Նոր քաղաքական ուժ հիմնելու քննարկում դեռևս չկա. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը զարմանում է լրագրողների զարմանքի վրա:

«Հայաստանում կա՛ն գործիչներ, որոնց մտահոգում է երկրի, Արցախի ճակատագիրն ու տարածաշրջանային հարցերը: Այդ մարդիկ պարբերաբար հանդիպում են, քննարկում ծավալում: Մենք տարբեր ձևաչափերով ենք հանդիպում:»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը ՝մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունը, թե ԱԺ նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արփինե Հովհաննիսյանը պարբերաբար հանդիպում-քննարկում են ունենում:

Զոհրաբյանը վստահեցնում է՝ նման հանդիպումների ժամանակ փորձում են հասկանալ իրավիճակն ու ռացիոնալ լուծումներ գտնել դրանց համար: Ինչ վերաբերում է քաղաքական նոր ուժ հիմնելու մասին տեղեկություններին, ապա նախկին պատգամավորի պնդմամբ՝ այս պահին նման խոսակցություն չկա մի պարզ պատճառով.

«Հանրությունն այս պահին կատարելապես հիասթափված է թե՛ իշխանությունից, թե՛ խորհրդարանական ընդդիմությունից, ինչն ինձ հասկանալի է առավել քան: Մարդիկ, որ ասում էին, թե սոսկ մե օրակարգով են եկել խորհրդարան, այժմ այդ օրակարգը մի կողմ դրած՝ զբաղված են շեղող այլ հարցերով: Այսօր համատարած ապատիա կա, քաղաքական նոր ուժ ստեղծելու պահանջ չկա: Մեր գործընկերներով պարբերաբար հավաքվում ենք, ինքս էլ տարբեր ուժերի ու քաղաքական ուժերի հետ եմ հանդիպում: Ու դա բնական է, եթե քո երկրի ճակատագրով մտահոգված քաղաքացի ես, ուղղակի չես կարող տանը նստել ու ասել՝ ինչ լինում է, թող լինի: Բայց, կրկնում եմ, տեղեկությունը, թե ուր որ է Զոհրաբյանն ու ևս մի քանի այլ գործիչներ կհայտարարեն քաղաքական նոր ուժ հիմնելու մասին, հեռու է իրականությունից: Այս պահին դեռևս նման քննարկում չկա: Հիմա մտքերի գեներացիայով, քննարկումներով ու տեսակետների փոխանակումով ենք զբաղված»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Սևակ Վարդումյան




Լրահոս