ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումներ էին ընթանում, որին մասնակցում էր նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ պատվաստումը չի բացառում վարակումը։ Մինչեւ «Դելտա» շտամի տարածումը պատվաստումը բավարար էր դիմակ չկրելու համար, սակայն իրականությունը այլ է։
«Պատվաստանյութը վարակումը չի բացառում, ինչպես նաեւ որեւէ դեղամիջոց, որեւէ բժշկական միջամտություն չի կարող 100 տոկոսանոց արդյունք երաշխավորել։ Վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք. չբուժվե՞նք, իհարկե, ոչ»,- նշում է Ավանեսյանը։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ինչ նպատակ են հետապնդում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող սահմանափակումները, եւ ինչու պատվաստված քաղաքացիներից ՊՇՌ թեստ չի պահանջվում, եթե նրանք էլ կարող են վարակվել։ «Ինչո՞ւ 14 օր մեկ, ինչո՞ւ ոչ ամեն օր։ Ավելի էֆեկտիվ կլիներ, եթե մենք ամեն օր հավաստենք, որ մարդը վարակված չէ։ Բայց մենք առաջնորդվում ենք բալանսավորման եւ խելամտության սկզբունքով»,-նշում է նախարարը։
Պատվաստումը պետք է լինի գիտակցված եւ կամավոր։ Քաղաքացիներին պետք է տրամադրվի անկեղծ եւ ճշմարտացի տեղեկություն պատվաստման դրական եւ բացասական հետեւանքների մասին, որպեսզի նրանք կարողանան կողմնորոշվել եւ ինքնուրույն որոշում կայացնել պատվաստման անհրաժեշտության կամ անցանկալի լինելու մասին։ Այս մասին ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։
Պրոֆեսորի խոսքով՝ կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում եւ արտասահմանում, բայց Հայաստանի առողջապահության նախարարությունը ինչ-որ պատճառներով անտեսում է դրանց արդյունքները։ «Ցավոք, ես պետք է նշեմ, որ Հայաստանում այդպես էլ չի իրականացվել դիսկուրս պատվաստման թեմայով, էլ չեմ ասում ավելի լայն թեմայի մասին, ինչպիսին է COVID-19-ին հակազդեցությունը։ Այս բոլոր հարցերը մեր երկրում փորձում են լուծել վարչարարական-հարկադիր մեթոդներով, ինչն անթույլատրելի է»,- ընդգծեց Գրիգորյանը։
Պրոֆեսորը հավաստիացրեց, որ շահերի որեւէ բախում չունի պատվաստանյութեր արտադրող խոշոր բժշկական ընկերությունների հետ։ Նա նշեց իր մասնագիտական գործունեությունը, կատարած հետազոտությունները, գիտական աշխատանքները, որոնք միջազգային ճանաչում են ստացել եւ լայնորեն հրապարակվել են, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։ «Ես երբեք չեմ զբաղվել ագիտացիայով՝ ուղղված պատվաստման դեմ, եւ չեմ պատրաստվում, բայց երբ ինձ հարցնում են՝ արժե արդյոք պատվաստվել, ես միշտ պատասխանում եմ, որ այդ որոշումը պետք է լինի գիտակցված»,- ասաց գիտնականը։
Նա պատվաստման բացասական հետեւանքների բազմաթիվ օրինակներ բերեց՝ նշելով պատվաստման անթույլատրելիությունը հղի կանանց շրջանում։ Գիտնականի խոսքով՝ դա կարող է սպառնալ վիժմամբ։ Նման դեպքեր, ցավոք, արդեն եղել են, ընդ որում՝ տարբեր երկրներում։ Իր բոլոր օրինակները նա հիմնավորում էր՝ նշելով գիտական հոդվածներ, հետազոտություններ, գիտնականների ելույթներ, որոնք կազմակերպվել են այդ թվում նաեւ եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների շրջանակում։
Այդ ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բավական կոշտ ձեւով պահանջեց պրոֆեսորից ապացույցներ ներկայացել։ «Ես խնդրում եմ Ձեզ հենց հիմա կոնկրետ նշել, թե որ պատվաստանյութը հակացուցումներ ունի, եւ ինչ հակացուցումների մասին է խոսքը։ Խնդրում եմ, մանիպուլյացիայի մի՛ ենթարկեք իմ խոսքերը։ Հղի կանայք ամբողջ աշխարհում պատվաստվում են»,- ասաց նախարարը։ Ի հաստատումն իր խոսքերի՝ Գրիգորյանը գրպանից հանեց թղթի մի կտոր։ Պարզվեց, որ դա ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հրահանգն է, որի վրա նշված էին հակացուցումները ոչ միայն հղի կանանց, այլեւ կրծքով կերակրող մայրերի համար։ Գիտնականը նախարարին հիշեցրեց կառավարության եւ Առողջապահության նախարարության համեմատաբար վերջերս իրականացրած բարբարոսական քաղաքականության մասին, որն արգելում էր քաղաքացիներին հարազատների հոգեհանգիստը կատարել բաց դագաղներով։ Ավելին, այն քաղաքացիների դիահերձումը, որոնք կասկածվել էին կորոնավիրուսով վարակվելու մեջ, եւ որոնք հետագայում մահացել են, չէր կատարվում, չնայած որեւէ ապացույց վարակման հնարավոր սպառնալիքի մասին նշված դեպքերում այդպես էլ չի ներկայացվել։ Իսկ հետագայում պարզվեց, որ մահացած մարդուց վարակվել հնարավոր չէ։
Նախարարն, ըստ էության, այդպես էլ չպատասխանեց Գրիգորյանի հարցերին։ Նա քանիցս նշեց, որ իր ժամանակը սահմանափակ է, բազում գործեր ունի, ուստի, որոշ ժամանակ անց հեռացավ խորհրդարանական հանձնաժողովի նիստից՝ անպատասխան թողնելով քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցեր։
Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատակիցները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստի բացասական արդյունքները։ Ցածր աշխատավարձերի հաշվառմամբ, փաստորեն, խոսքը պարտադիր պատվաստման մասին է։
Ն. Պ.
ԳՈՂԹԱՆԻԿ ԳՅՈՒՂՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԼՈՒՍԱՎՈՐՎԻ
Գողթանիկում երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու երբեմնի իրականությունը մասամբ փոխվել է: «Վիվա-ՄՏՍ»-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ավարտել են բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների տեղակայման առաջին փուլի աշխատանքները: Դրանք իրականացվել են ոչ ստանդարտ ձեւաչափով՝ համավարակի եւ պատերազմի հետեւանքների հաղթահարման ժամանակահատվածում: Չնայած այդ ամենին՝ գործընկերներին հաջողվել է համակարգել գործընթացն ու հասնել արդյունքի:
Նախորդ տարի տեղադրվել է 45 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1.7 կմ երկարությամբ ճանապարհահատված: Էկոգյուղերի ցանց ծրագրի շնորհիվ՝ գյուղում արդեն իսկ կկիրառվեն ոչ միայն բնության պահպանությանը նպաստող, բնահեն լուծումներ, այլեւ հնարավոր կլինի կրճատել համայնքային ծախսերը, իսկ տնտեսված միջոցներն ուղղորդել այլ ծրագրերի իրականացմանը: Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Գողթանիկ բնակավայրի վարչական ղեկավար Համբարձում Սամվելյանը եւ այլք:
«Առհասարակ, երկարաժամկետ արդյունք ապահովող ծրագրերը շատ կարեւոր են: Դրանք ինչ-որ առումով զարգացման երաշխիք են գյուղերում ապրող մեր հայրենակիցների համար: Իսկ երբ կա այդ վստահությունը, մարդիկ մտածում են ոչ թե իրենց բաժին հացն օտար ափերում ստեղծելու, այլեւ հայրենի երկրում ապրելու մասին: Մենք ուզում ենք, որպեսզի հեռավոր համայնքներում ապրող մեր հայրենակիցները վստահ լինեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Մայրաքաղաքն իր բնույթով ավելի լսելի է: Մարզերը եւս պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,- ասել է «Վիվա-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ընթացիկ տարում նախատեսվում է շարունակել ծրագրի երկրորդ փուլն ու տարեվերջին ունենալ գրեթե ամբողջությամբ լուսավորված գյուղ: Աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է, նախատեսվում է տեղադրել եւս 47 LED լուսարձակ եւ լուսավորել 1.8 կմ երկարությամբ ճանապարհահատված: Եղեգիս գետի հովտում գտնվող Գողթանիկի բնակիչները, որոնք երբեմն բախվում են մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին, արդեն հասցրել են զգալ արտաքին լուսավորության համակարգի ընձեռած առավելությանը:
Երկրի տարբեր համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները համոզված են, որ երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագիրը կնպաստի նաեւ գյուղական կյանքի ակտիվացմանը:
Ո՞Ր ԱՐԺԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ պաշտպանության, անվտանգության, իրավապահ, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով, ստացել պատվավոր կոչումներ:
Պարգեւ ստացած անձանցից մեկը Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանն է: Նա պարգեւի արժանացավ ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ նվիրումի, օրինականության եւ հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար:
Հարց է առաջանում՝ ի՞նչ խիզախություն էր ցուցաբերել բոլորին հայտնի Գրիգոր Ամիրխանյանը կամ նույն ինքը Գեբելսը: Նա այն ոստիկանապետն էր, որ օրերս Արմավիրի մարզում հրահանգեց ոստիկաններին քաշքշել, հարվածել խաղողագործներին, որոնք իրենց խնդիրները բարձրաձայնելու համար ճանապարհ էին փակել: Ի դեպ, Գրիշա Ամիրխանյանը հենց ինքն էր գնացել դեպքի վայր ու այս ու այն կողմ էր շպրտում խաղողագործներին: Ահա, իշխանությունները Գրիգոր Ամրխանյանին համարեցին խիզախ ու ավանդ ներդրած ոստիկանապետ ու պարգեւի արժանացրին:
Ի դեպ, նույն Գրիգոր Ամիրխանյանը տարիներ առաջ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին թույլ չէր տվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Շանթ Հարությունյանի հետ: Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գրիշա Ամիրխանյանը, որն առավել հայտնի է Գեբելս անունով, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ ազատվել էր պաշտոնից այն բանից հետո, երբ նա մասնակցել էր քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի ծննդյան խնջույքին։ Ամիրխանյանը համակարգ է վերադարձել 2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ