ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիի առեղծվածը. ինչպես ՀՀ իշխանությունները երեք օր թաքցրին, որ բերդաքաղաքը մերը չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի ամենացավոտ կորուստներից մեկը Շուշիի անկումն էր, ինչին թե՛ պատերազմի օրերին, թե՛ մինչ օրս որևէ մեկը հավատալ չի ուզում: Շուշիի համար ընթացող մարտերի մասին ի սկզբանե թեև լրատվություն չէր տրվում, բայց մարտադաշտից խոսակցությունները Երևան էին հասնում արդեն հոկտեմբերի վերջից:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 5-ին, Facebook-ում արված գրառումն ասես սառը ցնցուղ էր արծրունհովհաննիսյական լրատվությամբ ապրող մարդկանց համար: Արցախի նախագահը, շնորհակալություն հայտնելով Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, տեղեկացնում էր. «Շուշին մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք սերունդներին»:

Հարությունյանի հայտարարությանն օրեր անց նրա մամուլի քարտուղարի՝ Վահրամ Պողոսյանի գրառումը հաջորդեց, որում Պողոսյանը փաստացի հայտարարում էր՝ Շուշին այլևս մերը չէ:

Համընդհանուր խուճապն ու ստեղծված իրավիճակը չընկալելն անգամ նրան հասավ, որ քաղաքացիները սկսեցին պնդել, թե ադրբեջանցիները կոտրել են Պողսյանի էջը:
Նախագահի օգնականը ստիպված եղավ երկրորդ գրառումն անել: Նախ հաստատելով, որ Facebook-ի էջը հակերային հարձակման չի ենթարկվել, ապա շարունակել. «Անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից»: Պողոսյանի ասածը հաստատում էր նաև Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Արցախի պաշտոնյաների՝ Շուշին կորցնելու մասին հայտարարությւոնների ֆոնին Հայաստանի իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները շարունակում էին կերակրել կեղծ լուրերով՝ ամենաբարձր մակարդակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոեյմեբրի 9-ին գրել էր. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

Պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը կապի գրեթե բոլոր միջոցներից կտրված Արցախից, չգիտես ինչպես, տեսակապով կապվում էր հայաստանյան լրատվամիջոցների հետ ու վստահեցնում՝ պարտիզանական մարտեր են ընթանում, Էրդողանի ու Ալիևի՝ Շուշիին տիրանալու երազանքը չի կարող իրականանալ:

Ավելի ուշ, երբ արդեն Շուշիի ընկնելու մասին լուրերը Արցախից հաստատում էին, Մելքոնյանը, հետևելով Փաշինյանի օրինակին, հուսադրում էր՝ Շուշիում թեժ մարտեր են ընթանում:
Արդեն նոյեմեբերի 10-ին, երբ ստորագրվել էր հայտնի հայտարարությունը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Շուշիի վերահսկողությունը կորցրել էինք նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ին»:
Երեք օր շարունակ, փաստորեն, Արցախի իշխանությունների ասածները Փաշինյանն ու նրա թիմը ջանասիրաբար հերքել ու մինչև վերջին պահը համոզել էին բոլորիս, թե հաղթում ենք:

Սևակ Վարդումյան




Լրահոս