Կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հստակեցնելու, թե հոկտեմբերի 1-ից ընդդեմ կորոնավիրուսի չպատվաստված քաղաքացին ի՞նչ է անելու։ «Քաղաքացին գործատուին պետք է ներկայացնի կա՛մ ՊՇՌ թեստի պատասխանը, կա՛մ պատվաստված լինելու մասին վկայագիր, ու այդ որոշումը հոկտեմբերի ամսի 1-ի՞ց է ուժի մեջ մտնում»,- Ավանեսյանին խնդրեց հստակեցնել Փաշինյանը։ Նախարարը հաստատեց՝ այո, ամսի 1-ից։
Վարչապետ Փաշինյանը, ըստ երևույթին գիտեր, որ իր կաբինետի առողջապահության ոլորտի պատասխանտուներն՝ ի դեմս նախարարի, պարզ, հստակ չխոսելու ու քաղաքացիներին շփոթի մեջ գցելու յուրահատուկ շնորհով են օժտված, դրա համար էլ հավելյալ անգամ ճշգրտում էր ցանկանում ստանալ։ Անահիտ Ավանեսյանի հրապարակային խոսքից ու հաստատումից հետո, սակայն, պարզվեց՝ հոկտեմբերի 1-ից ոչ մի որոշում էլ ուժի մեջ չի մտնում։ Նախարար-վարչապետ երկխոսությունն ու դրան հաջորդած իրադարձություններն իրական շփոթի մեջ են գցել քաղաքացիներին, տհաճ ու գրպանին խփող անակնկալ մատուցել նրանց։ Պետության որոշումները հարգող մարդիկ, որոնք անսացել են թթի օղիով կորոնավիրուս բուժող վարչապետի ու նրա կաբինետի նախարարի հորդորին, ժամերով հերթ են կանգնել մասնավոր լաբորատորիների առջև, ճեղքել կիլոմետրանոց հերթն (այդ ընթացքում գուցե հասցնելով տարաբնույթ այլ վիրուսների փունձ «նվեր ստանալ») ու ՊՇՌ թեստավորում անցել կամ պատվաստվել։ Համեմատության համար նշենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում կատարվել է 11․ 385 թեստավորում, ինչը ամռան ամիսների հետ համեմատած, երբ մարդիկ երկրից դուրս էին գալիս, հանգստի մեկնում, ու թեստ անելը պարտադիր էր, կրկնակի կամ եռակի անգամ շատ է։ Այսինքն՝ անգամ ամռան ամիսներին, երբ թեստ անելու պահանջարկը շատ ավելի մեծ է եղել, նման թվեր չեն գրանցվել։ Սա վկայումն է այն բանի, որ մարդիկ, լսելով նախարարի հավաստումները, թե հոկտեմբերի 1-ին ով թեստավորված կամ պատվաստված չլինի, տուգանվելու կամ աշխատանքից ազատվելու է, վախի մթնոլորտում գնացել ու պատվաստվել են։
Պարզվում է, սակայն, իզուր, քանզի վերոնշյալ որոշումը ուժի մեջ է մտնում ոչ թե հոկտեմբերի 1-ից, այլ՝ 14-ից։ Այս մասին սակայն պաշտոնական որևէ ծանուցում, հայտարարություն չի եղել։ Առողջապահության նախարարությունն իր Facebook-ի էջում է միայն այդ մասին գրառում կատարել։ Նախարար Ավանեսյանն իր ղեկավարի նման, փաստորեն, Facebook-ն է համարում պաշտոնական հարթակ։ Պետությունը, որ մասնավորի միջոցով պետական ռեկետ է իրականացրել ու թեստավորումների միջոցով քաղաքացիների գրպանին կպել, չի էլ պատրաստվում ներողություն խնդրել իր «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներից։ Վախը սրտներում՝ մարդիկ գնացել, թեստավորվել, այնուհետև այդ թուղթը դեն են նետել, որովհետև պարզվել է՝ որոշումը 14 օր անց է ուժի մեջ մտնելու, իսկ 14 օր անց նոր ՊՇՌ պետք է անել։
Ո՞վ է այս ամենաթողության ու ռեկետի գլխավոր պատասխանատուն ու մեղավորը։ Իհարկե տիկին նախարարը, որ առողջապահական ոլորտի համար ծանրագույն այս օրերին եվրոպաներում ինչ-ինչ «սեմինարների» է մասնակցում։ Հուսով ենք՝ եվրոպացիներին Ավանեսյանը կպատմի, թե աշխետալոճի ինչ «հրաշալի» մեթոդաբանություն ունեն իրենք։ Կասեի նաև՝ սկզբից մի բան են հայտարարում, հետո՝ դրա ճիշտ հակառակն անում։ Սկզբից հպարտանում ու սիրում են քաղաքացիներին, հետո նրանց գլխին ինչ «օյին» ասես՝ չեն բերում։ Եվրոպացիներն էլ մի լավ ծափ կտան չլսված-չտեսնված այդ գործելաոճին ու երգ-պարով Հայաստան կճանապարհեն ռեկետի մասնագետ նախարարին։
Սևակ Վարդումյան