ArmLur.am-ը զրուցել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչ իրավիճակ է Արցախում 44-օրյա պատերազմից մեկ տարի հետո: Տիկին Հակոբյանը մեզ ասաց, որ մեկ տարի առաջ՝ այս օրը, մենք ավելի լավ վիճակում էինք, քանի որ կարծում էինք, որ պատերազմում հաղթելու ենք:
-2020թ. սեպտեմբերի 27-ից մեկ տարի է անցել: Ըստ Ձեզ՝ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր, ի՞նչ կարողացանք անել: Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարց կարողացանք լուծել:
-Մեկ տարվա ընթացքում մենք երեւի ավելի լավ վիճակում էինք անցած տարի այս օրը, քան հիմա: Անցած տարի այս օրը մենք մտածում էինք, որ հաղթելու ենք, եւ դա վերջին փամփուշտն է լինելու, որ հայ զինվորը կրակելու է՝ հանուն մեր երկրի խաղաղության: Իհարկե, շատ կարճ ժամանակ հետո հասկացանք, որ, ոչ. մեզ դավաճանել են:
-Այս պահին մենք ի՞նչ պետք է ունենայինք: Ի՞նչ պետք է արած լինեիք, որ չենք արել: Որո՞նք պետք է լինեին մեր քայլերը՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունների կողմից արված:
-Նախ մենք պետք է հստակեցնենք Հայաստանի ու Արցախի իշխանություն ասվածը. նայած թե մենք ինչպես ենք տեսնում այդ իշխանություններին: Անձամբ ես, իմ քաղաքական թիմը եւ, ընդհանրապես, Արցածի մեծ մասը այսօր արդեն Արցախի իշխանություններին չի տեսնում որպես փրկիչ կամ հարց կարգավորող: Մեզնից որեւէ մեկի համար, հատկապես՝ այն մարդկանց, որոնք Արցախում տեսել են պետարազմը, իրենք շատ լավ գիտեն, որ սա պայմանավորված պատերազմ էր, եւ ակնհայտ էր, որ համագործակցություն կա Հայաստանի իշխանությունների եւ Արցախի իշխանությունների միջեւ: Եվ քանի որ Արցախի իշխանություններն առանց քննարկման կատարում էին Հայաստանի իշխանությունների պատվերը, մենք մեր մեջ լիարժեք հասկացանք՝ հայ ժողովուրդը կարող էր հաղթել, բայց նորից չկարողացավ համախմբվել: Ոչ թե գնաց ու ընտրեց թուրքամետ իշխանություններին, այլ շատ լավ հասկանում ենք, որ իշխանություններին հնարավոր չէր ընտրություններով փոխել: Չընտրեց ժողովուրդը, բայց չհամախմբվեց ազատվելու այս իշխանություններից: Եթե մենք կարողանայինք համախմբվել, այսօր չէինք ունենա Սյունիքի խայտառակ իրավիճակը, կանգնած չէինք լինի Մեղրիի միջանցքը հանձնելու խնդրի առջեւ, չէինք ունենա նորից զոհեր ու այս ընկճված իրավիճակը: Գոնե կկարողանայինք դուրս բերել այն բոլոր մեղավորներին, որոնք պատճառ դարձան, ու մենք այս վիճակին հասանք: Գոնե մեր ազգի վրայից այդ հոգսն ու բեռը թեթեւացնել կլիներ, կկարողանայինք հաղթահարել այս հոգեբանական վիճակը: Ես Արցախի պանթեոնում էի: Հավատացե՛ք, որ այստեղի պանթեոնը դարձել է Եռաբլուրի չափ: Մեզ համար պատերազմը չի ավարտվել, որովհետեւ մենք ամեն օր զինվոր ենք հուղարկավորում: Կյանքը կանգ է առել, որովհետեւ պատասխանատուները առ այսօր պատասխան չեն տվել եւ այդ բեռը դրել են մեր ուսերին, զինվոր կորցրած մոր ուսերին:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարելիցի կապակցությամբ: «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ եւ մասնակցությամբ, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։
Սեպտեմբերի 27-ին սկսված եւ 44 օր տեւած պատերազմն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով եւ զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային եւ օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի եւ ավերածությունների։ Իրագործված զանգվածային ոճրագործությունները մանրակրկիտ կերպով փաստագրվել եւ ներկայացվել են միջազգային կազմակերպություններին ու միջազգային մասնագիտացված կառույցներին։
Ադրբեջանը հետեւողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետեւանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետեւեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան եւ պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության համապարփակ անվտանգության երաշխավորման համար։
90 հազարից ավել արցախահայեր ստիպված եղան լքել իրենց մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել է Արցախ։ Ավելի քան 40 հազար մարդ զրկվել է տնից եւ ունեցվածքից, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ եւ հիվանդանոցներ։ Շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը դեռեւս շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։
Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլեւ իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը եւ մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները եւ հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը եւս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկակական անվտանգության եւ կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո»։
Ն. Պ.
ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի կալանքը վերհաստատվեց, եւ նա կալանավորվեց: Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մարզպետի որդին հրաժարվում է ցուցմունք տալ: Վերջինիս պաշտպան Յուրա Ավայանը հայտնեց, որ քրեական գործով ոչ օբյեկտիվ քննություն է իրականացվում, եւ դեռ ավելին՝ խոշտանգված անձանցից են ցուցմունքներ վերցրել, որոնք ապացուցված են նախաքննությամբ, որ անգամ դեպքի վայրում չեն եղել: Մնացած մանրամասներին մենք կանդրադառնանք առաջիկայում: Հիշեցննեք, որ 1,5 ամիս հետախուզման մեջ գտնվող մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն եւ տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության եւ ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի եւ ապօրինի հրազեն պահելու համար։ Հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձ տուժող է ճանաչվել։
ԹՎԵՐ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
Երեկ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «ներքին կարգով» իրավապահ համակարգում շրջանառվում է տարբեր թվեր երթի մասնակիցների հետ կապված: Մենք տեղեկացանք, որ երթի ավարտից հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը երթի մասնակցի 12 հազար թիվ է նշել, իսկ ՀՀ ոստիկանությունն էլ 9000 անձ է հաշվել, որոնք մասնակցել են երթին: Ընդհանուր առմամբ, նշվել է, որ մոտ 10 հազար անձ է մասնակցել երթին, որը նշանակում է, թե այդքան մարդ չի հանդուրժում այն թեզը, որ հաղթել ենք 44-օրյա պատերազմում, իսկ իրականում պարտվել ենք: Նշենք, որ երեկ ուղերձով դիմել էր նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` շեշտելով, որ մեր բանակը չի պարտվել, այլ պարտվել է ապիկար իշխանությունը: