ՀՀ-ում Իրանի դեսպանությունը սոցցանցի էջում մեջբերում է արել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որում կոշտ արձագանք է Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին․
«Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից բերված են մի քանի մեջբերումներ․
Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում,
Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ,
Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց,
Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու։
Ի դեպ, հոդվածագիրը նկատում է նաև, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական վարքը և Թուրքիայի լրատվամիջոցով Իրանին ուղերձ հղելը ոչ այլ ինչ է, քան գաղութացվածության նշան»։