ՀԱՐՑ. Ինչո՞ւ են «Հայփոստ»-ի աշխատակիցները շարունակում ագրեսիվ մնալ: Ես կոնկրետ դժգոհություն ունեմ Ավանի «Հայփոստ»-ի գրասենյակից, բայց գիտեմ, որ դա համատարած բնույթ է կրում: Իրենք պատճառաբանում են, որ Հայաստանում գործող բանկերի աշխատակիցների ծանրաբեռնվածությամբ են աշխատում, բայց քիչ են վարձատրվում: Ի՞նչ մեղք ունի այստեղ քաղաքացին, ինչո՞ւ պիտի «Հայփոստ»-ի աշխատակիցների նազերը տանի: Վլադիմիր Ավագյան, 72 տարեկան, թոշակառուՊԱՏԱՍԽԱՆ. Եթե քաղաքացիները բողոքներ ու առաջարկություններ ունեն, կարող են զանգահարել ու տեղեկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ի թեժ գծի հեռախոսահամարներով (514666, 514667): Թող զանգահարեն, ու, բնականաբար, ոչ մի հարց ու բողոք անարձագանք չի մնա: Պետք է նշեմ, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում քաղաքացիների սպասարկման առումով որակը լավացնելու համար, եւ հաստատ առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում: Այս խնդրով տնօրինությանը տեղյակ կպահվի, որ Ավանի «Հայփոստ» բաժանմունքի հետ կապված բողոքներ կան, եւ այդ հարցերը կկարգավորվեն: «Հայփոստ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողներին նախ կառաջարկեինք «Հայփոստ» ընկերության ներկայացուցչի տրամադրած հեռախոսահամարները գրի առնել, եւ անհրաժեշտության դեպքում զանգահարել թեժ գծին: Կարծում ենք, բարեփոխումների մասին հայտարարած այս ընկերությունը, նաեւ այս եղանակով՝ բնակչությունից աջակցություն ստանալով, կկարողանա հաղթահարել սովետական շրջանից 21-րդ դար անցումը եւ ժամանակակից կառույցի կվերածվի: Միանգամայն իրավացի է մեր ընթերցողը` նշելով, որ ինքը բացարձակապես մեղավոր չէ, երբ փոստի աշխատակիցները նույն կոմունալ վճարումներն ընդունող բանկերի աշխատակիցների նման բարյացկամ չեն: Քաղաքացին որեւէ մեղք չունի, որ «Հայփոստ»-ում ցածր են վարձատրվում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ