ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԿՌԻՎ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՀՔԾ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը բախվել են «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ հարուցված քրեական գործով:

 

2021 թվականին ՀՔԾ-ն կալանավորեց Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին: Նախաքննությամբ պարզվել էր, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված թեկնածուների ցուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ` արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետեւ, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու եւ Գ. Պետրոսյանի կողմից այդ գումարը ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խլղաթյանը եւ Գ. Պետրոսյանը հանցագործությունը ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել եւ վերցվել է դեպքի վայրի զննությամբ:

Վերը նշված արարքների համար Ռուբեն Խլղաթյանին եւ Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Եվ, ահա, 2021 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ: Այստեղից էլ սկսվում է Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ հակամարտությունը: Ըստ ArmLur.am-ին  հասած տեղեկությունների՝ դատախազը չի հաստատում այս քրեական գործը եւ հետ է ուղարկում քննիչին, սակայն քննիչը կռիվ է տալիս, թե լրացուցիչ քննություն չի անի: Արդյունքում դատախազությունում այս օրերին քննարկում են Խլղաթյանի քրեական գործի ճակատագիրը՝ այն ուղարկել դատարան, թե ոչ:

Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝  դատախազի եւ քննիչի կռիվը կապված է ապացույցների պակասի հետ: Գործը հսկող դատախազը ասել է, որ քրեական գործով ապացույց չկա, ու այս վիճակով գործը դատարան ուղարկել չեն կարող, իսկ քննիչն առարկել է, թե ուղարկեն ու վերջ: Ստացվում է, որ ՀՔԾ-ն չի կարողանում ապացուցել Խլղաթյանի մեղքը, իսկ Գլխավոր դատախազությունն էլ չի ուզում հիմնազուրկ գործ ուղարկել դատարան: Ինչեւէ, ՀՀ գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել՝ գործը ուղարկվել է դատարան, թե ոչ, եւ ինչ խնդիր է առաջացել քրեական գործով դատախազության եւ ՀՔԾ քննիչի միջեւ, ի պատասխան՝ հայտնեցին. «Հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ լրացուցիչ քննություն կատարելու ցուցումով քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին, սեպտեմբերի 17-ին: Այդ որոշման կապակցությամբ քննիչի կողմից ստացվել է առարկություն, որը ներկայումս քննարկվում է: Սահմանված ժամկետներում դրա վերաբերյալ վերադաս դատախազի կողմից կկայացվի որոշում: Որեւէ խնդիր երկու մարմինների միջեւ չկա, աշխատանքային բնական գործընթաց է»:

Դիմեցինք նաեւ Ռուբեն Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանին, որն անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ հայտնեց. «Պաշտոնապես նման տեղեկատվություն պաշտպանական կողմը չունի, բայց առ այսօր չի ուղարկվել մեղադրական եզրակացությունը։ Նախ նշեմ, որ օբյեկտիվ իրականության մեջ չկա պարոն Խլղաթյանի կողմից իրեն մեղսագրված արարքի կատարման փաստը, բացի այդ, նախաքննության ավարտ հայտարարվելուց հետո ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ հիմնավորվում է այն, որ պարոն Խլղաթյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրված արարքի կատարմանը։ Քրեական գործի նյութերում առկա չէ գեթ մեկ փաստական տվյալ, որը կարող է դրվել մեղադրանքի հիմքում եւ խոսել Խլղաթյանի՝ դեպքին առընչության մասին։ Հետեւաբար, այդ պայմաններում քրեական գործի վարույթը ենթակա էր կարճման»։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ

Նախօրեին SHAMSHYAN.com-ը գրել էր, որ Աբովյան փողոցում՝  «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ հնչած կրակոցներից տուժած երիտասարդներից մեկը Տավուշի մարզի բնակիչ, 23-ամյա Արման Խաչատրյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել վերոնշյալ կրակոցներից: Մասնավորապես՝ նախաքննական մարմինը պարզել է, թե ով է ենթադրյալ կրակոցներ իրականացրած անձը, որին այս պահին փնտրում են, իսկ մենք նախաքննությանը չվնասսելու համար այս պահին չենք հրապարակում կասկածյալի ով լինելը:

Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դաձավ, որ սեպտեմբերի 24-ի Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ հնչած կրակոցներից եւս մեկ անձի են տեղափոխել հիվանդանոց: Ասել է թե՝ նա թաքնված է եղել իրավապահներից, եւ, ըստ էության, հրազենի հասցրած վնասվածքն այն աստիճան խորն է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց:

Ինչպես հայտնի է, 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կրակոցներին էին հնչել Աբովյան փողոցում, ինչի արդյունքում հրազենից վիրավորումներ էին ստացել Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդին՝ 24-ամյա Սերգեյ Մելիքյանը, եւ եւս մեկ անձ, որը մահացավ հիվանդանոցում: Եվ, ահա, կրկին նույն կրակոցների դեպքով հիվանդանոց է տեղափոխվում եւս մեկ երիտասարդ: Սսացվում է, որ հնչած կրակոցներից տուժել է երեք անձ: Փաստի առթիվ քննչական 3-րդ բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգքրի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝

2021թ. սեպտեմբերի 26-ին «Էրեբունի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել, որ  «ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա տղամարդ: ՔԿ-ից հայտնում են, որ, նախնական տվյալներով, տուժողը նշված վնասվածքները ստացել է Երեւան քաղաքի Արտաշատի խճուղում գործող հանրային սննդի կետի հարեւանությամբ հայհոյելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։  Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան:

 

 

 

ԲՆԱԿԻՉԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

2021թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնից հաղորդում է ստացվել, որ որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի մաքսային զննման գոտում քաղաքացին խոչընդոտել է ավտոմեքենան զննության ենթարկելու գործողությանը, վիճաբանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, այնուհետեւ եղբոր հետ միասին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել աշխատակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն առերեւույթ գործադրած անձանց ինքնությունը, ովքեր Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչներ են, եղբայրներ: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ: Եղբայրներից մեկը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով: Ձեռնարկվում են միջոցառումներ` մյուսին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ

2021թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00:13-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ իր ամուսինը՝ ծնված 1965թ., ժամը 11:00-ին հարբած վիճակում վիճաբանել է հարեւանի հետ, դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: ՔԿ-ից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկի  բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու պարանոցի եւ գլխի շրջաններին՝ վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկելով կյանքից: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Իսրայելի քաղաքացի է՝ ազգությամբ հայ:  Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակը՝ պարանոցի ձախ հատվածում գտնվող վերքում արնանման հետքերով դանակով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Իսրայելի քաղաքացին ձերբակալվել է՝ 55-ամյա տղամարդու սպանության  կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

 

 




Լրահոս