության, դավաճանության եւ այլ դրվագներով մեղավորներին։ 41 գործ՝ 49 մեղադրյալներով, արդեն ուղարկվել է դատարան։ Պատերազմական գործերն ընթանում են երկու ուղղությամբ. հայաստանյան եւ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների գործողություններն են քննում իրավապահները։ Դատարան ուղարկված գործերի կեսից ավելին՝ 25-ը, առնչվում է պատերազմի ընթացքում ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելուն, կա 28 ամբաստանյալ։ 7 քրեական գործը վերաբերում է ծառայության վայրն ինքնակամ լքելուն, եւս 9 անձ էլ մեղադրվում է դասալքության համար։ Մեղադրյալների մեծ մասը շարքայիններ են։

«Ունենք նաեւ անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի միջոցով կամ այլ ապօրինի եղանակներով զինվորական ծառայությունը չիրականացնելու կամ դադարեցնելու վերաբերյալ դատարան ուղարկված գործեր, եւ այլն։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ դատարանում այս պահի դրությամբ ունենք կոնկրետ մի քանի տասնյակ, կարելի է ասել, քրեական գործեր քննվող», – նշել է գլխավոր դատախազի խորհրդականը։

Դատախազությունը ադրբեջանական զինուժին վերաբերող հանցագործությունների մանրամասները չի հրապարակում։ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների մասով շատ լուրջ խնդիրներ ունենք անձանց նույնականացման հետ կապված գործողությունների մասով եւ նրանց մեղքը հիմնավորելու կամ ապացույցներ ձեռք բերելու իմաստով։ Հնարավորինս տարբեր աղբյուրներից փորձում ենք ձեռք բերել այդ ապացույցները։ Ինտենսիվ աշխատում են նաեւ քննչական մարմինները այն անձանց հետ, որոնք վերադառնում են գերությունից Հայաստան նրանց վերաբերյալ եւս տեղեկություններ ստանալու համար», – ասել է նա: Աբրահամյանը հիշեցնում է՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմած սիրիացի երկու վարձկաններն ամիսներ առաջ դատապարտվել են հայաստանյան դատարանի կողմից ցմահ ազատազրկման, մյուս գործերը նախաքննության փուլում են։

 

 

ՀԱՐՎԱԾԵԼ Է ՃԱԿԱՏԻՆ

Արմավիրի մարզում մարմնական վնասվածք հասցնելու հետեւանքով մահվան ելքով դեպք է տեղի ունեցել. ժամը 01։50-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ճակատի աջ հատվածում սալջարդ վերք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը արդեն մահացած է եղել։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Արամայիս Գ-ն էր։ Նույն օրը ոստիկանության ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները: Ըստ այդմ, Արամայիս Գ-ի եւ Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Արտակ Պ-ի միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Արտակ Պ-ն հարվածել է Արամայիս Գ-ի գլխի հատվածին, ինչի հետեւանքով նա մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-դ մասի 14 կետի հատկանիշով։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Արտակ Պ-ին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Քննիչի որոշմամբ՝ Արտակ Պ-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ 66-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 66-ամյա բնակչի կողմից հարեւանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, 66-ամյա տղամարդը Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի տան հարակից այգում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարեւանի հետ, որի ժամանակ փայտե ձողով, ինչպես նաեւ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 66-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԻՑ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երեւան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները. այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:  Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլ եւ մայիս ամիսներին Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ 39-ամյա տղամարդը վիճաբանել է 27-ամյա երիտասարդի հետ: Այնուհետեւ՝ 2021թ. մայիսի 25-ին, 39-ամյա տղամարդը վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրեն պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից մինչեւ Երեւան քաղաքի Արտաշատի խճուղի հետապնդել է երիտասարդին պատկանող եւ նրա կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան եւ ժամը 18:30-ի սահմաններում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով երկու կրակոց է արձակել նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ երիտասարդը ավտոմեքենան վարելով հեռացել է եւ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներով դիմել «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ՄԻՊ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունները։ Մասնավորապես, զեկույցում հղում է արված 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որով ծնողներին եւ երեխաներին կոչ էր արվում չափազանց զգույշ լինել սոցիալական ցանցերից օգտվելիս եւ խուսափել հատկապես TikTok- ից՝ վկայակոչելով թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներից տարածվող բռնության կոչերը: Մեծ կարեւորություն ունի նաեւ այն, որ Freedom House-ի զեկույցում օգտագործված է 2020 թվականի տարեվերջին Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցը՝ ադրբեջանական եւ թուրքական աղբյուրներից տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Ըստ համատեղ զեկույցի՝ «Ֆեյսբուք», «Թվիթեր» ու «Տիկ-Տոկ» ցանցերում հնչում են սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի եւ մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման կոչեր։

Freedom House-ը զեկույցը կազմելիս հաշվի է առել նաեւ պատերազմի ու ռազմական դրության ժամանակ կիրառված սահմանափակումները։ Այդ սահմանափակումների վերաբերյալ նախորդ տարի իր քննադատական դիրքորոշումներով էր հանդես եղել նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը:

 




Լրահոս