ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձեւավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձեւավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հիման վրա: Իշխող թիմը չի թաքցնում, որ ստեղծվելիք հանձնաժողովի նախագահն Անդրանիկ Քոչարյանն է լինելու, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների, անձամբ է որոշում, թե քննիչ հանձնաժողովի կազմում իշխանության քվոտայով ովքեր են ներկայացված լինելու: Փաշինյանն ու թիմակիցները, որ զօրուգիշեր հայտարարում են, թե քննիչ հանձնաժողովը վերերկրային մի կառույց է լինելու, քննելու եւ բացահայտելու է պատերազմի հետ կապված ամեն մի դրվագ՝ իր վրա վերցնելով թե՛ քննիչի, թե՛ դատավորի ու դատախազի գործառույթները, կարծես մոռանում են՝ ըստ իրավական նորմերի՝ ենթադրյալ հանցագործն իրեն վերագրվող հանցագործության վարկածները քննելու իրավունք չի ունենում: Անդրանիկ Քոչարյանը, պատերազմի ժամանակ հույժ կարեւոր պաշտոն զբաղեցնելով, փաստորեն պետք է ոչ միայն իր, այլ իր ներկայացրած քաղաքական թիմի քայլերն ու դրանից բխած սխալները, բացթողումները քննի: Դա ակնհայտորեն կարող է կաշկանդել պաշտոնյային հանգամանքներն առավել մանրամասն ու համակողմանի քննել: Վերոնշյալ դիտարկումն իրավաօրենսդրական նորմերով իհարկե չի կարգավորում, ու այն ավելի շատ քաղաքական տիրույթում է, բայց թույլ է տալիս եզրակացնել, որ իշխանությունը պատերազմի հետեւանքները քննող քննիչ հանձնաժողովի նախագահությունը ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ մեկ այլ՝ փոքրիշատե չեզոք անհատի չի ուզում զիջել:

Քոչարյանի գլխավորությամբ, հիշեցնենք, նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն էին ուսումնասիրվել: Հանձնաժողովի աշխատանքների ընթացքում արդեն բացահայտվել էին որոշ միֆեր, որոնք իշխանությանը, մեղմ ասած, ձեռնտու չեն, մասնավորապես՝ թե պատերազմի ժամանակ զինվորները սոված են եղել, խոտ են կերել կամ բահերով են կռվել, տանկերում ջուր է լցված եղել. այս ամենը հենց զինվորներն էին հերքել: Հարց է առաջանում՝ իշխանությունն ա՞,յժմ ինչպես է 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն անելու, եթե նախկինի փորձը ցույց տվեց, որ հանձնաժողովում ներառված, ռազմական գիտելիքներ գրեթե չունեցող, բանակում չծառայած պատգամավորները «Ապրիլյանի» հանձնաժողովում որեւէ օգուտ չէն տվել, քաղաքական հանձնարարականները տգեղ կատարելուց բացի:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար քննարկումներից հետո որոշել է, թե իր հետ քայլած, հեղափոխություն իրականացրած Մխիթար Հայրապետյանը ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Իշանական մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժանանակ լարվել էին Փաշինյանի եւ Հայրապետյանի փոխհարաբերությունները այն բանից հետո, երբ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում մնալ, այլ պաշտոն է ուզում կառավարությունում: Ըստ մեր աղբյուրների՝ վերջերս Հայրապետյանն ակնհայտ ցույց է տվել, որ ինքը չի հանդուրժելու այդ վիճակը ու միայն ՔՊ վարչության անդամ մնալ չի ցանկանում: Ի դեպ, նշվում է, որ Հայրապետյանը հանգիստ գործ է ուզել, քանի որ կարծում է, որ իշխանական թեւը շատ սխալներ է թույլ տալիս, ու չի ցանկանում որեւէ պատասխանատվություն կիսել նրանց հետ: Երբ ս.թ. սպրիլի 14-ին՝ ԱԺ-ում հեպատերազմական մի քննարկման ժամանակ, երբ հնչեց «ապագա կա Հայաստանում»  արտահայտությունը, ու ողջ «Իմ քայլը»  հոտնկայս ծափահարեց, Մխիթար Հայրապետյանը չկանգնեց ու չծափահարեց. սա, կարծես թե, չի ներվում: Ու մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մխիթար Հայրապետյանին հայտնել է, որ նպատակ ունի նրան «տալ» «Իմ քայլը»  հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որ զբաղմունք ունենա: Հայրապետյանը  մեծ սիրով համաձայնել է «շառից-փորձանքից» հեռու մնալ ու փոխշահավետ պաշտոն է ստանձնել: Երեկ էլ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը արդեն պաշտոնապես հայտնեց, որ, խորհրդի որոշմամբ, գործադիր նոր տնօրեն է ընտրվել Հայրապետյանը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար  կազմում այս  օրերին ակտիվ քննարկվում է հարցը, որ անհրաժեշտություն կա վերադառնալ կառավարման հին կարգերին, այն է՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը եւ Պաշտպանության  նախարարությունը միացնեն իրար: ԳՇ ներկայիս պետ Արտակ Դավթյանն այդ միավորման արդյունքում անգործ չի մնա. նա կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին  տեղակալ: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Արշակ Կարապետյանը այս փոփոխությունների ֆոնին որոշել է փակել մի շարք վարչություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ վարչություններից մեկը ՀՀ ՊՆ վերահսկողության վարչությունն է: ՊՆ-ում կարծիք  է հնչել, որ Ռազմական ոստիկանությունը եւ քննչական մարմինները բավական  են զորմասերում  ստուգումներ անելու համար, եւ այս  վարչությունը ավելորդ է իր գործառույթներով:

 

 

Մինչ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամեն պատեհ-անպատեհ առիթով հայտարարում է, որ ՀՀ մարզերի բուժհաստատություններում առկա են բոլոր տեսակի պատվաստանյութերը, իրականությունը միանգամայն այլ է: Այո, դա ճիշտ չէ: «Ժողովուրդ»  օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ մարզերի բնակիչներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենք ցանկանում են պատվաստվել չինական կամ «Սպուտնիկ V» պատվաստանյութերով, սակայն իրենց տարածքային պոլիկլինիկաներում դրանք չկան, «Աստրա Զենեկա» են հիմնականում առաջարկում: Այսինքն՝ մարզային բուժհաստատությունները ոչ բոլոր պատվաստանյութերով են հագեցած: Մեզ են դիմել նաեւ Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերի բնակիչները, որոնց խոսքերով՝ իրենց տարածքային ամբուլատորիաներում առկա է միայն «Աստրա Զենեկա» պատվաստանյութը, որի նկատմամբ բնակչությունը վստահություն չունի: Թե երբ բուժհաստատությունները կստանան մյուս պատվաստանյութերը, հայտնի չէ: Օրինակ՝ Լոռու մարզի Արեւաշողի առողջության պահպանման կենտրոնի աշխատողը «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ բնակիչները հիմնականում պահանջում են իրենց պատվաստել չինական պատվաստանյութով, որը չկա, վերջացել է. «Որոշների մոտ արդեն ժամանակն է երկրորդ դեղաչափը ստանալու, բայց չունենք ու չգիտենք, թե երբ ենք ստանալու»:




Լրահոս