«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր հինգերորդ անգամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը փորձելու է ընտրել նախագահի տեղակալ: Թերեւս այս ընտրությունն էլ մատնված է տապալման, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, որպես թեկնածու, կրկին առաջադրվելու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որին իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներն արդեն չորս անգամ չեն ընտրել եւ տապալել են քվեարկությունը: Մենք տեղեկացանք, որ, բացի այս հարցից, քննարկվելու է, թե հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ով է նիստը վարելու:
Բանն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ այն վարում է հենց տեղակալը, սակայն այս հանձնաժողովը տեղակալ չունի, եւ անհրաժեշտություն է առաջացել այսպես ընտրել նրան: Մենք տեղեկացանք, որ այսօր նիստ կգումարի նաեւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարան կգա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը եւ կներկայացնի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հավելենք, որ հոկտեմբերի 5-ին արդեն մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, եւ այս շաբաթ պետք է նիստեր գումարեն մշտական հանձնաժողովները, նախագծեր քննարկեն, որով էլ կկազմվի լիագումար նիստերի օրակարգը:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում