«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում ուզում են վերջնականապես փակել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանի հավակնությունների հարցը եւ որոշել են դա անել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններով` սահմանափակելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում նույն անձի առաջադրումը։ Նույն թեկնածուին հնարավոր կլինի առաջադրել, դիցուք, միայն 3 անգամ։ Գործող կանոնակարգով՝ սահմանափակում չկա, եւ ընդդիմությունը կարող է իր թեկնածուին 5 օրը մեկ առաջադրել:
Իսկ այս փոփոխությամբ իշխանությունը կստիպի ընդդիմությանը փոխել թեկնածուին եւ առաջադրել նրան, ում ինքն է ուզում։ Հիշեցնենք․ երեկ 5-րդ փորձն էլ տապալվեց՝ ՔՊ-ն Ղազինյանին չընտրեց, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկ անգամ եւս հիշեց, թե ինչպես էր Ղազինյանը շիշը նետում Փաշինյանի կողմը։ Իսկ Արթուր Ղազինյանն առաջարկեց հանձնաժողովի կազմում ստեղծել ենթահանձնաժողով, որը կպարզի հոկտեմբերի 7-ին պատերազմը չկանգնեցնելու պատճառները եւ որոշման մասնակից անձանց շրջանակը։
«Մեր ժողովուրդն իրավունք ունի իմանալ՝ հանուն ում եւ հանուն ինչի են զոհվել 3 հազար 600-ից ավելի մեր զինվորները»,- ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը մերժեց այդ հարցն օրակարգ ներառելու առաջարկը՝ առաջարկելով հարցը քննարկել արտահերթ նիստով»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում