Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի դպրոց-ինտերնատի սաներին․ ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղում իրականացրել են հերթական հումանիտար ակցիան, որի շրջանակում օգնություն են տրամադրել մանկապարտեզներին, դպրոցներին և համալսարաններին:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ակցիայի շրջանակում խաղաղապահները դպրոց-ինտերնատի տարածքում կարուսել են տեղադրել և մարզական և մանկական հրապարակ ստեղծել սաների համար:

«Երևանից Ստեփանակերտ է հասցվել մանկական խաղահրապարակ, որը ձեռք է բերվել «Մերսի» բարեգործական կազմակերպության կողմից: Տեղափոխումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տրանսպորտային միջոցներով»,- հայտնել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Հաղորդվում է, որ խաղաղապահները շարունակում են անվտանգության և խաղաղության դասընթացներ և վիկտորինաներ կազմակերպել երեխաների համար, ինչպես նաև օգնություն ցուցաբերել կրթական հաստատություններին խմելու ջրի ամբարներ ստեղծելու հարցում:

Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում սովորում է 18 սան Լեռնային Ղարաբաղի սոցիալապես անապահով ընտանիքներից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։




Լրահոս