Վրաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել Թբիլիսիի այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվել էր Սաակաշվիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսիի այն բնակարանի սեփականատիրոջը, որտեղ թաքնվում էր հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Մամուկա Չելիձեն:

Բնակարանի սեփականատիրոջ դեմ քրեական գործ է հարուցվել՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 375 հոդվածով, այն է ՝«Հանցագործությունը թաքցնելը», որը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սաակաշվիլիին ձերբակալելու մասին հայտարարեց ուրբաթ օրը: Նախկին նախագահը այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում:

Վերջերս Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Սաակաշվիլին բնակվում էր Ուկրաինայում: Հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման ընթացքում նա բազմիցս հայտարարել էր Վրաստան գալու մտադրության մասին՝ չնայած այնտեղ սպասվող ձերբակալությանը: Հոկտեմբերի 1-ին նախկին նախագահը տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ ինքը գտնվում է Բաթումիում:




Լրահոս