44-օրյա պատերազմից մեկ տարի անց միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ընդամենը երկու միջպետական հայց է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից առաջինը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին 2021թ.-ի փետրվարի 1-ին է հասցեագրվել, պատերազմի հետեւանքով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիաների» խախտումներին է վերաբերում: Վերոնշյալ կոնվենցիան երաշխավորում է կյանքի, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու, խոսքի ազատության, մտքի, խղճի եւ կրոնի ազատության, սեփականության պաշտպանության իրավունքները: Այն արգելում է, խոշտանգումները, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, հարկադիր աշխատանքը, կամայական ու ապօրինի ազատազրկումը եւ այլն: «Երկրորդը հայցադիմումը բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 9-ին, Արդարադատության միջազգային դատարան (ՄԱԿ-ի միջազգային դատարան) է ներկայացվել: Այն ռասսայական խտրականության ու մարդկանց՝ պատերազմի հետեւանքով կրած զրկանքներին է վերաբերում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Նրա փոխանցմամբ՝ երկու հայցով էլ վարույթներ են ընթանում: Ի տարբերություն պետության կողմից ՄԻԵԴ-ին հասեագրված դիմումների՝ բավականին մեծ թիվ են կազմում հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից Եվրադատարանին ուղղված նամակները: Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական կրակից վիրավորում ստացած լրագրողների դեպքի առթիվ, օրինակ, ՄԻԵԴ բրիտանական «Մեդիա դիֆենս» իրավապաշտպան կազմակերպությունն է դիմում ներկայացրել՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հետ համատեղ։ Այլ կերպ ասած, պատերազմական հանցագործությունները կքննվեն միջազգային ատյաններում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում: Ըստ մեր տեղեկությունների՝ բացահայտվել է, որ Խանումյանի խորհրդականն Արցախից տեղահանվածներին իբրեւ թե «տեղավորել է» տարբեր հյուրանոցներում, սակայն իրականում նման անձինք չեն եղել, իսկ ծախսերը «գրպանել է»։ Արցախի մեր աղբյուրները փոխանցում են, որ Խանումյանի խորհրդականը նրա մտերիմն է, ու հիմա անհասկանալի է՝ խորհրդականը ինքնագործունեությամբ է զբաղվել, թե նախարարի գիտությամբ է արել ամեն բան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ամենը բացահայտել են Արցախի իրավապահ մարմինները, այժմ քրեական գործ է հարուցված, ու ուսումնասիրություններ են իրականացվում, թե ինչպես կարող էին այդ գումարները գրպանել, երբ 44-օրյա պատերազմից հետո Արցախում տարբեր սոցիալական խնդիրներ են առկա: Մենք երեկ՝ ողջ օրը, փորձել ենք զրուցել նախարար Հայկ Խանումյանի հետ, սակայն ապարդյուն. վերջինս մեր զանգերին չպատասխանեց:
Այսօր հինգերորդ անգամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը փորձելու է ընտրել նախագահի տեղակալ: Թերեւս այս ընտրությունն էլ մատնված է տապալման, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, որպես թեկնածու, կրկին առաջադրվելու է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը, որին իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներն արդեն չորս անգամ չեն ընտրել եւ տապալել են քվեարկությունը: Մենք տեղեկացանք, որ, բացի այս հարցից, քննարկվելու է, թե հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ ով է նիստը վարելու: Բանն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ այն վարում է հենց տեղակալը, սակայն այս հանձնաժողովը տեղակալ չունի, եւ անհրաժեշտություն է առաջացել այսպես ընտրել նրան: Մենք տեղեկացանք, որ այսօր նիստ կգումարի նաեւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, խորհրդարան կգա փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը եւ կներկայացնի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հավելենք, որ հոկտեմբերի 5-ին արդեն մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, եւ այս շաբաթ պետք է նիստեր գումարեն մշտական հանձնաժողովները, նախագծեր քննարկեն, որով էլ կկազմվի լիագումար նիստերի օրակարգը:
Հայաստանում սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 70 հազար 44 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 37 հազար 861 դրամ` ամսական կտրվածքով: Մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ սպառողական զամբյուղը կազմել էր 66 հազար 568 դրամ` ամսական կտրվածքով: «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները: Օրինակ՝ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 37 հազար 861 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18.6 գրամ ձու եւ այլն: Օրինակ՝ տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում գերազանցում է 300-400 դրամը, ձկնամթերքի՝ «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը 270-300 դրամ է կազմում, երկու հատ ձուն մինչեւ 80 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 150 դրամի սահմաններում: Սրան զուգահեռ նկատենք, որ մեր հանրապետությունում կենսաթոշակի միջին չափը կազմում է 43 հազար 590 դրամ, նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ. այս դեպքում մարդիկ անգամ սննդի այդ նվազագույնն էլ չեն կարող ձեռք բերել։ Ստացվում է, որ սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը: