Բելառուսի պետանվտանգության կոմիտեն կասեցրել է ծայրահեղական ցանցի գործունեությունը, որն օտարերկրյա հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո արտասահմանից հավաքագրել է երկրի խոշորագույն ձեռնարկությունների աշխատողներին, որոնք սահմանափակ բնույթի տեղեկությունների հասանելիություն ունեն: Այդ մասին, հայտարարել է ՊԱԿ-ի քննչական վարչության պետի տեղակալ Կոնստանտին Բիչեկը:
«Արմատական գործունեության մեջ ներգրավումը և այդ կերպ օրինականացված բջիջների ցանցի ձևավորումն իրականացվել է հատուկ ստեղծված Telegram-ալիքի և համացանցի մի շարք գաղտնի չաթերի միջոցով՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աջակցությամբ և հսկողության ներքո» – ճշտել է ՊԱԿ-ի ներկայացուցիչը:
Բելառուսում 2020 թվականի օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որտեղ վեցերորդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում սկսվել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները: Բելառուսի ՊԱԿ-ը փետրվարի 11-ին հայտարարել է, որ բողոքի դրսևորումները գործնականում վերացել են: Բելառուսում ընդդիմության մի շարք առաջնորդների դեմ քրեական գործեր են հարուցվել, այդ թվում ՝ իշխանությունը զավթելու կոչերի, ծայրահեղական կազմավորում ստեղծելու, պետական իշխանությունը ոչ սահմանադրական ճանապարհով զավթելու նպատակով դավադրության մասին: