ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջին մասնագիտական կրթություն ունեցողներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում պետք է հասցնեն ստանալ բարձրագույն կրթություն, այլապես աշխատատեղը կորցնելու խնդրի առաջ կկանգնեն: Մի քանի օր առաջ Ազգային Ժողովում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկությամբ քննարկված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի`  մինչեւ 2018 թվականը դպրոցներում չպետք է դասավանդեն միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներ, առաջացրել է մանկավարժների զայրույթը: Տարիների աշխատանքային փորձ ունեցող մանկավարժներն այս փոփոխությանը չեն հարմարվում: Կարծում են, որ բուհի դիպլոմը դեռ ամեն ինչ չէ, եւ որ իրենցից շատերն ավելի լավ գիտելիքներ, հմտություններ ունեն, քան բուհն ավարտած հազարավոր ուսանողներ, որոնք հայտնի մեթոդներով են ձեռք բերում բուհի դիպլոմ: 22  տարվա աշխատանքային փորձ ունեցող դասվար Աստղիկ Գեւորգյանը չի պատրաստվում սովորել բուհում, բայց ատեստավորման քննություն հանձնելու է առաջիկայում. «Որպեսզի այդ օրենքին դեմ դուրս գամ, պատրաստվում եմ ատեստացիա անցնել, որպեսզի օրենքն առաջարկողներին ու ընդունողներին էլ հասկացնեմ, որ այդ օրենքը պետք է կիրառել սկսնակների նկատմամբ: Այլապես բոլորս գիտենք` ովքեր ինչպես են դիպլոմ ստանում: Երբեմն դիպլոմ ստանում են այն մարդիկ, ովքեր վճարում են»: ՇՄ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Ջեմմա Ավետիսյանը սույն օրենքը բացատրում է այսպես. «Փոփոխությունը պայմանավորվում է կրթության որակի բարձրացմամբ, բարձրագույն կրթություն ունեցողը, պարզ է, որ ավելի լավ որակ կարող է ապահովել, որովհետեւ ստացել է ավելի խորը կրթություն»:«Ո՛չ, կրթության որակն այդպես չեն բարձրացնում: Կրթական ոլորտն ամեն տարի իբրեւ բարեփոխում են, բայց հավատացեք, հիմա ամեն ինչ ավելի վատ է, քան տարիներ առաջ»,-ասում է տարրական դասարանների դասվար  Կիմա Անտոնյանը: Իսկ թիվ 12 ավագ դպրոցի տնօրեն Սուրեն Հովսեփյանը, թեեւ օրենքն ընդհանուր առմամբ դրական է համարում, բայց կարծում է, որ այն միանշանակ կիրառելը դժվար կլինի. «Թացը չորի հետ կվառվի: Երբեմն միտք կա, որ դիպլոմ է, ուրեմն ամեն ինչ է: Չէ՛: Կան մարդիկ, որոնք չունեն այդ  կրթությունը, բայց տարիների փորձը, ստացած կրթությունն իրենց հնարավորություն են տվել աշխատել, եւ վատ էլ չեն աշխատում»:  Մանկավարժներին մտահոգում է նաեւ այն հարցը, թե ինչ են անելու, ասենք, Գյումրու մանկավարժական քոլեջն ավարտած հազարավոր շրջանավարտներ:  Եթե   այդ  կրթությունը, մեղմ ասած, պիտանի  չէ, ապա ինչո՞ւ են թույլ տվել, որ սովորեն այնտեղ, ինչո՞ւ չեն դադարեցրել այդ կրթական հաստատության գործունեությունը, ուսանողը ստիպված գումար է վճարել, սովորել, բայց ապարդյուն: «Եթե աշխատանքի տեղը չկա, եթե արգելվում է նրան աշխատել, ինչո՞ւ են նրան դիպլոմ տվել, ինչի՞ համար է այն»,-հարցնում է Սուրեն Հովսեփյանը: Շիրակի մարզի մանկավարժների 15.1%-ն ունի միջին մասնագիտական կրթություն: Նշենք նաեւ, որ ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու ծրագիրը ֆինանսավորելու է Համաշխարհային բանկը, եւ ուսուցիչների առաջին երկու տարիների ուսման վարձը վճարվելու է: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս