Ավարտվեց տարվա գլխավոր գեղեցկության փառատոնը։ «Միսս Աշխարհ Արմենիա 2021» ճանաչվեց Միրնա Պստիկյանը, «Միսս Տիեզերք Արմենիա 2021»՝ Նանե Ավետիսյանը։ Գեղեցկուհիները կներկայացնեն Հայաստանը «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» հեղինակավոր միջազգային 70-րդ մրցույթներում։
Այս տարի «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը գեղեցկության մրցույթն այլ ձեւաչափով անցկացրեց։ Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18-ին, կայացավ ինտելեկտի փուլը՝ հարց ու պատասխան ժյուրիի անդամների հետ։ Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցավ նորաձեւության ցուցադրություն 3 հագուստներով՝ սպորտային, կոկտեյլային եւ երեկոյան։ Աղջիկները ցուցադրեցին իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը։
Եզրափակիչը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում։ Գեղեցկության մրցույթը մեկնարկեց աղջիկների մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ, որի ռեժիսորը Գեւորգ Ենոքյանն է։
ArmLur.am-ը ներկայացնում է մրցույթի մանրամասները եւ հաղթող գեղեցկուհիներին:
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»-ի տիտղոսակիրներն են՝
«4-րդ վիցե միսս»- Ալլա Կարապետյան,
«3-րդ վիցե միսս»- Վիվիանա Ասատուրի,
«2-րդ վիցե միսս»- Մանան Հունանյան,
«1-ին վիցե միսս» եւ «Miss Cloud 7» – Ադրիանա Գալստյան,
«Միսս Տիեզերք Արմենիա 2021»- Նանե Ավետիսյան:
«Միսս Աշխարհ Արմենիա 2021»-ի տիտղոսակիրներն են՝
«Միսս համերաշխություն»- Նատալի Հարությունյան,
«Միսս ֆոտոգենիկ»- Լիդիա Ծատրեան,
«Միսս բիկինի»- Մարինա Կարապետյան,
«4-րդ վիցե միսս»- Լիանա Եղիազարյան,
«3-րդ վիցե միսս»- Քրիստինա Այանյան,
«2-րդ վիցե միսս»- Վիկա Բալոյան,
«1-ին վիցե միսս» – Փրենի Դավթյան,
«Միսս Աշխարհ Արմենիա 2021»- Միրնա Պստիկյան:
Ի դեպ, հաղթողներին թագադրեցին «1-ին վիցե միսս» եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանն ու «Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը։
Երեկոն վարեցին Թամարա Պետրոսյանն ու Կարեն Սահակյանը՝ նույն ինքը Չարենցը։
Ժյուրիի կազմում էին «Միսս տիեզերք Արմենիա», «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթների պրոդյուսեր Էդգար Սահակյանը, «Միսս Երեւան» մրցույթի ղեկավար Արթուր Վարդապետյանը, Ֆրանսիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Տիգրան Առաքելյանը, Ռուսաստանում «Միսս ուսանողուհի» մրցույթի նախագահ Կամո Միրզոյանը, «Agent choice» -ի հիմնադիր Ռուզաննա Տարանիկը, «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, ոճաբան ու դիմահարդար Ագա Քանքանյանը, «Miss Grand International Russia» Թաիլա Այբեդուլինան եւ «MIss BRICS and SCO» Յամա Անագուլովան:
Հիշեցնենք, որ արդեն 4-րդ տարին է, ինչ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը կազմակերպում է տպավորիչ գեղեցկության մրցույթ եւ հաղթողներին ուղարկում «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթներ։
«Միսս Արմենիա» հիմնադրամը միակ ներկայացուցիչն է Հայաստանում, որն ունի արտոնագրեր «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթներում։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԿՄԵԿՆԱՐԿԻ 29-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան եւ Սպիտակ քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ փառատոնի շրջանակում «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի անցկացմանն աջակցում է «ՀցրրՍՌռ ՎՌՐ» հիմնադրամը:
«Թատերական Լոռի» փառատոնն այս տարի նվիրվում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին: Տասը օր Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր քաղաքներում հանդես կգան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի անվան համազգային, Ստանիսլավսկու անվան ռուսական, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միմոս», Ստեփանակերտի, Վանաձորի Ալավերդու եւ այլ թատրոններ: Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ, կներկայացվեն դրամատիկ, կատակերգական, մանկական եւ տիկնիկային ներկայացումներ:
Փառատոնին կմասնակցեն նաեւ ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, ինչպես նաեւ թատրոններ Թբիլիսիից եւ Եգիպտոսից: Թատերատոնին մասնակցի 14 թատերախումբ, որոնք կներկայացնեն 16 պիեսների իրենց բեմադրությունները, ընդհանուր առմամբ հանդես կգան 28 ներկայացումով: Փառատոնի շրջանակում Ալավերդիում կնշվի նաեւ տեղի թատրոնի հիմնադրման 100-ամյակը:
«Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու մարզի Ակներ գյուղում: 1985 թվականից անցկացվում է Ալավերդի քաղաքում, իսկ 2014 թվականից դարձել է մարզային փառատոն եւ գնալով ստանում է միջազգային ընդգրկում:
4 ՏԱՐՈՎ ՈՐԱԿԱԶՐԿՎԵԼ Է
Ռուսաստանցի ըմբիշ Բիլյալ Մախովը 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար. հայտնում է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունը: 34-ամյա մարզիկի որակազրկումը կհաշվարկվի 2021թ. հունվարի 27-ից: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Բիլյալ Մախովը դարձել էր բրոնզե մեդալակիր, սակայն ավելի ուշ արժանացել էր ոսկե մեդալի: 120 կգ քաշային կարգի եզրափակչի մասնակիցների արդյունքները չեղյալ էին հայտարարվել դոպինգ-ստուգումներից հետո: Մախովը նաեւ աշխարհի եռակի չեմպիոն է:
ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
«Բարսելոնայի» լեգենդար ավագ Կարլես Պույոլը դիմել է կատալոնական ակումբի երկրպագուներին: «Բարդ ժամանակներ են, սակայն եթե մենք լինենք համախմբված ու շարունակենք աջակցել թիմին, ավելի հեշտ կլինի շարժվել առաջ»,- «Ինստագրամ»-ում գրել է իսպանացի պաշտպանը: Իսպանիայի Լա Լիգայում «Բարսելոնան» 4 խաղից հետո 8 միավորով 8-րդն է: Սեպտեմբերի 23-ին կատալոնացիները 6-րդ տուրում կմրցեն «Կադիսի» հետ:
ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵՑ
Իսպանական Լա Լիգայի 6-րդ տուրի խաղում «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը 2-1 հաշվով հաղթանակ բերեց իր թիմին՝ այդ խաղում դուբլ ձեւակերպելով: Ուրուգվայցին գոլեր խփեց 78-րդ եւ 90+1-րդ րոպեներին, ինչը թույլ տվեց նրան հասնել վիճակագրական նոր ցուցանիշի: Ինչպես հաղորդում է El Pais-ը, Լուիս Սուարեսն իր կարիերայում խփել է հանդիպման յուրաքանչյուր րոպեին: 78-րդ րոպեն միակն էր, որում ուրուգվայցին նախկինում գնդակը չէր ուղարկել մրցակցի դարպասը: Այսպիսով, Սուարեսն իր կարիերայի ընթացքում գոլի հեղինակ է դարձել 1-ից 90+7 րոպեներին:
ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաքում կկայանա ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ին կմասնակցի 4 ըմբիշով: Ինչպես հայտնում է ՀԸՖ-ն, Հայաստանը կներկայացնեն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը, 70 կգ քաշային Արման Անդեասյանն ու 79 կգ քաշային Արման Ավագյանը: