2020 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված 28 զինծառայողների անունները։ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկոնը։ Սեպտեմբերի 28-ին Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Երկու կողմերի զինված ուժերը պարբերաբար հրապարակում էին հակառակորդի զինտեխնիկան ոչնչացնելու տեսանյութեր։ Ադրբեջանը ներկայացնում էր հիմնականում Արցախի պաշտպանական զինատեսակների, մասնավորապես՝ «Օսա-ԱԿ»-ներին հարվածելու տեսանյութեր, իսկ հայկական կողմը հրապարակում էր Ադրբեջանի հարձակվողական զինտեխնիկայի, մասնավորապես՝ հարվածային անօդաչու սարքերի, տանկերի եւ այլ մարտական մեքենաներ ոչնչացնելու տեսանյութեր։
Երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում եւ Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Հաղորդագրության համաձայն՝ Արցախի ՊԲ-ն հաջող դիմակայել է բոլոր հարձակումներին՝ հակառակորդին հասցնելով անձնակազմի եւ տեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես ոչնչացվել է 22 միավոր տանկ, 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։
44-օրյա պատերազմի ամենացավոտ կորուստներից մեկը Շուշիի անկումն էր, ինչին թե՛ պատերազմի օրերին, թե՛ մինչ օրս որեւէ մեկը հավատալ չի ուզում: Շուշիի համար ընթացող մարտերի մասին ի սկզբանե թեեւ լրատվություն չէր տրվում, բայց մարտադաշտից խոսակցությունները Երեւան էին հասնում արդեն հոկտեմբերի վերջից:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 5-ին Facebook-ում արված գրառումն ասես սառը ցնցուղ էր արծրունհովհաննիսյական լրատվությամբ ապրող մարդկանց համար: Արցախի նախագահը, շնորհակալություն հայտնելով Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, տեղեկացնում էր. «Շուշին մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից եւ նույն հայկական ոգով պետք է փոխանցենք սերունդներին»:
Հարությունյանի հայտարարությանն օրեր անց նրա մամուլի քարտուղարի՝ Վահրամ Պողոսյանի գրառումը հաջորդեց, որում Պողոսյանը փաստացի հայտարարում էր՝ Շուշին այլեւս մերը չէ:
Համընդհանուր խուճապն ու ստեղծված իրավիճակը չընկալելն անգամ նրան հասավ, որ քաղաքացիները սկսեցին պնդել, թե ադրբեջանցիները կոտրել են Պողոսյանի էջը:
Նախագահի օգնականը ստիպված եղավ երկրորդ գրառումն անել՝ նախ հաստատելով, որ Facebook-ի էջը հակերային հարձակման չի ենթարկվել, ապա շարունակելով. «Անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից»: Պողոսյանի ասածը հաստատում էր նաեւ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Արցախի պաշտոնյաների՝ Շուշին կորցնելու մասին հայտարարությւոնների ֆոնին Հայաստանի իշխանություններն ու իշխանամերձ շրջանակները շարունակում էին կերակրել կեղծ լուրերով ամենաբարձր մակարդակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոեյմեբրի 9-ին գրել էր. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:
Պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը կապի գրեթե բոլոր միջոցներից կտրված Արցախից, չգիտես՝ ինչպես, տեսակապով կապվում էր հայաստանյան լրատվամիջոցների հետ ու վստահեցնում՝ պարտիզանական մարտեր են ընթանում, Էրդողանի ու Ալիեւի՝ Շուշիին տիրանալու երազանքը չի կարող իրականանալ:
Ավելի ուշ, երբ արդեն Շուշիի ընկնելու մասին լուրերը Արցախից հաստատում էին, Մելքոնյանը, հետեւելով Փաշինյանի օրինակին, հուսադրում էր՝ Շուշիում թեժ մարտեր են ընթանում:
Արդեն նոյեմեբերի 10-ին, երբ ստորագրվել էր հայտնի հայտարարությունը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Շուշիի վերահսկողությունը կորցրել էինք նոյեմբերի 5-ից, ամբողջությամբ՝ նոյեմբերի 7-ին»:
Երեք օր շարունակ, փաստորեն, Արցախի իշխանությունների ասածները Փաշինյանն ու նրա թիմը ջանասիրաբար հերքել ու մինչեւ վերջին պահը համոզել էին բոլորիս, թե հաղթում ենք:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 1.5 տոկոսով նվազել են: Մեկ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի ծավալների անկումը զգալի է՝ 8.8 տոկոս: Մասնագետները մտահոգված են. նրանց խոսքերով՝ տնտեսական աճը, ներդրումները, արդյունաբերության զարգացումը չի կարող ուղղորդվել էլեկտրաէներգիայի սպառման անկումով: Բացի այս, մեկ ամսվա ընթացքում նվազել են նաեւ արտաքին շրջանառության ծավալները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս դեպքում անկումը կազմել է 4.7 տոկոս: Հիմնականում պակասել են ներմուծման ծավալները՝ 8.2 տոկոս, ինչը եւս մասնագետները մտահոգիչ են համարում, բայց, չնայած սրան, ներմուծման ծավալները մեկ տարվա ընթացքում ավելացել են 7.7 տոկոսով:
«ԳԼՈՐԻԱ»-Ի ՏՆՕՐԵՆՆ Է
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ գիշեր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հնչած կրակոցներից: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոցների հետեւանքով սպանված 27-ամյա աղջիկը Վանաձոր քաղաքի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Դիանա Դարբինյանն է, իսկ, ահա, նրա հայրը բոլորին հայտնի, Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր Բագրատիոն Դարբինյանն է:
Ի դեպ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ մինչ կրակոցները Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկում սպանված կինը եւ նրա ամուսինը վիճաբանել են ինչ-որ անձանց հետ, որից հետո պայմանավորվել են հանդիպել «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: Հասնելով դեպքի վայր՝ Դիանա Դարբինյանը եւ իր ամուսինը չեն էլ հասցրել իջնել մեքենայից. նրանց մոտեցել է մեկ այլ մեքենա եւ անկանոն մի շարք կրակոցներ է արձակել ամուսինների ուղղությամբ, ինչի հետեւանքով երիտասարդ աղջիկը մահացել է: Ըստ shamshyan.com-ի՝ դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 14 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում եւ դրա հետեւի պատին կան նաեւ կրակոցի հետքեր։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Արաբկիրի քննչական բաժնի պետ Կ. Թորոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ԳԼԽԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆՔ
«Ղարաբաղի վերաբերյալ անցած տարվա եռակողմ պայմանավորվածության գլխավոր արդյունքը կայունությունն է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Բաքվի եւ Երեւանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղի շրջան աշխատանքային ուղեւորությունների վերսկսումը։
ՄԻՊ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաեւ միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ներկայացվել էր ԵԽԽՎ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորումով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ եւ ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։
ՏՆՕՐԵՆ Է ԸՆՏՐՎԵԼ
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել է, որ տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ «Խորհրդի որոշմամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն ընտրվեց Մխիթար Հայրապետյանը»,- գրել է վարչապետի տիկինը:
ԽՈՇՏԱՆԳԵԼ Է ԵՐԵԽԱՅԻՆ ՈՒ ՄՈՐԸ
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 1988թ. ծնված բնակչի կողմից 2021թ. օգոստոս ամսվա սկզբներից մինչեւ սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող եւ համատեղությամբ բնակվող նույն համայնքի 1978թ. ծնված բնակչի եւ վերջինիս 2015թ. ծնված որդուն ծեծի ենթարկելու եղանակով խոշտանգելու հետեւանքով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է: