ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չորս կրակոց չորս ամսում․ ինչով են զբաղված իրավապահները, երբ Երևանի Կենտրոնն անվտանգ չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը, երբ Երեւանի կենտրոնում գրեթե ամեն օր կրակոցներ են, ինչի արդյունքում մարդիկ են սպանվում, մինչդեռ իրավապահ համակարգը բավականին ակտիվ կերպով զբաղված է կա՛մ վարչապետի անվտանգությունը ապահովելով, կա՛մ ճանապարհները փակած քաղաքացիներին չեզոքացնելով:

Խոսենք փաստերով:

Հունիսի 2-ին Երևանում՝ Աբովյան փողոցում, սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր քրեական հեղինակություն Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովհաննես Վարդանյանը: Հանցագործի թիրախում, սակայն, Մարդոյանն է եղել: Ըստ իրավապահների՝ հանցագործությունը կատարել է 23-ամյա Ալեքսանդր Բուզմառևը՝ օտարերկրյա քաղաքացի: Սպանությունից հետո ենթադրյալ մարդասպանը Գյումրու օդանավակայանից լքել էր Հայաստանը, եւ մինչ օրս՝ 3 ամիս անց, նրան իրավապահները չեն բռնել:

Հերթական սպանությունը Կենտրոնում:

Հուլիսի 10-ին սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում Անի Պլազայի մոտ, հնչել էին կրակոցներ եւ դանակահարել էին մեկ անձի, ինչի արդյունքում մեկ անձ մահացել էր: ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ սպանվածն ու վիրավորը սովորել են Լենինգրադի Ազգային անվտանգության ծառայությունում եւ Հայաստան էին տեղափոխվել ՀՀ ԱԱԾ-ում աշխատելու նպատակով:

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ իրավապահներն այս պահին փնտրում են BMW մակնիշի մեքենա, որով, ըստ նախնական վարկածի, դեպքի վայրից հեռացել է սպանություն կատարողը:

Թիրախում Մոսկվա կինոթատրոնի բակն էր:

Հերթական անգամ՝ սեպտեմբերի 24-ին, կրակոցներ Էին հնչել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինոմոսկվայի» հարևանությամբ, կրակոցներ են հնչել; Կրակել էին ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու՝ Սերգեյ Մելիքյանի եւ եւս երկու անձի վրա, ինչի արդյունքում դեպքից մեկ օր անց վիրավորներից մեկը մահացավ հիվանդանոցում: Իրավապահները փնտրում են պատգանավորի որդու եւ նրա ընկերների վրա կրակած անձին:

Այսօր հերթական կրակոցը հնչեց «Հաղթանակ» զբոսայգու մոտ, կրակել էին ամուսինների վրա :

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հետևանքով սպանված 27-ամյա աղջիկը Վանաձոր քաղաքի «Գլորիա կարի ֆաբրիկայի տնօրեն Դիանա Դարբինյանն է, իսկ ահա նրա հայրը բոլորին հայտնի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր Բագրատիոն Դարբինյանն է:

Ի դեպ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, մինչ կրակոցները Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում սպանված կինը եւ նրա ամուսինը վիճաբանել են ինչ-որ անձանց հետ, որից հետո պայմանավորվել են հանդիպել «Հաղթանակ» զբասայգու տարածքում: Հասնելով դեպքի վայր՝ Դիանա Դարբինյանը եւ իր ամուսինը չեն էլ հասցրել իջնել մեքենայից, որոնց մոտեցել է մեկ այլ մեքենա եւ անկանոն մի շարք կրակոցներ է արձակել ամուսինների ուղղությամբ, ինչի հետևանքով երիտասարդ աղջիկը մահացել է:

Նկատենք, որ կատարված սպանությունների մեծ մասի կասկածյալներին իրավապահները չեն կարողանում բռնել, ինչը ենթադրել է տալիս, որ հնարավոր վենդետան կանխված չէ, ու իրավապահները մայրաքաղաքում իրավիճակը չեն կարողանում զսպել կամ արդյունավետ գործիքներ չեն կիրառում:

Քնար Մանուկյան 




Լրահոս