«ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻՑ ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «Ինձ համար ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի եւ Հայաստանի շահը, Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց: Մենք լրջագույն մտահոգություն ունենք տեղի ունեցող հարցերի առնչությամբ: Դատապարտելի է Փաշինյանի եւ Էրդողանի սիրախաղը»,- հայտարարել է նա: Վերջինիս խոսքով` երկիրը վտանգի մեջ է, ադրբեջանցիները ՀՀ-ում ոստիկանական անցակետ են դրել, եւ այս ֆոնին Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի նախագահի հետ:

 

Ըստ Սաղաթելյանի` խորհրդարանական ընդդիմությունը չի կարող այս առաջնահերթություններն անտեսել եւ մասնակցել արտահերթ նիստին, որի օրակարգում համայնքների միավորումն է: Սաղաթելյանը հայտարարեց` գործընթացն ապօրինի է եւ ունի քաղաքական նպատակ` ազատվել ոչ ցանկալի համայնքների ղեկավարներից: Նա նաեւ հավելեց` սկսում են փողոցային պայքար, քանի որ կարծում են՝ միայն խորհրդարանական գործիքակազմը չի կարող երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել: Հոկտեմբերի սկզբից «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելելու են հանրապետության տարբեր համայնքներ` հանդիպելու բնակչության հետ:

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ` պարզելու համար, թե ինչ պլաններ ունի ընդդիմությունը, ինչու որոշեց փողոցային պայքար սկսել: Հակոբյանն ասաց, որ առաջիկա օրերի օրակարգին կծանոթանանք, ու իրենք երբեք չէին հրաժարվել փողոցային պայքարից:

– «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ սկսում է բողոքի ակցիաներ իրականացնել, մինչեւ նոյեմբերի 9-ը կլինեն տարբեր միջոցառումներ: Ինչո՞ւ եք որոշել այս պահին նման միջոցառումներ անել: Դաշինքն ի՞նչ ակնկալիքով է նման բան անում, ի՞նչ եք սպասում:

-Մեր գործելաոճի մեջ ոչինչ չի փոխվել: Քանի որ հիմա մտնում ենք այն ժամանակահատված, որ մեկ տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը՝ արդեն իսկ ամեն ինչ արած ու տրամադրված, որ մեզ տանեն դեպի պատրությունը, մենք նախաձեռնեցինք այն, ինչ հիմա սկսել ենք:

-Պարո՛ն Հակոբյան, դա ի՞նչ է տալու հասարակությանը: Այսինքն՝ ուզում եք ասել, որ ձեր պահանջը չի՞ փոխվել: Իշխանափոխությո՞ւն եք ուզում:

-Ոչ, ոչինչ չի փոխվել: Որտեղի՞ց տեսաք, որ ինչ-որ բան է փոխվել:

-Նկատի ունեմ՝ որոշեցիք փողոցում շարունակել ձեր պայքարը, բացի խորհրդարանում պայքարելուց:

-Այդ թվում՝ փողոցում: Մենք փողոցային պայքարից երբեք չենք էլ հրաժարվել:

-Քանի որ «Հայրենիքի փրկության շարժում»-ը փողոցում որոշակի պահանջներ ներկայացրեց, բայց արդյունք չունեցավ, ձեր սկսած պայքարից ի՞նչ արդյունք պետք է ակնկալել:

-«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցներին այդ հարցը տվե՛ք:

-Այսինքն՝ կարծում եք, որ սա միակ տարբերա՞կն է իշխանափոխության  հասնելու համար: 

-Միակը չէ, սա այդ թվում տարբերակներից մեկն է, որ մենք մեր կյանքից այս իշխանությանը դուրս հանենք:

-Իսկ կա՞ կոնկրետ օրակարգ, ի՞նչ է լինելու, ի՞նչ եք անելու փողոցում:

-Այո, իհարկե կա, բայց հիմա չեմ բարձրաձայնի:

-Լինելո՞ւ եք կառավարության մոտ, փողոցնե՞ր եք փակելու, ի՞նչ ֆորմատով եք պայքարելու:

-Այս պահին չեմ պատասխանի: Կանենք՝ կտեսնեք: Մենք ունենք ծրագիր, որի շրջանակներում մեր պահանջները կներկայացնենք:

-Իսկ կա՞ կոնկրետ օր, թե որ օրվանից եք սկսելու:

-Նախօրեից ենք սկսել, այսինքն՝ սեպտեմբերի 27-ից:

-Չե՞ք բացառում, որ լինեն նաեւ նստացույցեր, փողոցներում մնաք, վրաններում գիշերեք:

-Ես ոչ մի բան չեմ բացառում:

Ն. Հ.

 

 

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Ազգային Ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել. «2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որեւէ այլ կողմի, այդ թվում՝ Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու եւ հաշվի առնելու, հապճեպ եւ ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Համայնքների խոշորացման այս վիճահարույց գործընթացի հետ կապված՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով օգտվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 129-ի 1-ին մասով սահմանված իրավունքից ու հնարավորությունից եւ դիմել Սահմանադրական դատարան՝ հիշյալ օրենքների՝ Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։

Շուրջ 8 էջում շարադրված հիմնավորումներում նշված են այն գործոններն ու փաստարկները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար:

Նշենք, որ ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող մյուս սուբյեկտների՝ Հահաստանի Հանրապետության նախագահը լիազորված է նախնական սահմանադրական վերահսկողությամբ, այն է՝ մինչեւ Ազգային Ժողովի կողմից ընդունված օրենքի ստորագրումը այն ՍԴ-ում վիճարկել, որը թույլ է տալիս կանխել առերեւույթ հակասահմանադրական օրենքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ դրանից բխող բազմաթիվ բացասական դրսեւորումներով»:

Ն. Պ.

 

 

ՀԱՂԹԵԼ Է

ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դատի է տվել Առողջապահության նախարարությանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մայիսի 18-ին նախկին պատգամավորին պատկանող կենտրոնը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով որոշումը անվավեր ճանաչել: Ըստ ամենայնի, նախարարությունը ստուգումներ է իրականացրել եւ տուգանել է ԲԿ-ին, որն էլ նախկին պատգամավորը բողոքարկում է դատարանում:

Ի դեպ, օրերս գրել էինք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գործող ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը եւս «պատերազմ» է սկսել Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնի դեմ: Տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել ԱԺ նախկին պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնում եւ խախտումներ է հայտնաբերել, որից հետո ԲԿ-ի նկատմամբ պատժիչ գործողությունների է գնացել: Որոշման հետ չի հաշտվել բժշկական կենտրոնը եւ դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի 2021 թվականի փետրվարի 26-ի կարգադրագիրն անվավեր ճանաչել:

Այսպիսով, դատարանում հայտնել էր, որ նախարարությունը 2021 թվականի ապրիլի 23-ին Առողջապահության ոլորտում լիցենզավորման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հրավիրել է նիստ՝ ընկերությանը տրված բժշկական օգնության եւ սպասարկման թվով 6 լիցենզիաների գործողության կասեցման կամ նախազգուշացում տալու վերաբերյալ հարցի քննարկման նպատակով, սակայն նախարարությունն էլ հակառակն էր պնդել: Արդյունքում դատարանը որոշել է «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի հայցը բավարարել. անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունը բողոքարկել է որոշումը Վերաքննիչ դատարանում:

 

 

Ո՞Վ Է ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 




Լրահոս