Հայտնի են Վրաստանում անցկացված ընտրությունների նախնական տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում այսօր անցկացված ՏԻՄ ընտրություններում ձայների 47,6% -ով առաջատար է գործող իշխանական «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրորդ տեղում` 27.1% -ով` ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական «Իմեդի» հեռուստաընկերության exit poll- ի արդյունքները։

Մեկ այլ` Mtavari Archi հեռուստաընկերության exit poll- ի համաձայն «Վրացական երազանքը» կստանա ձայների 38.6% -ը, «Ազգային միացյալ շարժումը»՝ 33%, իսկ երրորդ տեղում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է 7,6% ձայներով։

Նշենք, որ Վրաստանում այսօր` հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել, որոնք, ըստ վերլուծաբանների, հանգուցային նշանակություն կունենան երկրի հետագա քաղաքական զարգացումների համար։
Չի բացառվում, որ հաջորդ տարի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, որոնց արդյունքները կարող են ուրվագծվել արդեն այսօրվա ՏԻՄ ընտրություններում։

Հիշեցնենք` 2011 թ.-ին միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ով իր կարողությունը ձեռք էր բերել Ռուսաստանում, հայտարարեց որ զբաղվելու է քաղաքականությամբ և հիմնադրեց «Վրացական երազանք» կուսակցությունը։
2012 թ.-ի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթեց։ Կուսակցությունը իշխանության մնաց նաև 2016 և 2020 թթ-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

2020 թ. հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր բոլոր կուսակցությունները՝ Մ․ Սաակաշվիլու հիմնադրած «Ազգային միացյալ շարժում» կուսակցության գլխավորությամբ, վիճարկեցին ընտրությունների արդյունքները, որոշեցին հրաժարվել մանդատներից և պահանջեցին անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանում սկսվեց քաղաքական ճգնաժամ, որը շարունակվում է մինչ օրս։

Այն հաղթահարելու համար քաղաքական ուժերն առաջարկում են հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացնել։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընտրությունների նախօրեին վերադարձել էր Վրաստան ու ձերբակալվել։

Նրա դեմ 13 քրեական գործ կա հարուցված, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված է ազատազրկման։




Լրահոս