ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի հետ պարելուց մինչև կալանավորում. Տոնոյանի ոդիսականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիքներ կատարելու մեջ կասկածվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանի իշխանության սիրելին էր:
Տոնոյանի հայտնի՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունը, հիշեցնենք, իշխանավորների կողմից բուռն ակնածանքով էր ընդունվել:

Հայտարարությունը Փաշինյանին նույնպես ոգևորել էր: Եթե Տոնոյանը հակառակ պնդումն աներ, ասում էր վարչապետը, ինքը նախկին նախարարին կազատեր զբաղեցրած պաշտոնից:

Փաշինյան-Տոնոյան խիստ դրական, ջերմ հարաբերությունների մասին վկայում էր նաև նրանց Խոնձորեսկի ճոճվող կամրջի վրա պարելու դրվագը:
Պարելուց առաջ էլ երկուստեք «Սու-30»-ով էին զմայլվում ու գլուխ գովում, թե իրենց հաջողվել է ձեռք բերել այն, ինչ նախկինները չեն կարողացել: Հետագայում սակայն պարզվեց, որ «Սու 30»-ի անունը կար, անունը՝ չկար: Փաշինյանն անձմաբ հաստատեց՝ կործանիչները Հայաստան առանց հրթիռների էին հասել:

Տոնոյանի անձով տարված՝ նրա հասցեին գովեստի խոսքեր էին շռայլում ՔՊ-ական գրեթե բոլոր պատգամավորները: Նրանցից Քրիստինե Պողոսյանը, օրինակ, հեռախսի էկրանին Տոնոյանի նկարն էր տեղադրել:
Ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում նախկին նախարարի մասին այսպես էր արտահայտվել. «Դավիթ Տոնոյանը իսկական պրոֆեսիոնալ է, պարկեշտ անձնավորություն է, երբեք չի եղել որևէ կոռուպցիոն սկանդալի հերոս»։

Դավիթ Տոնոյանի շուրջ սկսված իրավական գործընթացը, իշխանության տրամաբանության ու ձեռագրի համաձայն, երկար կտևի: Կտանեն ու կբերեն նրան, կալանքի տակ կառնեն ու գրավով կամ ստորագրությամբ ազատ կթողնեն, իշխանականների կարծիքն էլ, ըստ իրավիճակի, մեկ դեպի լավի, մեկ՝ վատի կփոխվի:

Սևակ Վարդումյան




Լրահոս