ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության եւ զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաեւ պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ եւ ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:
ՀՀ դատախազության հսկողության եւ դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում եւ ՀՀ ՀՔԾ-ում քննվել կամ քննվում է արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 217.1-րդ, 226-րդ, 384-րդ, 387-րդ, 389-րդ, 390-րդ, 391-րդ, 394-րդ, 395-րդ, 397.1-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում: Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝
l ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի եւ ԱրՀ-ի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը միջազգային բազմաթիվ պայմանագրերի եւ միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմ վարելու արգելված միջոցների եւ մեթոդների կիրառման արգելքի անտեսմամբ, ազգային ատելության շարժառիթով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ իրականացնելու, դրա ընթացքում գրեթե բոլոր զինատեսակներով Արցախի եւ Հայաստանի զինված ուժերի մարդուժին եւ ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, տեխնիկական միջոցներին, խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կանխամտածված եւ նպատակաուղղված կերպով թիրախավորված կամ ոչ ընտրովի հարվածներ հասցնելու, զինծառայողներին, քաղաքացիական անձանց դիտավորությամբ մահ պատճառելու, գույքային հսկայական վնասներ հասցնելու բազմաթիվ դեպքերը,
l ԱՀ զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաեւ հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական անձանց գերեվարումները, միջազգային կոնվենցիաների, միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով ընդհուպ կոնվենցիոնալ պաշտպանության ներքո գտնվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց դաժանաբար սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու բազմաթիվ դեպքերը,
l Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի խախտմամբ, ազգային ատելության շարժառիթով ինչպես մարտական գործողությունների ընթացքում, այնպես էլ հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու բազմաթիվ դեպքերը,
l ռազմական գործողությունների ընթացքում ԱրՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ միջազգայնորեն արգելված, այդ թվում նաեւ քիմիական բաղադրությամբ զինատեսակների կիրառման դեպքերը,
l ադրբեջանցիների կողմից ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունն արդարացնելու, թշնամանք հարուցելու, ատելություն եւ բռնություն հրահրելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերը,
l ԱրՀ-ի եւ ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերաազմի ընթացքում միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների ներգրավման, մերձավորարեւելյան տարածաշրջանից հազարավոր վարձկան-ահաբեկիչներին Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխման եւ ռազմական գործողություններում օգտագործելու, այդ նպատակով ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց նախնական համաձայնության շրջանակներում միջազգային ահաբեկչությւան ֆինանսավորման դեպքերը,
l ՀՀ տարածքում՝ Երասխ գյուղի հատվածում, ՌԴ զինված ուժերի «ՄԻ 24» տեսակի ռազմական ուղղաթիռը ԱՀ զինված ուժերի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ խոցելու եւ դրա արդյունքում երկու անձանց սպանվելու եւ մեկ անձի մարմնական վնասվածք ստանալու դեպքը:
Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ եւ 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության եւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ, ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ:
Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել միջազգային հետախուզում:
Ն. Պ.
ՄԵՐ ՀԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ՈՒՐԱՆՈՒՄ ԵՆ
Ադրբեջանի իշխանությունները իրենց համար պատմություն են հորինում, իրենց վերագրում հայերի եւ աղվանների կառուցած հին վանքերն ու եկեղեցիները, իսկ Հայաստանի իշխանությունը գոնե խոսքով տեր չի կանգնում պատմական հին, նշանավոր հուշարձաններին։ Տավուշի մարզում ամենահին պատմական, հոգեւոր կոթողը սահմանամերձ Բարեկամավան գյուղի հռչակավոր Բարձրյալ Խաչ նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարանն է: Միջնադարում կոթողը հետագայում որոշ չափով վերափոխվել է. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում, որպես բեմի սեղան, կանգնեցվել է խաչքար, եւ դամբարանը վերածվել է մատուռի: Քուռ գետից ուղիղ գծով մոտ 8 հեռավորությամբ գտնվող այս հուշարձանը եւս ապացուցում է, որ հայ ազգն իր բնօրրանում ապրել է հնուց, ստեղծել մեծարժեք կոթողներ:
Այս նշանավոր կոթողը, ինչպես նաեւ Բերդավանի Ղալինջաքար ամրոցը, Նոր Վարագավանքը, Խորանաշատը, Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կողբի Մշակավանքը, Տվարաեղցին, Տավուշի բերդը եւ բազում այլ հայտնի պատմական հուշարձանների անունները բացակայում են Տավուշի մարզպետարանի ինտերնետային պաշտոնական կայքում Ընդհանուր տեղեկություններ խորագրի ներքո զետեղված Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ տեղեկատավությունից, ուր տեղեկություններ կան միայն Հաղարծնի վանական համալիրի, Գոշավանքի, Մակարավանքի, Կապտավանքի, Լաստիվեր քարանձավի (Անապատ), Դեղձնուտի վանքի, Ջուխտակ վանքի, Մաթոսավանքի, Աղջկաբերդի, Կիրանցի վանքային համալիրի, Սրվեղի վանքի մասին։ ժամանակին հուշաձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը պատկերազարդ մեծ ալբոմ է հրատարակել Ոսկեպար գյուղի պատմական հուշարձանների մասին։ Տավուշի մարզում 149 հին եկեղեցի կա, որոնց մեծ մասն ավերված, կիսավեր վիճակում են: Մարզում ոչ միայն հին վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, այլ կոթողներ կան, այլեւ պատմական արժեք ունեցող ծառեր՝ Սարիգյուղի նշանավոր սոսին, որը տնկել է Աշոտ Երկաթ թագավորը, եւ Ակնաղբյուր գյուղում 450 թվականին Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնին, որը նա տնկել է, երբ վերադառնում էր Խաղզխաղի հաղթական պատերազմից։ 1978թ. այդ կաղնին տապալվեց, մարշալ Հ. Բաղրամյանը դրա կողքին կաղնի տնկեց։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԻՊ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻՆ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Արցախի եւ Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվեց ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։ Հենց առաջին օրը Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գեւորգյանը:
Արցախի խաղաղ բնակիչներ 69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից եւ 82-ամյա Յուրի Ասրյանը Ազոխից դաժանաբար գլխատվեցին. գլխատումների ողջ ընթացքը նկարահանել են հենց ադրբեջանական զինվորականները, որ հետո իրենց բացառիկ ցինիզմը տարածեն եւ արժանանան «փառքի» խրախճանքի:
Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ: Նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:
Այս ամենն ուղեկցվում էր սանձարձակ ու ցինիկ պահվածքով հատուկ նկարած տեսանյութերով՝ հայկական սոցիալական ողջ մեդիան դիտավորյալ լցնելով բռնության տեսարաններով: Ողջ նշվածն ուղեկցվում էր հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական իշխանությունները միայն խրախուսում էին: Տեղի ունեցածը բերում է միանշանակ հետեւության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն: Չպե՛տք է մոռանանք, որ ադերբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն այսօր ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսեւորումներ:
Մինչ օրս պատերազմական հանցանքի որեւէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու նոր վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը»:
Ն. Պ.