Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայ-կիպրական բարեկամական կապերի հիմքում ընկած են պատմամշակութային սերտ առնչությունները, փոխադարձ համակրանքը, ընդհանուր հոգևոր արժեքներն ու միասնական շահերը:
Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կիպրոսի հետ փոխշահավետ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Անցնող տարվա մարտահրավերները վերահաստատեցին մեր երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը:
Համոզված եմ, որ առկա արդյունավետ ռազմավարական համագործակցությունն առավել կամրապնդվի և նոր լիցք կստանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»: